Տեղեկատվական պատերազմները ժամանակակից ռազմական ուժի բախումներով ուղեկցվող պատերազմների անքակտելի ու կարևոր բաղկացուցիչն են։ Այդուհանդերձ, ըստ բելգիացի պատմաբան Էնի Մորելիի, եթե ռազմական պատերազմներում առնվազն վերջին մեկուկես հարյուրամյակում մարտավարական նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել, ապա տեղեկատվության ոլորտում պատերազմ վարելու սկզբունքները որոշակի կայունություն են դրսևորում։ Մորելին, հիմնվելով պատերազմների ժամանակ քարոզչության կազմակերպման վերաբերյալ բրիտանացի քաղաքագետ Ա․ Փոնսոնբիի՝ «Սուտը պատերազմի ժամանակ» աշխատության և իր ուսումնասիրությունների վրա, առանձնացրել է քարոզչական 10 հնարքներ («Պատերազմական քարոզչության հիմնական սկզբունքները»[i]), որոնք հանդես են գալիս իբրև քարոզչության կայուն փոփոխականներ։ 2020թ․սեպտեմբերի 27-ին ԼՂՀ և ՀՀ դեմ սանձազերծած պատերազմում Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող քարոզչության վերլուծությունը նույնպես վկայում է վերոհիշյալ 10 սկզբունքների կենսունակության մասին։
Սկիզբը՝ նախորդ հրապարակման մեջ
Սկզբունք 6․ Թշնամին կիրառում է արգելված զենք
Հնարքն ուղղված է արտաքին լսարանին և ինչպես վերը նշված հնարքների մեծ մասի պարագայում՝ նպատակ է հետապնդում հակառակորդի դեմ տրամադրել միջազգային հանրությունը և ստանալ որոշակի աջակցություն՝ իր իսկ կողմից սանձազերծած պատերազմը հաջողությամբ ավարտին հասցնելու համար։ Այս հնարքը կարող է ներառել ոչ միայն արգելված զենք օգտագործելու մասին մեղադրանքներ, այլև պատերազմական իրավիճակում՝ միջազգային պայմանագրերով դատապարտման արժանի ցանկացած մեղադրանք։ Օրինակ, ռազմական գործողությունների առաջնագծում վարձու ահաբեկչական խմբերի օգտագործումը։ Այդ առումով պատերազմ սանձազերծելուց դեռ մեկ շաբաթ առաջ թուրքական և ադրբեջանական զլմները հաղորդումներ տարածեցին այն մասին՝ թե իբր Հայաստան են բերվել քուրդ զինյալներ, որոնք կռվելու են Լեռնային Ղարաբաղում։ Սա մի հնարք է, որը Ադրբեջանը հրամցնում է միջազգային հանրությանը դեռ վաղ 2000-ականներից։
Իրականում, սակայն Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Ադրբեջանն ինքն է օգտագործում սիրիական վարձկան ահաբեկիչներին, որոնք, համաձայն միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների (1, 2, 3)՝ հավաքագրել են Թուրքիայի իշխանությունները և տեղափոխել Ադրբեջան։ Դրա մասին հայտարարությամբ հանդես եկավ նաև Ֆրանսիայի նախագահ Է․ Մաքրոնը։ Իսլամական ահաբեկիչների ծառայություններից օգտվելը ադրբեջանական իշխանությունների համար նոր պրակտիկա չէ։ Արցախի և Հայաստանի դեմ 1992-1994թթ․ սանձազերծված պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմում կռվում էին հազարավոր մոջահեդներ։
