ՀԱՅ – ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԸ

...

Բաղադրություն

  • Երկու տարաբովանդակ հասկացության բովանդակային նույնականացում
  • Առանձին ճշմարիտ դրույթների վրա անհիմն պնդումներ

 

 

            Հայ-ռուսական հարաբերությունների մասին Հայաստանում չեն խոսում միայն ծույլերը, չնայած վերջին երկու տարում նրանք էլ են լծվել վերլուծության  պատասխանատու գործին։

            Իրականում հայ-ռուսական հարաբերություններն այսօր, առավել քան երբևէ,  ունեն խորքային, բովանդակային վերլուծությունների կարիք, ինչը հնարավոր է միայն համալիր մոտեցմամբ` պատմաբանների, քաղաքագետների, փիլիսոփաների, հոգեբանների, ազգագրագետների ու այլոց մասնակցությամբ։ Այս ամենի բացակայության պայմաններում տեսնում ենք հիմնականում ընթացիկ, իրավիճակային վերլուծություններ, որ ակտիվանում են տարբեր «սրացումների» պայմաններում և, որպես կանոն, կա՛մ հիմնված են մանիպուլյացիաների վրա, կա՛մ տեղավորվում են դավադրությունների տեսությունների շրջանակում։ Իսկ որ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ մանիպուլյացիաների թիվը բավականին մեծ է, կասկածից վեր է պատմական տարբեր իրադարձությունների դիտարկումից, արցախյան խնդրի կարգավորման գործընթացում ՌԴ դերակատարումից մինչև մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքների ներառման հետ կապված բանավեճեր։

Սրանցից յուրաքանչյուրն արժանի է առանձին քննության ու վերլուծության։

Այս հոդվածում կդիտարկենք մանիպուլյացիաներից որոշները, որ բավականին անսպասելի դրսևորվեցին հուլիսի  սկզբին։

Մանիպուլյացիաների սկիզբը դրվեց Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկումներից մեկի ընթացքում հեռարձակված կարճ ռեպորտաժով, որ վերաբերում էր ՌԴ-ում սահմանադրական փոփոխություններին։ Ռեպորտաժը  զուսպ էր, հավասարակշռված և նպատակ ուներ ներկայացնել բոլոր կողմերին՝ տրվեցին նախագահ Վ Պուտինի,  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Է Պամֆիլովայի ուղերձները, իրենց կարծիքն արտահայտեցին նաև հանրաքվեի մասնակից քաղաքացիները։ Ռեպորտաժում մի քանի վայրկյան հնչեց նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ա Նավալնիի խոսքը, որը կոչ արեց բոյկոտել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Հաջորդ «մանիպուլյատիվ հարթակը» ձևավորվեց Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման կոչերի շուրջ։ Դրանք ևս նորություն չեն ժամանակ առ ժամանակ հնչել են ինչպես ռազմաբազայի ներկայությանը կողմ, այնպես էլ դեմ կարծիքներ։ 

Առաջին հայացքից անսպասելիորեն ռեպորտաժն ու կոչերը դարձան ազդակ, որպեսզի գործողության մեջ դրվի Հայաստանում հակառուսականության մասին ապոկալիպտիկ տեքստերի մի ամբողջ  հավաքածու։

Առաջիններից մեկն արձագանքեց Վ Մանուկյանը։ Հուլիսի 3-ին հրատարակվեց նրա հետ զրույցը («Լայն ճանապարհի վրա՝ վանդակի մեջ» խոսուն վերնագրով), որում, տարբեր թեմաներ քննարկելուց զատ, անկախության ակունքներում կանգնած ու պետականության կայացմանը մեծ ավանդ բերած գործիչն ասում է հետևյալը «Երկրորդ՝ արևմուտքի այդ շրջանակների համար ընդունելի չեն այն պետությունները, որոնց մեջ կա միասնություն ազգային արժեքների շուրջ․․․ Այսինքն, արտաքին ուժերի կողմից երկու խնդիր էր դրված՝ պոկել Հայաստանը Ռուսաստանից և տրոհել մեր ժողովրդի միասնությունը ազգային արժեքների ու ազգային հարցերի շուրջ»։  

