2019թ. փետրվարի 28-ին իր աշխատասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան ԵՊՀ-ում չարաշահումների վերաբերյալ լրագրողներից մեկի հարցադրմանը (տե՛ս 9:54-րդ րոպեից)՝ ռեկտոր Արամ Սիմոնյանը արձագանքեց. «…իհարկե համալսարանում կան թերություններ: Բա դուք ի՞նչ եք կարծում. երկիրը լինի տնտեսական ճգնաժամի մեջ, սոցիալական ընդվզումների մեջ, լինի վատ վիճակում, լինի շատ պրոբլեմների մեջ, և համալսարանը լինի Հարվա՞րդ: Էդ որտե՞ղ եք էդպիսի բան տեսել: Համալսարանը հասարակության հայելին է» (տե՛ս 18:50-ից):
Հայելու մետաֆորը կամ փոխաբերությունը Ա. Սիմոնյանն օգտագործում է ոչ առաջին անգամ: Այն իր կողմից հաճախ օգտագործվող մետաֆորներից մեկն է, և ոչ միայն իր: Հայտնի մետաֆորը բազմիցս օգտագործվել է նաև դպրոցներում, բանակում, նույնիսկ իշխանությունում գոյություն ունեցող ապօրինությունները մեկնաբանելու համար:
Դետեկտորի կարծիքով ԵՊՀ ռեկտորը «հայելու» փոխաբերությունը (մետաֆորը) օգտագործում և հայելու արտացոլանքի պատճառներին անդրադառնում է շահարկման նպատակով, որի օգնությամբ՝
ա/ նենգափոխվում է բուհի իրական գործառույթը,
բ/ մի ոլորտի բնութագիրը միտումնավոր հասցեագրում է մեկ այլ ոլորտի,
գ/ օգուտը ներկայացնում է իբրև վնաս:
Մեր հիմնավորումները
«ԵՊՀ-ն հասարակության հայելին է» մետաֆորը թույլ է տալիս ԲՈՒՀ-ին վերագրել պասիվ արտացոլողի դերակատարություն: Այնինչ, բուհական գործունեությունը կարգավորող օրենքները և կանոնակարգերն այլ բանի մասին են փաստում: Այսպես, 2005թ. հաստատված՝ «ՀՀ Բարձրագույն և հետբարձրագույն մասնագիտական կրթության մասին» օրենքում առկա են հետևյալ հոդվածները. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրներից են (հոդված 5, կետ 8). զարգացում ապահովելու նպատակով՝ կրթական նոր հայեցակարգերի և տեխնոլոգիաների ներդրումը: Նույն օրենքի՝ բարձրագույն ուսումնական հաստատության խնդիրներին վերաբերող հոդվածում (հոդված 11) հանդիպում են հետևյալ ձևակերպումները.
2) Գիտության, կրթության, տնտեսության և արվեստի զարգացումը՝ գիտամանկավարժական աշխատողների և սովորողների գիտական հետազոտութ-յունների ու ստեղծագործական գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը տնտեսության մեջ, հետազոտական և կրթական գործընթացում.
6) Սովորողի` ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը.
7) Բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.
8) Սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը` ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում:
Վերոհիշյալ ձևակերպումները նույնությամբ, կամ փոքր ինչ վերափոխված` առկա են նաև 2014թ. hաստատված ԵՊՀ Կանոնադրության մեջ: Օրինակ, «ԵՊՀ-ի նպատակն է» բաժնում նշված է.
