ՀՅԴ-Ի ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ ԹԵԶԵՐԸ

...

Բաղադրություն

  • Էմոցիայի շահարկում
  • Կեղծ պատճառահետևանքային կապ
  • Անհիմն պնդում և ապատեղեկատվություն

Սույն թվականի ապրիլի 30-ին ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 23-րդ Գերագույն Ժողովը հայտարարություն  էր ընդունել, որտեղ ասված էր. «ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն Ժողովն արձանագրում է.

 

     ...Ազգային,  ավանդական, հոգևոր, մշակութային արժեքների, պետական խորհրդանիշերի և հաստատությունների նկատմամբ ուղղորդված հեղինակազրկման արշավը, ինչպես նաև ներազգային անհանդուրժողականության մթնոլորտը սպառնում են ազգային անվտանգությանը և միասնականությանը:

     Զարգացման  ռազմավարական ծրագրերի բացակայության, անկանխատեսելի  արտաքին քաղաքականության, ուղղորդվող արդարադատության, իշխանությունների որդեգրած գործելաոճի, կառավարման որակների, ինչպես նաև հանրային կյանքի բոլոր ոլորտներում շոշափելի արդյունքներ չարձանագրելու հետևանքով  զգալի է հանրային լավատեսության անկման միտումը»:

 ՀՅԴ նշված հայտարարության երրորդ կետին անդրադառնալով՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը,  Հանրային հեռուստաընկերության մայիսի 2-ի  «60 րոպե» լրատվական հաղորդմանը հյուրընկալվելով, նշել էր. «Էդ արշավը մենք ամեն օր տեսնում ենք, արշավ մեր առաքելական եկեղեցու դեմ,  ընդամենը մի քանի օր առաջ էր հարձակում կաթողիկոսի վրա: Ի՞նչ է նշանակում Ազատության հրապարակում մարիխուանայի օրը նշել, տրանսգենդերները Ազգային ժողովում են ելույթ ունենում, ու այսպես շարունակ: Մեր ժամանակ գոնե ելույթ չէին ունենում, մի դեպք կարող եմ հիշեցնել, որի համար դուք մեզ քննադատում էիք, մեր երիտասարդները մի ակցիա իրականացրին, որի համար մեզ քննադատում էիք»:

 

Դետեկտորը ՀՅԴ հայտարարության մի շարք կետերում և Իշխան Սաղաթելյանի մեկնաբանություններում արձանագրել է մանիպուլյացիոն տարրեր՝ «էմոցիայի շահարկում»,«Կեղծ պատճառահետևանքային կապեր»  հնարքների կիրառմամբ և  չհիմնավորված պնդումներ։ 

 

 

Մեր հիմնավորումները

 

 

ՀՅԴ հայտարարության մեջ վերացականորեն խոսվում է ազգային, հոգևոր մշակութային արժեքների, պետական խորհրդանիշների դեմ «ուղղորդված» քաղաքականության առկայության մասին։ Նույն կետում առկա է պնդում այն մասին, որ երկրի ներսում տիրում է ներազգային անհանդուրժողականության մթնոլորտ։ ՀՅԴ հայտարարության տեքստում, սակայն, ի պաշտպանություն հնչեցված թեզերի ներկայացված չէ որևէ փաստարկ։ Որևէ կերպ պարզ չի դառնում նաև, թե ինչ չափորոշիչներով, սոցիոլոգիական, կամ հետազոտական ինչ այլ աշխատանքների արդյունքում են ՀՅԴ-ում հանգել այդ եզրակացությանը: Այստեղ գործ ունենք ալարմիստական բառապաշարի (ներազգային հանդուրժողականություն, արժեքների ոտնահարում, ազգային միասնության խաթարում) օգտագործման և  դրա միջոցով   էմոցիոնալ բացասական ֆոնի ստեղծման հետ։

Հայտարարության այս կետի վերաբերյալ իր մեկնաբանություններն է ներկայացնում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը  հայտարարում է.  «մի քանի օր առաջ տեղի է ունեցել հարձակում կաթողիկոսի վրա…  ամեն օր մենք տեսնում ենք արշավ ազգային արժեքների նկատմամբ»։ Ի. Սաղաթելյանը, կաթողիկոսի վրա հարձակում ասելով, նկատի ունի 2018 թվականի հուլիսին Գնդեվանքում տեղի ունեցած միջադեպը՝ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների մասնակցությամբ, որոնք բողոքի ակցիա էին անցկացրել կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ։ Սակայն, որևէ հիմք չկա նշված նախաձեռնության գործունեությունը նույնացնել պետական քաղաքականության հետ, ավելին, այդ նախաձեռնության որոշ առաջնորդներ հոգևորականներ էին, որոնցից մեկն այս իրադարձությունների արդյունքում կարգալույծ արվեց։ Եվ վերջապես՝ սույն թվականի մայիսի 3-ին տեղի ունեցավ եկեղեցի-պետություն հարաբերությունների աշխատանքային խմբի անդրանիկ նիստը վարչապետի և կաթողիկոսի մասնակցությամբ, որտեղ վարչապետն իր խոսքում անդրադարձել է եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակին, եկեղեցի-պետություն հարաբերությունների կարևորությանն ու մի շարք այլ հարցերի։   