Խոսքի տրամաբանությունից բխում է, որ «Հայաստանը կպած է» Ռուսաստանից փաստն ընդունելի է հեղինակի համար։ Հետո տրվում է բացատրություն և կապերը տարվում են դեպի Արցախյան խնդիր, Հայաստանի և ՌԴ շահերի համընկնում «Երկրորդ հարցն արտաքին քաղաքականությունն է՝ կապված հատկապես Ռուսաստանի հետ, որն էլ անշեղորեն կապված է Արցախի հարցի հետ։ Ընդհանրապես արևմուտքի համար մեծ հաշվով նշանակություն չունի Արցախը Հայաստանին կպատկանի, թե Ադրբեջանին (եթե իհարկե մի կողմ դնենք արևմուտքում սահմանների փոփոխության նախադեպի ստեղծման վտանգը)։ Բայց շատ կարևոր է, որ կտրեն այն կարևոր թելերից մեկը, որը Հայաստանին կապում է Ռուսաստանի հետ։ Իսկ մեզ Ռուսաստանի կապող այդ կարևոր թելերից է Արցախը, քանի որ այդ հարցում ունենք համընկնող շահեր․․․ ․․․Այսօրվա իրավիճակում, երբ աշխարհն այսպես կտրուկ փոխվել է, Միացյալ Նահանգները գնում է այս տարածաշրջանից, տարածաշրջանի ամենակարևոր խաղացողը դառնում է Ռուսաստանը, և մեր հարցերը կապված են Ռուսաստանի հետ, ազգային դավաճանություն է, երբ դու մի կողմից փորձում ես մոլորեցնել քո ժողովրդին ու Ռուսաստանին, մյուս կողմից անշեղորեն իրականացնում ես այն ծրագիրը, որի համար եկել ես իշխանության»։

 

Անցնենք մանիպուլյացիաների վերլուծությանը: 

Սկսենք Արցախյան հակամարտությունից։ Ոչ միայն Վ Մանուկյանի, այլ ցանկացած քաղաքական գործչի համար ակնհայտ պետք է լինի, որ  չի կարող լինել և չպետք է լինի միայն հայ-ռուսական օրակարգի կամ շահերի համընկնման խնդիր կան համանախագահներ, կան կարգավորման ընդունված սկզբունքներ, կա ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունք, որ վեր է շահերի համընկնումից։ Այս մասին հայտարարել են ՀՀ բոլոր իշխանությունները, այդ թվում՝ 2018թ հետո։

  Ըստ այդմ,  Արցախյան խնդրի հնարավոր կարգավորումը հայ-ռուսական հարաբերությունների հարթություն տեղափոխելը երկու տարաբովանդակ հասկացության բովանդակային նույնականացում իրականացնելու մանիպուլյատիվ հնարքն է.

Նույնքան, եթե չասենք ավելի վտանգավոր, մանիպուլյացիաներ է պարունակում «պոկել Հայաստանը Ռուսաստանից» թեզը։ Ինքը՝ Վ Մանուկյանն է եղել այն առաջիններից մեկը, ով սկսել է պայքարել հայ-ռուսական, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների՝ միջպետական, այլ ոչ թե հիերարխիկ-ենթակայական, կենտրոն-ծայրամաս ուղղվածության համար։ Ուրեմն ո՞րն է այս մանիպուլյացիայի իմաստը։

Դրա բացատրությունը գտնում ենք Վ Մանուկյանի հետևյալ խոսքերում՝ «Օգտվելով այն հանգամանքից, որ հասարակության մեջ մեծ էր դժգոհությունը անարդարություններից, կոռուպցիայից, օգտվելով մեր ժողովրդի արդարության բնական ձգտումներից՝ մարդկանց մի խումբ, որի հետևում կանգնած են արտաքին ուժեր, Հայաստանում զավթեց իշխանությունը։ Եվ այսօր մենք տեսնում ենք դրա հետևանքները։»