2) Գիտության տարբեր բնագավառներում գիտական, ուսումնամեթոդական և
գիտամանկավարժական հետազոտությունների իրականացումը, հայագիտության բազմակողմանի զարգացումը,
3) Գիտության, կրթության, տնտեսության և արվեստի զարգացումը` գիտամանկավարժական աշխատողների ու սովորողների գիտական հետազոտությունների և ստեղծագործական գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը տնտեսության մեջ, հետազոտական և կրթական գործընթացում,
5) Կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը,
9) Բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային
մակարդակի բարձրացումը,
10) Սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը` ժողովրդավարական ու քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում: (Բոլոր ընդգծումները հեղինակինն են):
Այսինքն, վերոհիշյալ հոդվածներում խոսվում է բարձրագույն ուսումնական հաստատության այնպիսի գործառույթների մասին, որոնց նպատակը ոչ թե հասարակական դրվածքի պասիվ արտացոլումն է, այլ նրա զարգացումը, մակարդակի բարձրացումը, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը, պատասխանատվության արմատավորումը և նոր գիտելիքների ներդրումն ապահովելը: Նկատենք նաև, որ եթե հասարակական կեցությունը մի մասով հիմնված է չգրված նորմերի վրա, ապա ԵՊՀ-ն, որպես ֆորմալ կառույց, պարտադրված է գործել համաձայն որոշակի գրված նորմերի, այսինքն՝ ըստ «ՀՀ բարձրագույն կրթության մասին» օրենքի, ըստ ԵՊՀ կանոնադրության, ինչպես նաև՝ համաձայն Աշխատանքային օրենսգրքի և այլ օրենսդրական փաստաթղթերի: Թվարկվածից նաև հետևում է, որ եթե երկու սուբյեկտներից (հասարակություն և բուհ) մեկին վիճակված է արտացոլել մյուսին, ապա հասարակությունը պետք է արտացոլի բարձրագույն կրթությունը և ոչ թե` հակառակը:
Լրագրողների հետ վերոհիշյալ հանդիպման ժամանակ, ԵՊՀ-ում տեղ գտած չարաշահումներին վերաբերող հարցադրմանն ի պատասխան՝ Ա. Սիմոնյանի արձագանքում ակնհայտ են լրագրողի հարցադրումը միտումնավոր այլ հարթություններ տեղափոխելու որոշակի փորձեր: Օրինակ, մի դեպքում Ա. Սիմոնյանն այն տեղափոխում է ֆինանսական խնդիրների հարթություն (տնտեսական ճգնաժամ), մեկ այլ դեպքում, իբրև բուհում առկա թերությունների պատճառ, նշում է երկրի ներսում իրականացվող սոցիալական շարժումները (սոցիալական ընդվզումները): Առաջին միտման հետ կապված՝ պետք է նկատել, որ տնտեսական ճգնաժամը տնտեսության և ոչ թե՝ հասարակության բնութագիր է: Հասարակության համար օգտագործվում է «հասարակական ճգնաժամ» եզրը, որը նկատի ունի արժեքների և հարաբերությունների որակապես այլ համախումբ: Ուստի, առավելագույն դեպքում, ԵՊՀ-ն Ա. Սիմոնյանի կողմից կարող էր ներկայացվել որպես երկրի տնտեսության հայելի, այն էլ դարձյալ՝ ոչ առանց շահարկման:
Ոչ պակաս դժվար հիմնավորելի է նաև հասարակական ընդվզումները ԵՊՀ ֆինանսական վիճակի հետ կապելը: Իրականում, այստեղ փորձ է արվում օգուտը իբրև վնաս ներկայացնել: Որովհետև, եթե ռեկտորը նկատի ունի Թավշյա հեղափոխության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները, ապա դրանց արդյունքում ԵՊՀ-ին ոչ թե ֆինանսական վնասներ են հասցվել, այլ հակառակը՝ համալսարանը ազատվել է իշխող հհկ-ական կուսակցության պարտադրանքով տարիներ շարունակ նրա երիտասարդական թևին (հիմնադրամին) հսկայական գումարներ վճարելուց, որոնք այսօր՝ հենց այդ ընդվզումների արդյունքում, օգտագործվում են ԵՊՀ կարիքների համար:
Ակնհայտ է, որ ԵՊՀ ռեկտորը դիմելով «հայելու» մետաֆորի օգտագործման հնարքին, մի կողմից խուսափում է ԵՊՀ-ում տեղ գտած չարաշահումների և կրթության որակին վերաբերող մեղադրանքների մասին կոնկրետ փաստերով խոսելուց, մյուս կողմից՝ ընդունում է, որ դրանք կան: Միևնույն ժամանակ, նույն «կախարդական» մետաֆորի միջոցով նա փորձում է դրանց պատճառները դուրս բերել ԵՊՀ ներքին գործունեության շրջանակներից և վերագրել արտաքին գործոններին: Միանգամայն հասկանալի է, որ Ա. Սիմոնյանի նպատակը ԵՊՀ-ում առկա կրթական և վարչական բնույթի խնդիրների համար պատասխանատվությունից խուսափելն է: Ի դեպ, ուշագրավ է, որ երբ նույն հարցազրույցում նա խոսում է ԵՊՀ ձեռքբերումների մասին, դրանք համարում է զուտ իր ջանքերի ու աշխատանքի արդյունքը: Բայց ձախողումների և իր ձևակերպմամբ՝ թերությունների համար, ստացվում է, որ «մեղավորը» համալսարանի հայելային կարգավիճակն է:
Նիկոլ Մարգարյան
18.04.2019