Անկախ Հայաստանի բոլոր իշխանությունները ընդդիմության կողմից մեղադրվել են թալանի ու կոռուպցիայի մեջ։ Բացառություն չեն նաև գործող իշխանությունները։ Նրանք մեղադրվում են հանրության հաշվին հարստանալու ու կոռուպցիայի մեջ՝ ընդդիմության այն հատվածի կողմից, որը մինչև 2018-ի հեղափոխությունը իշխանություն է ունեցել ու շատերի կողմից մեղադրվել(ում) է թալանի մեջ։ Մասնավորապես՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը մատնանշում է զանազան կասկածելի ֆինանսական գործարքներ (մաքսանենգ ծխախոտի արտահանում, ադամանդագործություն, զենքի առքուվաճառք և պետական գնումներ), որոնց մեջ, ըստ նրա, ներգրավված են Նիկոլ Փաշինյանի ընտանիքն ու շրջապատը։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի ընտանիքը ևս մեղադրվում է հանրության հաշվին հարստանալու մեջ, վերջերս հրապարակված հարցազրույցում պնդել է, թե հեղափոխությունից հետո կոռուպցիայի ձևն է միայն փոխվել։
Միքայել Մինասյանի պատումների «փաստական» տվյալները մեծամասամբ հերքվել են[1]։ Այդ հերքված տվյալները, սակայն, Մինասյանը ներկայացնում է որոշ ճշմարտանման դրույթների հետ կապակցված։ Այս է պատճառը, որ այդ հերքված տվյալները ոմանց կարող է հավաստի թվալ։ Այդ պատճառով էլ շատ կարևոր է ոչ միայն Մինասյանի ներկայացրած «փաստական» տվյալների հերքումը (ինչը հաջողությամբ արվում է), այլև նրա ներկայացրած կիսաճշմարտությունների վերհանումը (ինչը չի արվում)։ Այս հոդվածի նպատակը այդ բացը լրացնելն է` կիսաճշմարտություններն ու կեղծ նույնացումները մատնանշելը։ Կիսաճշմարտությունը պնդում է, որի մի մասը ճշմարտություն է, իսկ մյուս մասը՝ կեղծիք, և որը արվում է միտումնավոր՝ ինչ-որ մեկին մոլորության մատնելու համար։ Կիսաճշմարտությունը, ի թիվս այլ բաների, վատ փաստարկից տարբերվում է նրանով, որ վերջինս մոլորեցնելու դիտավորություն չունի։ Կեղծ նույնացումը համեմատություն է, որը ենթադրում է, որ եթե մի կամ մի քանի հատկանիշներով երկու բան իրար նման են, ուրեմն պարտադիր է, որ մի շարք այլ առումներով ևս դրանք իրար նման լինեն։ Կեղծ նույնացում է, օրինակ, այն պնդումը, թե եթե և՛ կաշառքը, և՛ պարգևավճարը պետական պաշտոնյաների համար եկամտի աղբյուր են, ուրեմն և՛ կաշառքը, և՛ պարգևավճարը կուռուպցիայի դրսևորում են։
Թալանելու մեղադրանքը
Մինասյանը ցույց է տալիս թղթեր, որոնք, ըստ նրա, ապացուցում են, որ Փաշինյանը և նրա շրջապատը, կասկածելի գործարքներ կնքելով, հարստանում են։ Բացի դրանից, ըստ Մինասյանի, Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամին խոշոր գործարարները պարտավորված են «մուծվել», իսկ ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաները բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում․ մի բան, որ նախկինում չէր արվում։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը, ըստ Մինասյանի, բացի կասկածելի գործարքներից, հարստանում են նաև հրապարակային և անթաքույց՝ բարձր աշխատավարձերի, պարգևավճարների, Աննա Հակոբյանի հիմնադրամի ու նմանատիպ այլ միջոցներով։