Այս ձևակերպումն, ըստ էության, փակում է մանիպուլյացիաների շղթան, ցույց տալով, որ Վ Մանուկյանի խնդիրն իրականում նոր իշխանությունների հետ է: Ակնհայտ երևում է նաև, որ Մանուկյանն իր թեզերը որևէ կերպ չի հիմնավորում. Որպեսզի իր ոչնչով չհիմնավորված պնդումը (մարդկանց մի խումբ, որի հետևում կանգնած են արտաքին ուժեր, Հայաստանում զավթեց իշխանությունը) կարողանա ոմանց համար համոզիչ թվալ, նա ցույց է տալիս, որ համաձայն է, որ Հայաստանում մեծ է եղել դժգոհությունը անարդարություններից, կոռուպցիայից, որոնք, իրականում հանրության լայն շրջանակների, փորձագետների կողմից նշվում են որպես հեղափոխության պատճառ դարձած խնդիրներից մի քանիսը: Սակայն, նա փաստացի փորձում է համոզել մարդկանց, որ իրենց օգտագործել են, որ իրենք  հեղափոխություն չեն արել: Այստեղ մենք գործ ունենք յուրօրինակ մի մանիպուլյատիվ հնարքի հետ, երբ անհիմն պնդումը համոզիչ դարձնելու համար պնդման մեջ ներառվում են մի քանի ճշմարիտ դրույթներ:

Հարկ է նաև նշել, որ Վ Մանուկյանը, բազմաթիվ այլ քաղաքական գործիչներ դիսկոմֆորտ ունեն «հակառուսական տրամադրությունների» գոյության փաստից։

Ակնհայտ է, որ Հայաստանում, անկախ իշխանությունների, քաղաքական տարբեր ուժերի ցանկություններից, գոյության իրավունք ունեն և՛ հակառուսական, և՛ հակարևմտյան, և՛ հակաճապոնական տրամադրությունները... և դա վատ չէ։ Բազմակարծությունը դեռ ոչ ոք չի արգելել Հայաստանում: Փաստացի՝ ի դեմս Մանուկյանի և մի շարք այլ գործիչների վերոնշյալ «մտահոգության», մենք գործ ունենք հակաժողովրդավարական բնույթի պրոպագանդայի հետ, քանի որ նրանք փաստացի հանդես են գալիս բազմակարծության դեմ:

 Իսկ Վ Մանուկյանի խոսքն ավելի համոզիչ կլիներ, եթե բերվեր գեթ մեկ օրինակ, որ 2018թ հետո որևէ բարձրաստիճան հայ պաշտոնյա հրապարակավ արտահայտվել է հայ-ռուսական քաղաքական օրակարգի փոփոխության, Ռուսաստանի հետ հարաբերությունների վեկտորի վերանայման ու այլ իրողությունների մասին։ 

Ըստ էության, նույն, սակայն ավելի կոշտ ու մանիպուլյատիվ հայտարարություններով հանդես եկավ քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը «Հիմա էլ սկսել է ռուսամետների ու ռուսատյացների բաժանումները, որոնց գինը մենք կարող ենք վճարել պետության կորստի տեսքով։ Մեր երկրի համար չափազանց վտանգավոր է ներքաղաքական պայքարն արտաքին կողմնորոշումների դաշտ տանելը․․․ Բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, որ անվտանգության առումով Հայաստանն ունի ՀԱՊԿ–ին այլընտրանք, որ ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի Գյումրիից, որ ՀՀ ինքնիշխանությունը Ռուսաստանից տարանջատվելն է, կա՛մ քաղաքական առումով անմեղսունակ են, կա՛մ թուրքական գործակալներ։ Ես հակված եմ երկրորդ վարկածին։»

Պաշտոնական խոսքով հանդես եկավ նաև ներքաղաքական դաշտում ծանր իրավիճակում հայտնված Գ Ծառուկյանը, ում խոսքը ավելի զուսպ էր ու թիրախավորված «․․․վերջերս Հայաստանում տեղի է ունենում հակառուսական տրամադրությունների արհեստական սրացում, որոնք մեր երկրում ակտիվորեն իրագործվում են հակահայկական և հակապետական ուժերի ակտիվ ջանքերով: Այդ ուժերի վերջնական նպատակակետն է մեր երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի խզումը: Որպես օրինակ՝ հարկ է նշել, որ հայ հասարակության մեջ ներմուծվում է այն թեզը, որ անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի հետ ռազմական համաձայնագիրը, ինչը կհանգեցնի ռուսական 102-րդ ռազմական բազայի մեր երկրից դուրս բերմանը: ․․․Ուզում եմ միանշանակ փաստել, որ ես․․․ կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները»:  