            Շարունակելով իր խոսքը՝ Սաղաթելյանն ազգային արժեքների դեմ քաղաքականության համատեքստում ներկայացնում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում տրանսգենդեր քաղաքացու ելույթն, ու մի խումբ երիտասարդների կողմից մարիխուանայի միջազգային օրը նշելը։ Ասենք, որ ԱԺ-ում տրանսգենդեր քաղաքացին ելույթ է ունեցել ԱԺ մասնագիտական հանձնաժողովի լսումների ընթացքում՝ որպես «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ։ ՀԿ-ին հանձնաժողովի կողմից հրավերն ուղարկվել է նույն ընթացակարգով, ինչ՝ լսումներին մասնակցող մյուս բոլոր կազմակերպություններին։ Բնականաբար, հարց է առաջանում. Ինչպե՞ս կարող է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում՝ մարդու իրավունքների հետ կապված խնդիրների  մասին բարձրաձայնելը դիտարկվել որպես պետության կողմից ազգային արժեքների դեմ վարվող քաղաքականություն: Այստեղ առկա է «Կեղծ պատճառահետևանքային կապի ստեղծում» մանիպուլյացիոն հնարքի կիրառումը:

 Ապրիլի 20-ին մի խումբ երիտասարդների կողմից մարիխուանայի միջազգային օրը նշելը Սաղաթելյանը գնահատում է որպես թմրանյութերի օգտագործման  քարոզ, որն իրականացվում է պետության թողտվությամբ և աջակցությամբ: Մինչդեռ միջոցառումը զուտ քաղաքացիական նախաձեռնություն էր և իրականացվում էր հավաքների ազատության շրջանակներում: Միջոցառման հրավերում գրված է. «Այդ օրը աշխարհի բազմաթիվ քաղաքներում մարդիկ հավաքվում են ծանոթանալու և քննարկելու իրենց երկրի քաղաքականությունը մարիխուանայի վերաբերյալ: Խնդրում եմ նկատի ունենալ՝ սա ցույց կամ բողոքի ակցիա չէ այս օրը մենք չենք առաջադրելու որևէ պահանջ կամ բողոք կառավարությանը կամ պետական այլ մարմնի»։  Այսինքն, ՀՀ մի խումբ քաղաքացիներ կազմակերպել են իրազեկման միջոցառում-քննարկում, ինչը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է և որևէ աղերս չունի պետական քաղաքականության հետ։ Վերջինիս մասին կկարողանայինք խոսել, թերևս, այն դեպքում, եթե մարիխուանայի օգտագործումը ապաքրեականացվեր՝ ինչպես Վրաստանում, սակայն նման նախաձեռնություն ներկայումս չկա ո՛չ ԱԺ, և ո՛չ էլ կառավարության օրակարգում,  և  լինելու պարագայում էլ  հնարավոր չէր լինի պնդել,  որ գոյություն ունի մարիխուանա ծխելու պետական քարոզչություն: Օրինակ՝   ծխախոտ ծխելը մեզանում օրինական է, բայց դա չի նշանակում, որ ծխախոտի կամ ծխելու պետական քարոզչություն  կա Հայաստանում։ Ավելին, տևական ժամանակ է՝ առողջապահության նախարարի նախաձեռնությամբ կառավարության օրակարգում է հանրային վայրերում ծխելու դեմ սահմանափակումների և ընդհանրապես՝ ծխելու դեմ պայքարի օրենսդրական կարգավորումների փաթեթը։  Այս դեպքում էլ մենք գործ ունենք հասկացությունների նենգափոխման և կեղծ պատճառահետևանքային կապի ստեղծման հետ՝ քաղաքացիական նախաձեռնության օրակարգը որպես պետության կողմից խրախուսվող օրակարագ ներկայացնելու միջոցով:

Ի մի բերելով՝ Դետեկտորն արձանագրում է, որ ՀՅԴ հայտարարության մի շարք կետերում և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի մեկնաբանություններում առկա են մանիպուլյատիվ բնույթի փաստարկներ, որոնք միտված են գործող իշխանությունների և ընդհանրապես՝ թավշյա հեղափոխության նկատմամբ հասարակության մեջ բացասական հույզերի առաջացմանը։  ԳՄ ներկայացուցիչն  անհիմն կերպով  կառավարող ուժին  մեղադրում է ազգային, հոգևոր արժեքների դեմ ուղղված քաղաքականություն իրականացնելու մեջ,  որն իրականում  չի բխում  իշխանության գործունեությունից և վարած քաղաքականությունից։ Բացի այդ, ներկայացված իրադարձությունները՝ որոշ բացառություններով (կաթողիկոսի հետ կապված միջադեպը),  տեղավորվում են ՀՀ Սահմանադրության և օրենսդրական բոլոր կարգավորումների ու իրավական պետությանը հատուկ՝  մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների շրջանակներում։

ՀՅԴ հայտարարության մի շարք կետերում, առանց սոցիոլոգիական կամ որևէ այլ հետազոտության արդյունքներին հղում կատարելու, հայաստանյան հասարակության ներսում ներազգային անհանդուրժողականության առկայությունն ու հասարակական լավատեսական տրամադրությունների անկումը ներկայացվում են որպես փաստեր:

 

P.S. Ի դեպ, հետաքրքրական է նշել, որ Սաղաթելյանը ազգային արժեքների պաշտպանության համատեքստում խոսում է «իրենց երիտասարդների կազմակերպած ակցիայի մասին»՝ ակնարկելով 2012 թվականի մայիսի 8-ին երեք երիտասարդի կողմից «DIY» ակումբի հրկիզումը։ Ընդամենը փաստենք, որ տեղի ունեցածը ոչ թե  իրավական պետության շրջանակներում տեղավորվող ակցիա էր, այլ հանցագործություն, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ և մեղավորները պատժաչափեր են ստացել։ 

 

Հեղինակ՝ Աղասի Մարգարյան

 23-05-2019