«Ակնհայտ բյուջեից գողություն» անելու մեջ գործող իշխանություններին մեղադրում է նաև Ռոբերտ Քոչարյանը՝ մատնանշելով պետական պաշտոնյաների բարձր պարգևավճարները, որոնք, իր ասելով, օրենքով նախատեսված չեն։ «Կոռուպցիայի ձևն է փոխվել։ Պարզվել է, որ պետք չի բյուջեից գողանալու համար ինչ-որ սխեմաներ մտածել՝ բարդ սխեմաներ։ Կարելի է ուղղակի շատ հանգիստ, պարգևավճարի ձևով բյուջեն մսխել»,- ասել է Քոչարյանը։ Կարճ ասած՝ և՛ Մինասյանը, և՛ Քոչարյանը պնդում են, թե Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը, օգտագործելով իշխանությունը, հրապարակայնորեն հարստանում են։
Մոլորեցնող նույնացումները
Մինասյանի ու Քոչարյանի այս պնդումներում, բացի փաստական ճիշտ կամ սխալ տվյալներից (որին անդրադարձ եղել է[2]) կան ինչպես հեշտ հերքվող ու սխալ դրույթներ, այնպես էլ՝ ճշմարտանման թեզեր։ Հեշտ հերքվող դրույթներից մեկն այն է, թե տարբերություն չկա՝ պետական պաշտոնյաները բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, թե կոռուպցիայի մեջ են ներգրավված։ Կոռուպցիայի ու (բարձր) պարգևավճարի միջև տասնյակ էական տարբերություններ կան, որոնցից երկուսին հակիրճ կանդրադառնամ այստեղ։
Առաջին՝ կոռուպցիայի դեպքում հանրությունը չի տեսնում եկամուտների հոսքերը և հետևաբար չի կարող դրանց վերաբերյալ որոշումներ կայացնել։ Պարգևավճարների ու բարձր աշխատավարձերի դեպքում, նույնիսկ եթե դրանց մի մասը օրենքով նախատեսված կամ կարգավորված չէ, հանրությունը տեսնում է, թե ինչպես են ծախսվում հանրային եկամուտները և կարող է այդ հարցում որոշակի փոփոխություններ կատարել։ Օրինակ՝ հանրությունը կարող է պահանջել իշխանություններից բարձրաստիճան պաշտոնյաների ու երկրի նվազագույն և միջին եկամուտների միջև արդարացի հարաբերակցություն սահմանել։ Կուռուպցիայի դեպքում նման պահանջն անգամ անհնար է․ հաճախ «թղթերով ամեն ինչ կարգին է» և հանրությունը չգիտի բարձրաստիճան պաշտոնյաների իրական եկամուտների չափը։ Նմանապես՝ բյուջեի փողերը «բարդ սխեմաներով» յուրացնելը (օրինակ՝ երբ դպրոցների վերանորոգման համար փողեր են դուրս գրվում բյուջեից, բայց փաստացի դպրոցները չեն վերանորոգվում) չի կարող համեմատվել բարձր պարգևավճարների հետ։ Առաջինի դեպքում ոչ միայն չի կարող լինել հանրային վերահսկողություն, այլև կաթվածահար են լինում պետական ինստիտուտները (քանի որ պետության որոշումները, փաստացի, չեն կատարվում)։
Երկրորդ՝ պաշտոնյաները կոռուպցիոն գործարքների մեջ են ներգրավվում՝ ինչ-ինչ բաներ անելու համար, հաճախ՝ այնպիսի բաներ, որոնք օրենսդրությամբ (լավ) կարգավորված չեն կամ նույնիսկ անօրինական են։ Պարգևավճարները, դրան հակառակ, ենթադրվում է, որ պետք է տրվեն օրենսդրության ու կարգավորումների թերությունները բացահայտելու ու վերացնելու համար, որպեսզի պետական ինստիտուտները կայանան ու ավելի արդյունավետ գործեն։ Գործող իշխանությունների տված պարգևավճարների զգալի մասը, սակայն, ֆիքսված է, ուստի բնույթով ավելի շատ աշխատավարձ կամ աշխատավարձի հավելում է, քան թե լավ կատարված աշխատանքի դիմաց պարգևատրում։ Պաշտոնյաների աշխատավարձերը օրենսդրությամբ բարձրացնելու փոխարեն պարգևավճարների տեսքով այն բարձրացնելը իշխանությունները բացատրում են նրանով, որ ԱԺ-ն դեռևս չի հասցրել քննարկել համապատասխան օրենքները։ Այդ օրենսդրական փոփոխություններն ու պաշտոնյաների աշխատավարձերի ադեկվատ գործակիցներ սահմանելը, ըստ իշխանությունների, նաև որոշակի դժվարությունների հետ է կապված։ Այդ պատճառով էլ, աշխատավարձերի բարձրացման փոխարեն, որպես միջանկյալ լուծում, ընդունվել է ֆիքսված պարգևավճարներ տալը։ Այս պարագայում բարձր պարգևավճարները կոռուպցիա համարելը նույնն է, ինչ պաշտոնյաների բարձր աշխատավարձ ստանալը կոռուպցիա համարելը։ Իրականում գործ ունենք շատ տարբեր երևույթների հետ, եթե անգամ պաշտոնյաների աշխատավարձի չափը անարդար համարենք։