Տպավորություն է, որ երեք հայտարարությունը, «գուժելով» Հայաստանի հնարավոր վախճանը՝ պաշտոնական դիսկուրսում, գոնե հրապարակավ գոյություն չունեցող հակառուսական տրամադրությունների գոյության պայմաններում, իրականում լուծում են քաղաքական, քաղաքագիտական և տեղեկատվական դաշտում սեփական գոյությունն ապահովագրելու խնդիրը։

Դա անելու համար երեք հեղինակն էլ դիմում են տարբեր մանիպուլյացիաների, որոնցից մեկը, ինչպես տեսանք, երկու տարաբովանդակ հասկացության բովանդակային նույնականացումն է։ 

«Հակառուսական տրամադրություններ» և «լարվածություն հայ-ռուսական միջպետական հարաբերություններում» հասկացությունները նույնականացվում են այն դեպքում, երբ դրանք բացարձակ նույնական չեն և միջպետական լարվածությունը ամենևին չի նշանակում հակառուսական տրամադրությունների սրացում միջպետական հարաբերությունները քաղաքական շահի ու կոնյունկտուրայի վրա խարսխվող հարաբերություններ են այն դեպքում, երբ հայ-ռուսական հարաբերությունները անհամեմատ ավելի լայն են։

 Եվ վերջապես, հատկապես առաջին երկու խոսքը մանիպուլյատիվ են, որովհետև չկա «հակառուսական տրամադրություններ» հասկացության ոչ ձևակերպում և ոչ առավել ևս չափում, որ թույլ կտա ասել, որ Հայաստանում բնակչության x տոկոսն ունի հակառուսական, իսկ y տոկոսը հակաամերիկյան կամ այլ տրամադրություններ։

Չափման բացակայության դեպքում մանիպուլյացիան ավելի հեշտ է կազմակերպվում ու ավելի հեշտ է տեղափոխվում վախի, անորոշության ու դավադրությունների հարթություն։

Պաշտոնական տեսակետը, որ հնչեց ՊՆ մամլո խոսնակ Շ Ստեփանյանի խոսքերով, ըստ էության, ոչ միայն վերջակետ դրեց, այլ հերթական անգամ ապացուցեց հայտարարությունների մանիպուլյատիվ լինելը «ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձավ ռուսական ռազմակայանի գործունեությունը կասեցնելու մասին հայտարարություններին և ներկայացրեց նախարար Դավիթ Տոնոյանի տեսակետը։ «Ըստ նախարարի մոտեցման` 102-րդ ռազմաբազայի գործունեության կասեցման թեմայով հայտարարություններն ու հրապարակումները բարոյականության պակասի, աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական տհասության հետևանք են»,–ասաց նա»։ Ակնհայտ է, որ Դ Տոնոյանի տեսակետը այս դեպքում պետք է դիտարկել որպես ՀՀ պաշտոնական դիրքորոշում։

 

            Ի՞նչ է ստացվում

           

Ա երեք հայտարարությունում էլ ներկայացվում են իշխանությունների գործունեության կամ անգործության պատճառով սկիզբ առած վտանգներ, որ իրականում կապ չունեն իշխանության վարքի, հայտարարությունների ու հրապարակային մոտեցումների հետ, այլ ընդամենն արտահայտում են հասարակության մի մասի մոտեցումներն ու տեսակետները, ինչը բնական է։ Բազմակարծությունը, այդ թվում՝ քաղաքական դաշտում, լճացումից խուսափելու կարևոր նախապայման է։

            Բ Մանիպուլյացիաները կառուցվում են բովանդակային տեսանկյունից տարբեր հասկացությունների նույնականացման վրա, այն դեպքում, երբ հայ-ռուսական հարաբերությունները անհամեմատ ավելի լայն են, քան հայ-ռուսական քաղաքական հարաբերությունները։

            Գ Երեք դեպքում էլ գործ ունենք  նաև պայմանական «արտաքին» ու վտանգավոր ուժերի գոյության շեշտադրման հետ, այն դեպքում, երբ խոսքն ապացուցող որևէ կոնկրետ օրինակ կամ փաստարկ չի բերվում։

 

 

Մխիթար Գաբրիելյան

21/08/2020

 /