Ժամանակ առ ժամանակ ադրբեջանական կողմը հանդես է գալիս նաև հայկական զինված ուժերի կողմից մեծ հզորության զենքեր օգտագործելու մեղադրանքներով։ Օրինակ, սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի ՊՆ-ը հաղորդագրություն տարածեց «Տոչկա Ու» հրթիռային համալիր օգտագործելու մասին։ Սակայն ՀՀ ՊՆ-ը հայտարարեց, որ դա ապատեղեկատվություն է, իսկ «Փաստերի ստուգման հարթակը» բացահայտեց, որ ադրբեջանական կողմը շփոթել է «Տոչկա ՈՒ»-ի հրթիռը «Սմերչի» հրթիռի հետ, որից հետո ադրբեջանական լրատվամիջոցները իրենց էջերից հեռացրեցին ապատեղեկատվությունը։ Բացառված չէ նաև, որ այդ ապատեղեկատվության տարածման պատճառներից մեկը նախօրեին (սեպտեմբերի 29-ին) ՀՀ Վարդենիսի շրջանի բնակավայրերի ռմբակոծության ժամանակ թուրքական Ֆ-16 կործանիչի օգտագործման փաստը ստվերելն է, որը մեծ արձագանք գտավ օտարալեզու լրատվամիջոցներում (1, 2, 3, 4) :
Սկզբունք 7․ Մեր կորուստներն աննշան են, թշնամունը՝ զգալի
Հնարքի հիմնական հասցեատերերը ներքին և հակառակորդ կողմի լսարաններն են։ Առաջին դեպքում նպատակ է հետապնդվում բարձրացնել սեփական ժողովրդի ոգևորությունը և պահեստազորի նոր համալրումներ ստանալ, ինչպես նաև մեղմացնել մարդկային, տեխնիկական և նյութական կորուստների պատճառով ձևավորվող խուճապը։ Երկրորդ պարագայում հնարքի կիրառումը նպատակ ունի խուճապ տարածել հակառակորդ կողմի բնակչության մեջ և այդպիսով հարուցել հանձնվողական և հակաիշխանական տրամադրություններ, պառակտել իշխանության և հասարակության միասնականությունը։ Դրա համար պատերազմ սանձազերծող կողմը դիմում է տարբեր կեղծիքների՝ ուռճացնելով հակառակորդի ունեցած զոհերի և վիրավորների, տարածքային կորուստների, կորսված կամ շարքից հանված ռազմական տեխնիկային վերաբերող տվյալները։
Պատերազմը սկսելու հաջորդ իսկ օրը ադրբեջանական մամուլը տեղեկություններ տարածեց 550 հայ զինվորների սպանության մասին։ Ինչպես նաև հայտարարվեց, որ հայկական կողմը կորցրել է 18 տանկ, 15 ՕՍԱ զենիթային համալիր, 18 անօդաչու սարք, 8 հրետանային համակարգ և 3 զինապահեստ։ Իսկ իր մարդկային կորուստները ներկայացրեց ընդամենը 5 հոգի և 19-ը վիրավոր՝ քաղաքացիների շրջանում։ Եվ սա այն պարագայում, երբ հարձակվող կողմը Ադրբեջանն էր, իսկ հայկական զինված ուժերը պատրաստված լինելով նրա գրոհներին՝ առաջին օրերին ընդամենը դիմադրություն էր ցույց տալիս և հետ մղում հակառակորդի գրոհները։ Ադրբեջանական կողմը հայերի մարդկային կորուստների մասին ստահոդ լուրերը հիմնավորելու նպատակով նույնիսկ «զոհված» զինվորների լուսանկարներ տարածեց, որոնց կեղծ լինելը արագորեն բացահայտվեց «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» կողմից։
Պատերազմ սանձազերծելու առաջին իսկ օրը ադրբեջանական լրատվամիջոցները շտապեցին հայտարարել հայկական 6 բնակավայրեր գրավելու մասին, ինչը մերժվեց և սադրանք որակվեց ԼՂՀ զինված ուժերի կողմից։ Այդուհետ նույն լրատվամիջոցները կեղծիք տարածեցին Մարտակերտի կայազորի շրջափակման մասին, ինչը նույնպես հերքվեց։ Հաջորդ կեղծիքը նույն օրը երեկոյան՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղին ադրբեջանական զորքերի կողմից վերահսկողության տակ վերցնելու մասին էր, որը ևս արժանացավ հերքման։