Չի բացառվում, իհարկե, որ գործող իշխանությունների կողմից տրված որոշ չֆիքսված պարգևավճարներ անարդարացի են կամ, օրինակի համար, բաշխված են ըստ ինչ-ինչ լոյալությունների։ Դա, դարձյալ, չի նշանակում, թե այդ անընդունելի պարգևավճարները հանրային հարստության մսխում են ճիշտ այնպես, ինչպես կոռուպցիան է։ Կոռուպցիայի հասցրած հանրային վնասն անհամեմատելի է պարգևավճարների հետ, ինչքան էլ որ այդ պարգևավճարները անընդունելի լինեն։
Մյուս մոլորեցնող նույնացումը վերաբերում է Աննա Հակոբյանի հիմնադրամը՝ որպես գործարարների համար «մուծվելու» պատրադրանք ու Փաշինյանի ընտանիքի հարստացման համար միջոց դիտարկելուն։ Նախ՝ չկա որևէ հիմնավոր տեղեկություն այն մասին, որ ոմանց պարտադրվել է այդ հիմնադրամին գումարներ փոխանցել։ Երկրորդ՝ հանրությունը կարող է պահանջել ու հասնել նրան, որ տեսնի, թե կոնկրետ ովքեր ինչ գումարներ են փոխանցում այդ հիմնադրամին և թե ինչպես են այդ գումարները ծախսվում (ներառյալ՝ աշխատավարձերը)։ Կարելի է նաև գնահատել, թե հիմնադրամին մեծ չափի գումարներ փոխանցողները արդյո՞ք առանձնահատուկ վերաբերմունքի են արժանանում վարչապետի կամ իշխանությունների կողմից, թե՞ ոչ։ Կարճ ասած՝ և՛ պարգևավճարների, և՛ հիմնադրամի դեպքում գործ ունենք հրապարակային երևույթների հետ (ի տարբերություն կոռուպցիայի ու իշխանություն-բիզնես ստվերային բնույթի հարաբերությունների)։ Իսկ հրապարակայնությունը հնարավորություն է տալիս ԶԼՄ-ներին, քաղաքացիական հասարակությանը ու հանրությանը տեսնել ու վերահսկել իշխանությունների ու նրանց շրջապատի եկամուտներն ու գնահատել դրանք:
Ճշմարտանման հիմքերը
Թեև Մինասյանի կողմից գործող իշխանություններին ուղղված թալանելու մեղադրանքը, ամբողջության մեջ, հիմնավորված չէ, այդ մեղադրանքը պարունակում է նաև իշխանության ու հարստության առնչությունների մասին որոշ ճշմարտանման դրույթներ։ Օրինակ՝ հեղափոխությամբ Հայաստանում իշխանության եկած որոշ բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտները էականորեն ավելացել են։ Բայց եթե նույնիսկ համարվի, որ նրանք արժանի չէին նման ավելացումների, դա դեռ չի նշանակում, թե այդ պաշտոնյաներն իրենց իշխանությունն օգտագործում են հարստանալու համար։ Իշխանության օգտագործմամբ հարստանալու դրսևորում է, օրինակ, կոռուպցիան, կամ երբ որ իշխանավորները կայացնում են որոշումներ, որից իրենք ֆինանսապես շահում են (բացի աշխատավարձից ու պարգևավճարներից)։
Մյուս ճշմարտանման դրույթը բնորոշ է բոլոր պետություններին, այդ թվում՝ դեմոկրատական։ Ժամանակակից աշխարհում կառավարության գործունեությունը էականորեն ազդում է խոշոր ֆինանսական հոսքերի վրա, առնվազն՝ այն պատճառով, որ կառավարությունները իրականացնում են հարկային քաղաքականություն ու ամենախոշոր գնումներ կատարող տնտեսվարողներից են։ Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, տեսնելով թե ինչքան կարևոր են իրենց որոշումները եկամուտների հոսքերի, հարստության բաշխման ու վերաբաշխման հարցերում, գայթակղություն ունեն գնալու կոռուպցիան գործարքների, կամ էլ՝ այնպես աշխատել, որ իրենց ընտանիքի անդամներն