Հունվարի 19-ին լրատվամիջոցներից մեկը տպագրեց հոդված՝«ՊԵԿ-ի աստղաբաշխական պարգևատրումները» վերտառությամբ։ Այդ հոդվածի համաձայն՝ ՊԵԿ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել էին խոշոր գումարներով. օրինակ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պարգևատրվել էր 8 մլն 55 000, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 9 մլն. 60 000, ՊԵԿ նախագահի տեղակալը՝ 6 մլն 6000 դրամով և այլն։
Նույն օրը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, «լրատվամիջոցներից մեկին տված պարզաբանբան մեջ հայտարարել է, որ այդպիսի պարգևատրումներ իրենց մոտ չկան. «Դեկտեմբերին վճարվել են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, հավելավճարները և պարգևատրումները, որոնց հանրագումարը կարող է այդքան կազմել»։
ԴԵՏԵԿՏՈՐԸ սույն պարզաբանման մեջ հայտնաբերել է ՊԵԿ նախագահի կողմից կիրառված հետևյալ մանիպուլյատիվ հնարքը. իրար կողք շարելով «աշխատավարձ», «հավելավճար» և «պարգևատրում» հասկացույթները, նա ցանկացել է ձևավորել թյուր կարծիք, իբր, ստացված գումարի առյուծի բաժինն ամենևին էլ պարգևատրումից կազմված չի եղել։ Իրականում, պարոն Անանյանը կեղծ տեղեկատվություն չի հայտնել. նշված գումարը հենց վերոնշյալ երեք բաղադրիչների հանրագումարն է: Սակայն, քանի որ վերջինիս գերակշռող մասը, իրոք, պարգևատրումն է՝ ստացվում է, որ Անանյանն իր մեկնաբանությունում խուսափել է բուն ճշմարտությունը ներկայացնելուց:
Մեր հիմնավորումները
Օրենքով սահմանված հաշվարկման մեթոդներով պարզենք, թե որքան են կազմում ՊԵԿ նախագահի կողմից նշված երկու աշխատավարձերը և «հավելավճարը»։ Այդ հաշվարկի իրականացման համար որպես հիմնական միավոր ընդունենք հոդվածում նշված՝ ՊԵԿ նախագահի ստացած 8 մլն 55 000 դրամը (այս մեթոդաբանությունը կիրառելի է նաև ՊԵԿ մյուս աշխատակիցների պարագայում)։
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013թ․ ընդունված ՀՀ օրենքի համաձայն՝ պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի և գործակցի արտադրյալով (վերջինս սահմանված է հիշյալ օրենքի հավելվածներով)։ Բազային աշխատավարձի չափը ՀՀ-ում կազմում է 66․140 ՀՀ դրամ, իսկ ՊԵԿ նախագահի համար սահմանված գործակիցը 12 է։ Ուստի՝ ՊԵԿ նախագահի աշխատավարձը կազմում է 793. 630 ՀՀ դրամ:
Նույն օրենքի համաձայն՝ լրացուցիչ աշխատավարձը կազմված է հավելավճարից և հավելումից, իսկ 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը»։
Եթե ՊԵԿ նախագահի մեկ ամսվա աշխատավարձին՝ 793. 630 դրամին, գումարենք օրենքով սահմանված առավելագույն՝ 30 տոկոս լրացուցիչ աշխատավարձի չափը, որը տվյալ դեպքում կկազմի 237․900 ՀՀ դրամ, ապա կստանանք ընդամենը 1 մլն 030․900 ՀՀ դրամ։ Այսինքն՝ ՊԵԿ նախագահը աշխատվարձի ու լրացուցիչ աշխատավարձի հետ միասին առավելագույնը պետք է ստանար 1մլն 030․900 ՀՀ դրամ գումար։ Սրան էլ եթե գումարենք ՊԵԿ նախագահի՝ մեկ այլ ամսվա աշխատվարձ, կստանանք 1 մլն 824․530 ՀՀ դրամ։ Փաստորեն, 8 մլն 55 000 դրամի մնացյալ գումարը՝ 6մլն 726․000-ը, ՊԵԿ նախագահը ստացել է որպես «պարգևավճար»։
«Պետական պաշտոններ եվ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի իմաստով՝ «պարգևատրումը» միանվագ վճար է, որը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար։ Իսկ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից, աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից»։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ ՊԵԿ նախագահի պնդումը, թե ՊԵԿ աշխատողների ստացած գումարները երկու «աշխատավարձի», «հավելավճարի» և «պարգևավճարի» հանրագումարն է՝ ճշմարիտ լինելով հանդերձ, մանիպուլյատիվ է, քանի որ, ինչպես պարզեցինք՝ 6մլն 726․000 ՀՀ դրամը, որը կազմում է իր ստացած 8 մլն 55 000 ՀՀ դրամ գումարի առյուծի բաժինը՝ պարգևավճար է: Այսինքն՝ առկա է մեծ չափի պարգևավճարի փաստ, ինչը ՊԵԿ նախագահը պարզապես «չի նկատել»։
Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան
30-01-2019