Հայկական կողմի զոհերի, տարածքների և տեխնիկական կորուստների մասին ապատեղեկատվությունը շարունակվեց նաև հաջորդ օրերին և ներկայում նույնպես շարունակվում է։ Ամենավերջին կեղծիքներից մեկը, որ տարածեցին ադրբեջանական լրատվամիջոցները՝ 02․10․2020թ․ հայկական վաշտերից մեկի մարտական դրոշը «գրավելու» մասին է։ Բնականաբար, Հայկական կողմը նույնպես պարբերաբար տեղեկացնում է հակառակորդի կորուստների մասին։ Բայց, ի տարբերություն հակառակորդի, զոհերի վերաբերյալ թվերը մեծ զգուշությամբ են նշվում և հաճախ ուղեկցվում են՝ «ճշտման կարիք կա» կամ «մոտավոր այսքան թվով զոհեր» արտահայտություններով։ Որովհետև մարդկային կյանքերին վերաբերելուց բացի, խոսքը ընթացող ռազմական ինտեսիվ գործողությունների մասին է, որի պայմաններում հնարավոր չէ ճշգրտությամբ հաշվառել ինչպես սեփական, այնպես էլ հակառակորդի տված մարդկային կորուստների թիվը։
Սկզբունք 8․ Արվեստագետներն ու մտավորականները պաշտպանում են մեր գործը
Արվեստագետներն ու մտավորականները սովորաբար իշխանությունների ամենասկզբունքային քննադատներն են։ Մյուս կողմից նրանք ավելի մեծ հեղինակություն են վայելում հանրության մեջ քան իշխանությունները։ Հետևապես, պատերազմական իրավիճակում գործող իշխանությանը նրանց կողմից ցուցաբերած աջակցությունը երաշխավորում է նրանց համակիրների աջակցությունը իշխանությանը և այդպիսով՝ վերջինիս պատերազմելու մասին որոշմանը։ Այդ առումով պատահական չէ, որ պատերազմ սանձազերծելու հենց առաջին օրը ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվեց ադրբեջանցի ժողովրդին ուղղված՝ մշակույթի գործիչների կոչը, որում հորդորվում էր «ավելի շատ համախմբվել Գերագույն Գլխավոր հրամանատարի» և Ադրբեջանի «փառապանծ բանակի շուրջը»: Կոչի տակ, ինչպես և ակնկալվում էր՝ ներկայացվել էր այն ստորագրած մշակույթի գործիչների և մտավորականների մի մեծ ցանկ, որոնց մի մասի իսկությունը համացանցում պարզելն անհնար է։
Բացի վերոհիշյալ կոչից, 01․10․2020թ․ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվեց մեկ այլ տեղեկատվություն, որում խոսվում էր արտասահմանի հասարակական-քաղաքական գործիչների կողմից Ադրբեջանին աջակցելու մասին։ Այս դեպքում սակայն, ցուցակն ավելի համեստ տեսք ուներ։ Վերնագրի տակ հիշատակված էր ընդամենը 4 օտարերկրացու անուն, որոնցից մեկը՝ պակիստանցի։ Վերջիններիս հայտարարությունները ծայրահեղ փոքրածավալ էին և տեղադրվել էին առանց աղբյուրները հղելու։ Այսինքն ադրբեջանական լրատվամիջոցները հաշվարկել են հրապարակման գլխագրի մանիպուլյատիվ էֆեկտը։
Սկզբունք 9․ Մեր առաքելությունը սրբազան է
