ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՏԵՍՈՒՄԸ

...

Բաղադրություն

  • Դատողության սուբյեկտիվացում
  • Կեղծ պատճառահետևանքային կապի միջոցով սեփական տեսակետի «ճշմարտացիության» փաստում
  • Կեղծ հավասարարժեքության միջոցով սեփական տեսակետի «ճշմարտացիության» փաստում

 

Սույն թվականի oգոստոսի 17-ին կայացած հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջ քաշեց սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության թեզը. «Կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետեւյալը․ որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլեւ խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»:

ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրել է, որ մի շարք քաղաքական գործիչներ վարչապետի արտահայտած մտքի շուրջ հայտնել են որոշակի կարծիքներ, որոնք, ըստ էության, ունեցել են մանիպուլյատիվ բնույթ և խոչընդոտել են հարցի արդիականության և բովանդակության ճիշտ ընկալմանը:

Այդպիսի կարծիքներից առանձնացրել ենք ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի կարծիքները:

Էդուարդ Շարմազանովը պնդումHYPERLINK "https://www.azatutyun.am/a/29468882.html" HYPERLINK "https://www.azatutyun.am/a/29468882.html"է, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա, քանի որ դա Նիկոլ Փաշինյանի սուբյեկտիվ ընկալման արգասիքն է. «Նիկոլ Փաշինյանը եթե կարծում է, որ այժմ պետք է ինքնալուծարվի, Էդուարդ Շարմազանովն էլ կարծում է, որ Ազգային ժողովը չպետք է ինքնալուծարվի, որովհետև այս Սահմանադրությամբ (մեռնեմ օրենքին), Ազգային ժողովը ձևավորվել է օրենքով և Սահմանադրությամբ և չկա որևէ մասնագիտական, միջազգային կառույց, դատարանի որոշում, որ Ազգային ժողովի ընտրությունները եղել են անօրինական….

Հետևաբար, Փաշինյանի ցանկությունը Սահմանադրությունից վեր լինել չի կարող», - նշում է նա:

Իսկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի կարծիքով Խորհրդարանը կարող է ինքնալուծարվել միմիայն անգործունակության պատճառով.  «Ինչ վերաբերում է ինքնալուծարմանը՝ պետք է ասեմ, որ խորհրդարանն այսօր ունի առաջնային մանդատ, այսինքն, պատգամավորներն ընտրվում են ժողովրդի կողմից: Հետեւաբար, խորհրդարանն ունի պաշտպանվածության որոշակի մակարդակներ՝ ըստ սահմանադրական իրավունքի: Պառլամենտները, որպես կանոն, գնում են ցրման՝ անգործունակության պատճառով: Այսինքն, երբ պառլամենտը ունակ չէ կատարել իր ֆունկցիաները», - նշում է նա:

 

ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրել է, որ վարչապետ Փաշինյանի ներկայացրած միտքը և դրա հիմնավորումները, ըստ էության,  վերոնշյալ անձանց կողմից բովանդակային քննարկման չեն ենթարկվել: Քննարկումները շեղվել են խնդրո առարկա հարցի շրջանակներից և տեղափոխվել են ոչ առարկայական քննարկումների դաշտ: Այս նպատակին հասնելու համար օգտագործվել են հետեւյալ մանիպուլյատիվ հնարքները. դատողությունը սուբյեկտիվացնելը, կեղծ պատճառահետևանքային կապի միջոցով սեփական տեսակետի «ճշմարտացիությունը» փաստելը, կեղծ հավասարարժեքության միջոցով սեփական տեսակետի «ճշմարտացիությունը» փաստելը:

 

 

Մեր հիմնավորումները

 

Էդուարդ Շարմազանովը «սուբյեկտիվացնում» է վարչապետի կողմից ներկայացված թեզը: Այն է՝ փորձում է ցույց տալ, որ այդ թեզը գտնվում է ճաշակների, սուբյեկտիվ ընկալումների տիրույթում եւ, ըստ էության, չունի օբյեկտիվ անհրաժեշտ բնույթ: Այս առումով, արժանահիշատակ է Էդուարդ Շարմազանովի հետևյալ միտքը. «Նիկոլ Փաշինյանը եթե կարծում է, որ այժմ պետք է ինքնալուծարվի, Էդուարդ Շարմազանովն էլ կարծում է, որ Ազգային ժողովը չպետք է ինքնալուծարվի»: Էդուարդ Շարմազանովը չի անդրադառնում այն հարցերին, թե՝ արդյո՞ք կա սահմանադրական փոփոխությունների օբյեկտիվ անհրաժեշտություն, արդյո՞ք առաջացել է օբյեկտիվ բնույթի հանրային-իրավական այնպիսի փաստացի հարաբերություն, ինչի սահմանադրական ամրագրումը ներկա քաղաքական իրողությունների պայմաններում հրատապություն է: Չի անդրադառնում նաև այն հարցին, թե՝ արդյո՞ք առկա է այնպիսի հանրային իրավական շահ, որը գործնականորեն հնարավոր կլինի բավարարել միմիայն սահմանադրական փոփոխությունների գնալու ճանապարհով:  Փաստորեն, Էդուարդ Շարմազանովը վարչապետի փաստարկը աձնավորելով, դարձնելով սուբյեկտիվ արժևորումների, ճաշակների մրցակցության խնդիր, փորձում է ցույց տալ, թե, իբր, վերջինս բովանդակային քննարկման որևիցե հարց իր մեջ չի պարունակում:

Ավելին, փորձելով ապացուցել, որ վարչապետ Փաշինյանի առաջ բերած թեզը իռելեվանտ է, նա եզրակացության է հանգում. քանի որ ԱԺ ընտրությունները եղել են ձևականորեն օրինական, ապա ԱԺ-ն չպետք է ինքնալուծարվի: Վերջինս այս փաստարկով «պատճառահետևանքային կապ» է հաղորդում այնպիսի հարաբերության, որտեղ նման կապն ակնհայտորեն բացակայում է:

ԴԵՏԵԿՏՈՐԸ պնդում է, որ չի կարող լինել անհրաժեշտ և բավարար բնույթի պատճառահետևանքային կապ՝  «սահմանադրական փոփոխությունների օբյեկտիվ հանրային անհրաժեշտության» և «ընտրությունների օրինական կազմակերպման ու անցկացման իմպերատիվի» միջև,  քանի որ սխալ կլինի պնդել՝ եթե առկա է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն, ուրեմն՝ ընտրություններն ապօրինի են անցակցվել, և սխալ կլինի պնդել հակառակը՝ եթե ընտրություններն օրինական են անցկացվել, ապա՝ չկա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն: Այսպիսով, Շարմազանովի այս թեզերն ակնհայտ մանիպուլյատիվ են և միմյանց հետ պատճառահետևանքային որևէ կապով կապված չեն: Եթե իրերի վիճակն այդպիսին լիներ, ապա ոչ մի դեմոկրատական պետությունում սահմանադրություն չպետք է փոփոխվեր: Մինչդեռ պատկերը տրամագծորեն այլ է Էդուարդ Շարմազանովի պատկերացրածից:

ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրում է, որ Էդուարդ Շարմազանովը վարչապետի առաջ քաշած թեզը բովանդակային քննարկման տիրույթից դուրս է բերում և (կամ) շեղում է քննարկումն առարկայական տիրույթից՝ ունենալով մանիպուլյատիվ նպատակներ, որոնց իրականացման համար օգտագործվում են՝ դատողությունը սուբյեկտիվացնելու, կեղծ պատճառահետևանքային կապի միջոցով սեփական տեսակետի «ճշմարտացիությունը» փաստելու հնարքները:

Քննարկման առարկայի բովանդակային շեղում է տեղի ունենում նաև Գևորգ Կոստանյանի խոսքի պարագայում: Գևորգ Կոստանյանը պնդում է, որ խորհրդարանն ունի առաջնային մանդատ, ինչը ենթադրում է, որ խորհրդարանը որոշակի պաշտպանվածության մակարդակներ ունի: Ապա ավելացնում՝ պառլամենտները, որպես կանոն, գնում են ցրման՝ անգործունակության պատճառով, այսինքն, երբ պառլամենտը ունակ չէ կատարել իր ֆունկցիաները:

Այլ հավասար պայմաններում Գևորգ Կոստանյանի առաջ քաշած թեզը կլիներ ճշմարտացի: Բայց սույն դեպքում Գևորգ Կոստանյանի պնդումները խիստ խնդրահարույց են,  քանի որ վերջինս հավասարարժեքության նշան է դնում «Խորհրդարանի առաջնային մանդատով ընտրված լինելու, սահմանադրաիրավական  պաշտպանվածության մակարդակներ ունենալու» և «հետհեղափոխական իրականության մեջ առաջացած հանրային-իրավական բնույթ կրող փաստացի հարաբերությունների ձևայնացման (ամրագրման)» միջև:

Խորհրդարանի՝ առաջնային մանդատով օժտված լինելը, ըստ էության, տվյալ պետության հանրային դեմոկրատական ինստիտուտների գոյության երաշխիքներից է: Եվ այս առումով, անշուշտ, խորհրդարանի ինքնալուծարումը այլ հավասար պայմաններում պետք է համահունչ լինի սույն տրամաբանությանը: Սակայն, եթե պետության մեջ տեղի է ունենում հեղափոխություն կամ նմանատիպ այնպիսի մի դինամիկ զարգացում, ինչը, ipso facto (փաստի ուժով) հանրային լայն շրջանակների մոտ կասկածի տակ է դնում հանրային դեմոկրատական ինստիտուտների՝ տվյալ տեսքով գործունեության արդյունավետությունը, ապա այստեղ գործ ունենք մեկ այլ՝  առավել ծանրակշիռ հանրային շահի հետ, ինչի չբավարարումն ուղղակի վտանգ կարող է հանդիսանալ ոչ միայն հանրային դեմոկրատիային, այլև՝ ամբողջ իրավակարգի իրավաբանական անվտանգությանը և կայունությանը: Նմանօրինակ վտանգներից են, ինչպես վարչապետ Փաշինյանի հեղափոխական կառավարության կողմից ներկայացվող տարաբնույթ օրենսդրական նախաձեռնությունները չընդունելը, այնպես էլ՝  արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակով Փաշինյանի  հրաժարականի պայմաններում (ՀՀ սահմանադրության 149-րդ հոդված)՝ նոր, ոչ-հեղափոխական վարչապետի ընտրվելը և այլ նմանատիպ բնույթ ունեցող վտանգներ:

Ուստի, փաստացի առկա է այնպիսի հանրային օբյեկտիվ շահ, որի բավարարումն ունի գործնական անհրաժեշտություն և հրատապություն՝ ամբողջ իրավակարգի իրավաբանական անվտանգության և կայունության համար: Եվ,  չֆիքսել սա, կնշանակի կեղծ հավասարարժեքության նշան դնել երկու՝ միմյանցից գերակայությամբ տարբերվող իրավական արժեքների միջև:

ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրում է, որ Գևորգ Կոստանյանի փաստարկն ունի մանիպուլյատիվ բնույթ, քանի որ արհամարհում է վերը նշված սոցիոքաղաքական և իրավական իրողությունները, ինչը, բնականաբար, խոչընդոտում է վարչապետի առաջ քաշված թեզի արդյունավետ արժևորմանն ու իմաստավորմանը:

 

Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան
            19.09.2018