ու շրջապատը, ուղղակի կամ անուղղակի պետական պատվերներ ստանալով, հարստանան։ Ոչ մի իշխանություն ապահովագրված չէ նրանից, որ առանձին պաշտոնյաներ կտրվեն նման գայթակղությունների։ Կարևոր է, սակայն, որ նման պաշտոնյաները բացահայտվեն ու պատասխանատվության ենթարկվեն, ինչպես, օրինակ, Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի դեպքում էր։ Ի դեպ, ի տարբերություն առանձին պաշտոնյաների վերաբերող դեպքերի, մինչհեղափոխական իշխանությունները մեղադրվում էին համակարգային կոռուպցիայի ու հովանավորչության մեջ, երբ որ պատժվում էին միայն այն կոռուպցիոներները, որոնք իրենց վերադասի «գլխից թռնում էին»։
Իշխանության ու բիզնեսի միջև բարդ առնչությունները է՛լ ավելի են խորանում այն պատճառով, որ կառավարությունները ներդրումներ ներգրավելու համար ստիպված են զանազան հարկային արտոնություններ տրամադրել խոշոր կապիտալին, հաճախ՝ ամեն ընկերության հետ առանձին-առանձին բանակցելով։ Այդ պատճառով էլ բարձրաստիճան պաշտոնյաներին կոռուպցիայի մեջ մեղադրելու առիթներ միշտ էլ կգտնվեն, այդ առիթների մի որոշ մասն էլ կարող են լինել բավականաչափ հիմնավորված։ Որպեսզի հանրությունը կարողանա այդ մեղադրանքների հիմնավորվածությունը ադեկվատ գնահատել, չափազանց կարևոր է, որ պետական գնումները, հարկային արտոնությունները և նմանատիպ այլ խնդիրները լուծվեն հնարավորինս թափանցիկ ու հրապարակային, օբյեկտիվ չափանիշների կիրառմամբ՝ փորձագիտական խմբերի, քաղաքացիական հասարակության ու հանրության տարբեր շերտերի հետ քննարկումներ իրականացնելով։ Շատ կարևոր է նաև բիզնեսի ու քաղաքականության տարանջատման գործուն մեխանիզմների առկայությունը։ Այնուամենայնիվ, նույնիսկ նման չափանիշների ու մեխանիզմների պահպանման դեպքում բարձրաստիճան որոշ պաշտոնյաների մեղադրելու հիմքեր կգտնվեն և դրան պետք է նորմալ վերաբերվել, եթե իրավապահ մարմինները քիչ թե շատ կարողանում են բացահայտել դրանք։ Ժամանակակից զարգացած աշխարհը դեռևս չի կարողանում իշխանության ու հարստության անցանկալի առնչությունների խնդիրը ամբողջությամբ լուծել։ Այս դժվարությունը, սակայն, չպետք է ցինիզմի հիմք դառնա ու ձևավորի համոզմունք, թե բոլոր կառավարություններն էլ նույնն են՝ բոլորն էլ հարստանում են իրենց իշխանության օգտագործմամբ (կամ թալանում են հանրությանը) ու այդ առումով ոչինչ անել հնարավոր չէ։
Այսպիսով՝ Միքայել Մինասյանի ու Ռոբերտ Քոչարյանի՝ կոռուպցիայի ու թալանի մասին վերոնշյալ մեղադրանքները՝ ուղղված գործող իշխանությանը, մոլորեցնող բնույթի դրույթներ են պարունակում։ Մասնավորապես՝ մանիպուլյատիվ է պարգևավճարներ կոռուպցիայի հետ նույնացնելը և, ընդհանրապես, կառավարող ուժին թալանի մեջ մեղադրելը։
Հրայր Մանուկյան
19/08/2020
[1] Ոստիկանության պարզաբանումը մաքսանենգ ծխախոտի մասով՝ այստեղ, ադամանդագործության մասով՝ այստեղ, դրան Մինասյանի հակադարձումը՝ այստեղ։ ՊՆ փոխնախարարի պարզաբանումը զենքի անօրինական առքուվաճառքի վերաբերյալ՝ այստեղ։ Զրպարտության համար Նիկոլ Փաշինյանի հարազատները դատի են տվել Միքայել Մինասյանին (այստեղ և այստեղ)։ «Հայկական Ժամանակ» օրաթերթի հերքումը, թե Մինասյանը իրենց տարիներով ֆինանսավորել է՝ այստեղ։ Մինասյանի պնդումների վերաբերյալ լրագրողական հրապարակումները՝ այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ։
[2] Տես՝ նախորդ տողատակը