Պատերազմող կողմերը սովորաբար հղում են աստծո կամքը։ Այսինքն պատերազմում են ոչ թե իրենց, այլ՝ աստծո կամոք։ Այդ պատճառով չպատերազմելու տարբերակ չկա։ Այդ պատճառով նաև պատերազմները հաճախ հայտարարվում են սրբազան։ Սա գլխավորապես ներքին օգտագործման հնարք է։ Ադրբեջանի պարագայում սակայն պատերազմի սրբազան լինելու քարոզչությունը տարվում է ոչ թե նախագահ Ի․ Ալիևի, այլ ադրբեջանական ժողովրդի անունից։ Ի մասնավորի՝ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվում են Ալիևին «հասցեագրված» «բազմաթիվ» քաղաքացիների նամակներ, որոնցում հեղինակները՝ «Ալլահը մեզ օգնական» արտահայտության միջոցով օրհնում են իրենց նախագահին, իրենց ժողովրդին և նրա կողմից տարվող պայքարը (1, 2, 3, 4)։
Պաշտոնական մակարդակում Ադրբեջանի իշխանությունները հակված են իրենց կողմից սանձազերծված պատերազմը «Հայրենական» անվանելու, ինչի մասին հայտարարվեց 28․09․2020թ, սակայն, սա լայն արձագանք չգտավ։ Առավել մեծ ներգործություն ունեն կրոնական տրամադրությունները, ինչը պայմանավորված է նաև Ադրբեջանում մեծ թվով իսլամական զինյալների թափանցելով։ Նկատի ունենալով սիրիական ջիհադիստների ակտիվ մասնակցությունը ադրբեջանական զորքերում, 01․10․2020թ․ Վատիկանի ռադիոն հայտարարեց, որ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ըստ էության, ջիհադ է ընդդեմ քրիստոնյաների։ Քանի որ իսլամադավան ռազմիկները հռչակում են, որ իրենց նպատակը «քրիստոնյա խաչակիրների դեմ կռվելն է», իսկ Ադրբեջանին աջակցելը համարվում է «ջիհադի՝ քրիստոնյաների դեմ մուսուլմանների սրբազան պատերազմի բաղկացուցիչը»:
Սկզբունք 10․ Ցանկացած մեկը ով հարցականի տա կ կդնի մեր ԶԼՄ-ներին, դավաճան է
Հնարքը բացառապես ներքին օգտագործման համար է։ Նպատակը այլակարծության և իշխանության գործողությունների քննադատության բացառումն է։ 27․09․2020թ․՝ Ադրբեջանի ժողովրդին ուղղված մշակույթի գործիչների և մտավորականության Կոչում հորդորվում է «հիմնվել միայն պաշտոնական տեղեկատվության վրա և չվստահել չստուգված հրապարակումներին»: Սպառնալիք չի հնչեցվում և հավանաբար դրա կարիքը չկա, որովհետև Ադրբեջանում մեծ հաշվով անկախ լրատվամիջոց չկա։ 2019թ․՝ Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի համաձայն՝ 180 երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցնում է 166-րդ հորիզոնականը։
Ավելին, պատերազմ սանձազերծելուց անմիջապես առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Տրանսպորտի, հաղորդակցության և տեխնոլոգիաների նախարարության հրահանգով Ադրբեջանի տարածքում արգելափակվել են սոցիալական ցանցերի և վիրտուալ հաղորդակցության այլ միջոցների գործունեությունները, այդ թվում՝ Facebook, WhatsApp, YouTube, Instagram, TikTok, LinkedIn и Twitter, Zoom и Skype-ը։
Այսպիսով, ադրբեջանական կողմը հավատարիմ է մնացել պատերազմական իրավիճակում քարոզչական այն հիմնական սկզբունքների կիրառմանը, որոնք բնորոշ են պատերազմ սանձազերծող երկրներին։
Նիկոլ Մարգարյան
04.10.2020
[i] Morelli A. Principes élémentaires de propagande de guerre (utilisables en cas de guerre froide, chaude ou tiède...)ÉDITIONS LABOR, 2001