Արցախի շուրջ ակտիվացումների վերաբերյալ ենթադրությունը, որ արել էինք նախորդ հոդվածում, իրականություն է դառնում բավականին շուտ:
Ակտիվացումը սկսում է ամերիկյան կողմը: Ենթադրելի է, որ սրան կհաջորդեն այլ ակտիվացումներ, հատկապես, որ սպասվում են ՌԴ նախագահ Վ. Պուտինի և ԻԻՀ նախագահ Հ. Ռոհանիի այցերը:
Սեպտեմբերի 14-ին «168 ժամ» օրաթերթը ծավալուն հարցազրույց հրատարակեց ԱՄՆ պետքարտուղարի նախկին փոխտեղակալ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հետ[1]:
Հարցազրույցը, անկախ նրանից, որ Բրայզան այս դեպքում մասնավոր անձ է, բացահայտում է արցախյան հիմնախնդրի վերաբերյալ քաղաքական որոշ շրջանակների մոտեցումները: Մ. Բրայզան փորձառու դիվանագետ է և կարողանում է սլաքներն ուղղել անհրաժեշտ ուղղությամբ՝ միաժամանակ նրբորեն թիրախավորելով նաև կոնկրետ անձանց:
Դետեկտորն, այնուհանդերձ, արձանագրում է, որ չնայած հարցազրույցի կարևորությանը, որոշ պատասխաններում Բրայզան դադարում է միայն դիվանագետ ու վերլուծաբան լինելուց և կոնկրետ հարցադրումներ հանրայնացնելու և դրանց շուրջ հասարակական կարծիք ձևավորելու նպատակով դիմում է մանիպուլյացիաների:
«Ես գիտեմ, որ Բաքվի ամենաբարձր իշխանությունները ցանկանում են առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած՝ արդյո՞ք վարչապետ Փաշինյանը կկարողանա արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները: Ուստի կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը և ճնշում է վարչապետ Փաշինյանին»:[2]
«Ես գիտեմ, որ Բաքվի ամենաբարձր իշխանությունները ցանկանում են առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում...» արտահայտության` Բաքվի ցանկությանը վերաբերող հատվածը ճշմարիտ է: Իրոք, Բաքուն պարբերաբար հանդես է եկել առաջ շարժվելու ցանկության մասին հայտարարություններով, սակայն, որպես կանոն, միայն սեփական օրակարգի շրջանակներում: Հետևաբար, այս հատվածում հիմնական մանիպուլյացիան առնչվում է օրակարգին, այն է` շարժման ուղղությանն ու բովանդակությանը, ինչի մասին Մ. Բրայզան համառորեն լռում է:
Տեսնենք՝ ինչպես է պաշտոնական Բաքուն պատկերացնում «առաջ շարժվելը...»՝ դիտարկելով թավշյա հեղափոխությունից հետո Ի. Ալիևի մի քանի հայտարարություն:
Հայտարարություն 1
«Ինտերֆաքս-Ադրբեջանը» հաղորդում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Զինված ուժերի օրը՝ հունիսի 26-ին, հանդես գալով Ջամշիդ Նախիջևանցու անվան զինվորական լիցեյի կուրսանտների ու մանկավարժների առաջ՝ հայտարարեց. «Հայաստանի հետ պատերազմը Ղարաբաղի համար (ընդծումը` հեղ.) ավարտված չէ: Երկիրն ապրում է պատերազմի պայմաններում և պարտավոր է ամեն րոպե պատրաստ լինել հայրենի օկուպացված հողերի ազատագրման օպերացիային: Վստահ եմ, որ այդ օրը կգա և Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»:[3]
Հայտարարություն 2
Ավելի վաղ Ի. Ալիևը հայտարարություն արել էր բռնի տեղահանվածների համար կառուցված բնակելի համալիրի հանդիսավոր բացման արարողության ժամանակ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: ...Մեր սկզբունքային դիրքորոշումներում ոչ մի փոփոխություն չկա: Այդ խնդիրը պետք է լուծում գտնի մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, ազդեցիկ միջազգային կազմակերպությունների որոշումներին և արձանագրություններին համաձայն»:[4] Երկու դեպքում էլ, բացի բովանդակությունից, կարևոր են թիրախները` բանակ և ներքին տեղահանվածներ, ինչն ապահովում է նաև հայտարարությունների զգացմունքային ֆոնը:
Հաջորդ մեջբերումը, առանց ավելորդ դիվանագիտական նրբանկատության՝ ուղղակի սպառնալիք է Հայաստանի ու Արցախի, ինչպես նաև միջազգային կառույցների հասցեին: «Այսօր աշխարհում ուժի գործոնը դառնում է գերակշռող, «ուժն է ծնում իրավունք»: «Մենք կձեռնարկենք բոլոր հնարավոր ջանքերը մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար», - հավելել է Ալիևը:[5]
Մ. Բրայզան, անշուշտ, տեղյակ է այս հայտարարությունների մասին և դրանք քողարկելով կամ դրանց մասին չբարձրաձայնելով՝ դիմում է մանիպուլյացիայի` փաստերի անտեսման և կամայական մեկնաբանության միջոցով: «Ես գիտեմ...» արտահայտությունը ենթադրել է տալիս, որ իրականում նա տիրապետում է ավելի խորքային տեղեկատվության:
Դետեկտորն արձանագրում է, որ այս դեպքում մանիպուլյացիայի նպատակը մեկն է՝ ի ցույց դնել Ադրբեջանի պատրաստակամությունը, անտեսելով, որ այն իրականում կեղծ պատրաստակամություն է, ինչի վկայությունն են նաև Ի. Ալիևի ռազմատենչ հայտարարությունները: Այսպիսով, կարծես փորձ է արվում ճնշում գործադրել Հայաստանի վրա: Կարելի է ենթադրել, որ դա անել փորձում է հենց Ադրբեջանը` Մ. Բրայզայի միջոցով:
Հարցազրույցի շարունակությունը` «լավ ու վատ հայաստանների» շուրջ մանիպուլյացիաներով, հաստատում է վերն ասվածը:
«...բայց մշտապես կա կասկած՝ արդյո՞ք վարչապետ Փաշինյանը կկարողանա արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները: Ուստի կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը և ճնշում է վարչապետ Փաշինյանին»:
Բրայզայի այս միտքը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջ. Բոլթոնի` 2018թ. հոկտեմբերի 25-ի երևանյան մամլո ասուլիսի ժամանակ արտահայտած մտքի տրամաբանության շրջանակում է:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ Ջ. Բոլթոնը նշել է. «...Բայց փաստն այն է, որ կանխատեսումների իրականացման դեպքում նա (Ն. Փաշինյանը- հեղ.) կունենա շատ ուժեղ մանդատ և դա ամենապատեհ պահը կլինի մի շարք առումներով վճռական քայլեր ձեռնարկելու համար և, ես այսօր իմ հանդիպումներում, այդ թվում նաև Հայաստանի առաջատար վերլուծաբանների հետ, լսեցի, որ Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային հարցերից է: Չկա որոշիչ քայլեր ձեռնարկելու համար ավելի լավ ժամանակ, քան հետընտրական շրջանը»:[6]
Ջ. Բոլթոնն ու Մ. Բրայզան, ըստ էության, տարբեր փաթեթավորմամբ ներկայացնում են ԱՄՆ ակնկալիքները. բանակցությունների շարունակություն՝ ուժեղ մանդատի առկայության պայմաններում:
Ջ. Բոլթոնը հույս էր հայտնում «որոշիչ քայլեր ձեռնարկելու առումով», ենթադրելով նաև, որ հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել:
Մ. Բրայզան մոտավորապես մեկ տարի անց արդեն արձանագրում է մտահոգություններ՝ մանիպուլյացիայի ու փաստերի խեղաթյուրման միջոցով դրանց հասցեատեր դարձնելով Հայաստանը: Որպեսզի հայտարարությունները շատ կոպիտ չհնչեն, նաև մի փոքր ուղղում է անում` «հին համակարգ» տերմինը գործածելով: Իրականում Մ. Բրայզան «մոռանում» է թե՜ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, թե՜ միջազգային հանրության անբավարար ջանքերը:
Ակնհայտ է և հայաստանյան լրատվական դաշտում այդ մասին բազմիցս գրվել է, որ հին համակարգը Արցախի շուրջ մանիպուլյացիաները օգտագործում է և մոտ ապագայում օգտագործելու է՝ գոնե նվազագույն քաղաքական կապիտալ պահպանելու համար: «Հող հանձնելու», «պարտվողականության» մասին արտահայտությունները առաջիկայում էլ պահպանվելու են:
Իրականությունը, սակայն, անկախ Մ. Բրայզայի ու Ջ. Բոլթոնի ցանկությունից՝ այլ է, և նրանք, բնականաբար, գիտեն այդ մասին:
Պատճառների ամփոփ վերլուծությունը տվեց Ն. Փաշինյանը` Վանաձորի վերջին հարցազրույցի ընթացքում:
«Ստեփանակերտում իմ արած հայտարարությունը շատ մեծ ու բուռն արձագանքների տեղիք տվեց: Բայց մարտի 12-ի հայտարարությունը Ստեփանակերտում կա, որտեղ ես ասել էի, որ մենք պետք է ստանանք պարզաբանումներ, թե ինչ են նշանակում մարդրիդյան սկզբունքները: Այսինքն, թե որն է մադրիդյան սկզբունքների ընձեռած ամպլիտուդը ղարաբաղյան խնդրի կարգավորման առումով... Ես հայտարարել եմ, որ Ղարաբաղյան հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար... Եվ ես շատ ուղիղ ասել եմ, որ նման հայտարարություն ակնկալում եմ Ադրբեջանի ղեկավարությունից»:[7]
Այս հայտարարությունը ակնհայտ է դարձնում Մ. Բրայզայի հայտարարությունների մանիպուլյատիվ բնույթը:
Միայն հին համակարգը չէ, որ խոչընդոտում է գործընթացի կարգավորումը:
Կան ավելի խորքային իրողություններ. մինչ օրս տրված չեն շատ կոնկրետ հարցադրումների պատասխաններ, որոնք կարևոր են և՜ Հայաստանի, և՜ հատկապես Արցախի համար: Իսկ այդ հարցադրումները վերաբերում են Արցախի` բանակցային գործընթացի սուբյեկտ դառնալուն, քանի որ ՀՀ իշխանություններն այսօր չունեն Արցախի քաղաքացիների անունից բանակցելու առաջնային մանդատ:
Հետևաբար, բանակցությունների շարունակությունն այս փուլում հնարավոր կդառնա եթե ոչ Արցախի սուբյեկտության փաստի ընդունմամբ, ապա գոնե` ուղիղ ու բաց պատասխաններ ներկայացնելով, ինչին միջազգային հանրությունը, այդ թվում` եռանախագահները դեռ պատրաստ չեն:
Շարունակենք.
Խոսքն ավելի համոզիչ ու միաժամանակ՝ ավելի «վախեցնող» դարձնելու համար Մ. Բրայզան դիմում է արդեն պատմական իրողության կամայական մեկնաբանության մանիպուլյատիվ հնարքին.
«Սա միայն ներկայի խնդիր չէ, այլ անցյալ 20 տարիների, երբ Տեր-Պետրոսյանը մոտ էր բեկմանը և հայտնվեց հսկայական ճնշումների ներքո, որին հետևեց ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը, այնուհետև Սարգսյանի կառավարման օրոք մի քանի տարի առաջ ևս կար իրավիճակ, երբ կողմերը մոտ էին բեկման՝ Պուտինն ապրիլյան պատերազմից հետո ներկայացրել էր ուշագրավ առաջարկներ, որին հետևեց ՊՊԾ գնդի գրավման ճգնաժամը:»
Այս հատվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ արցախյան կարգավորման տապալումը միայն տարբեր միջամտությունների հետ կապելու փորձ, իսկ մանիպուլյացիան իրականացվում է պատճառի և հետևանքի վարպետ տեղափոխության և հիմնախնդրի համակարգային բնույթի անտեսման միջոցով:
Ընդունելով տարբեր, այդ թվում` արտաքին ուժային կենտրոնների ազդեցության փաստը, արձանագրենք, որ երկու դեպքում էլ գործ ունենք իշխանության լեգիտիմության` առավել կարևոր իրողության հետ: 1998թ. Տեր-Պետրոսյանը և 2016թ. Ս. Սարգսյանը չունեին լեգիտիմության լուրջ պաշար ու հանրային վստահություն` արցախյան խնդրի կարգավորմանը գնալու ճանապարհին:
Սա շատ կարևոր հանգամանք է: Հակամարտությունների կարգավորման գործընթացում (Կոսովո, Թիմոր, Էրիթրեա և այլն) առաջնային է քաղաքական էլիտաների` հանրային աջակցության ու վստահության պաշարը, իսկ Լ. Տեր-Պետրոսյանն ու Ս. Սարգսյանը նման պաշար չունեին:
Այս իրողությունն, ըստ էության, ակնհայտ է դարձնում նաև Մ. Բրայզայի հարցազրույցի` վերնագիր դարձած հատվածի մանիպուլյատիվ բնույթը. «Այն, ինչ տեղի էր ունենում Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի հետ, տեղի է ունենում նաև Փաշինյանի հետ»:
Սա արդեն իրողությունների անտեսման արդյունքում ծնված մանիպուլյացիա է, որովհետև տեր-պետրոսյանական, քոչարյանական ու սարգսյանական համակարգերը, գոնե մինչ այժմ, էապես տարբերվում են հետհեղափախական համակարգից:
Իսկ խնդիրները, որոնց մասին խոսում է Մ. Բրայզան, հանգում են ոչ միայն Հայաստանին ու հին համակարգի դիմադրությանը, այլ մինչ օրս պահպանվող երկակի ստանդարտներին ու Արցախի սուբյեկտությունը համառորեն չընդունելուն:
«...հիմա եթե էս ամեն ինչի սկզբունքում Ադրբեջանը կարող է արձանագրել, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, մենք կարող ենք արձանագրել, որ եթե իրենց սկզբունքը այդպիսին է, այդպես կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչող, ապա մեր սկբունքն էլ կարող է լինել Արցախը Հայաստան է և վերջ: ... Եթե ղարաբաղյան խնդիրը լուծելը իրականում էդքան հեշտ էր, ապա պարոն Բրայզան համանախագահ եղած ժամանակ թող լուծեր»:[8] Սա մեջբերում է Ն. Փաշինյանի` արդեն հիշատակված հարցազրույցից:
Մ. Բրայզայի հարցազրույցը, հաշվի առնելով վերջինիս փորձառությունն ու տեղեկացվածությունը, ցույց է տալիս, որ արցախյան հակամարտությունը դուրս չի եկել կամ՝ բերվել «համակարգային սխալի» այն շրջապտույտից, որը խանգարեց խնդիրը կարգավորել ավելի վաղ:
Ինքնորոշման սկզբունքի և ԽՍՀՄ ու միջազգային իրավունքի բոլոր նորմերի պահպանմամբ հայտարարված անկախությունը բախվեց հակամարտությունների կարգավորման՝ գոյություն ունեցող անարդյունավետ մոդելները պահպանելու ցանկության հետ, հատկապես, եթե հակամարտության կողմերից մեկը էներգակիրների հարուստ պաշարներ ունեցող պետություն է:
Ակնհայտ է, որ այս պայմաններում ինքնորոշման, քաղաքացիական իրավունքների իրացման, տարրական ֆիզիկական անվտանգության, բանակցային գործընթացի ելման կետի դրույթների վերաձևակերպման վերաբերյալ հարցադրումները դեռ երկար են ձևավորելու մանիպուլյացիաներ` տարբեր մակարդակներում: Ենթադրելի է, որ Արցախում՝ նախագահական ընտրություններին ընդառաջ, մանիպուլյացիաների թիվն ավելանալու է, ավելանալու է նաև մասնակիցների շրջանակը. ԱՄՆ նախկին ու ներկա դիվանագետներին վստահաբար ավելանալու են ռուսներ, թուրքեր:
Սրան զուգահեռ, սակայն, ուժեղանում է նաև Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը: «...Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում, և մենք երազում ենք այդ մասին. այն շուտով ի կատար կածվի: Այդ ժամանակ կտեսնենք, թե նա պատասխանատո՞ւ է իր խոսքերի համար, թե՞ ոչ: Մեր արտգործնախարարությունն արժանի պատասխան է տվել»,- ասել է Հասանովը Real TV-ին տված հարցազրույցում:»[9]
Ադրբեջանի պաշտպանության նախարարի` Մ. Բրայզայի հարցազրույցից օրեր անց արված այս հայտարարությունն, ըստ էության, ցույց է տալիս մեկ բան. մանիպուլյացիաները, փաստերի անտեսումը դառնում են յուրօրինակ «քարտ բլանշ» նման հայտարարությունների արդարացման համար, կասկածի տակ դնելով արցախյան հակամարտության` բովանդակային, համակարգային ընկալման հիմքերը՝ քաղաքագիտական որոշ շրջանակաների ներկայացուցիչների պարագայում:
Մխիթար Գաբրիելյան
[4]https://moscow-baku.ru/news/politics/ilkham_aliev_nazval_glavnoe_uslovie _razresheniya _nagorno karabakhskogo konflikta/:
[7]https://www.primeminister.am/hy/videos/item/AW25BmDDFVg/ (Արցախին վերաբերող հատվածը` 3:02:10-ից):
[8] https://www.primeminister.am/hy/videos/item/AW25BmDDFVg/ (Արցախին վերաբերող հատվածը` 3:02:10-ից):