ՀԱԿԱՀՈՒՄԱՆԻՍՏԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ «ՀՄԱՅՔԸ»

...

Բաղադրություն

  • Անհիմն պնդում և ապատեղեկատվություն
  • Տրամաբանության բաժանման օրենքի խախտում
  • Անորոշ հասկացություններով մանիպուլյացիա
  • Հակամարդասիրական պնդում

 

Հայաստանում անկախության շրջանից ի վեր, իսկ վերջին տարիներին՝ առավել ևս, հասարակական հնչեղություն են ստանում պետության և եկեղեցու հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցեր: Վերջին աղմկահարույց դեպքերից մեկին՝ ՀՀ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթին, հետևած իրադարձությունները նույնպես այդ շարքից են և այնքան ծավալնվեցին, որ դրանց արձագանքը հասավ անգամ ՀՀ վարչապետին:

Դեպքի առիթով արտահայտվեցին մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ, պատգամավորներ և հոգևորականներ: Հատկապես վերջիններիս հրապարակային խոսքն աչքի է ընկնում մանիպուլյացիաներով, հասկացությունների նենգափոխմամբ, անհիմն ընդհանրացումներով և այլ հնարքներով, որոնք ունեն զանգվածային գիտակցության վրա ազդելու մեծ ներուժ: Օրինակ, Տեր Սերոբ քահանա Ազարյանի՝ թեմային առնչվող ֆեյսբուքյան գրառումը տեղադրվելուց 13 ժամ անց արդեն ուներ 1.200 հավանում և 1.000 տարածում:

 Պատասխանելով ՀՀ վարչապետի հռետորական հարցին, թե՝ տրանսգենդերը մարդ է, թե ոչ, Սերոբ Ազարյանը բերում է հասարակության շերտերի մի ամբողջ ցուցակ, որում միախառնված են նույնասեռականները, փողոցում աղբ թափողները, հոգեկան շեղումներ ունեցողները, կաշառակերները, վարակիչ հիվանդություններ ունեցողները... Իրականում, սա տրամաբանության տարրական կանոններից մեկի՝ բաժանման օրենքի կոպիտ խախտում է: Համաձայն բաժանման օրենքի՝ որևէ հասկացություն բաժանելիս պետք է պահպանել բաժանման հատկությունը ողջ ընթացքում: Օրինակ, ճիշտ կլինի ասել՝ «ուսանողները բաժանվում են վճարովի և անվճար հիմունքներով սովորողների», բայց սխալ կլինի՝ «ուսանողները բաժանվում են վճարովի հիմունքով սովորողների և բարձրահասակների» ասելը, որովհետև երկրորդ դեպքում ստացված մարդկանց խմբերը չեն բացառում միմյանց: Սերոբ Ազարյանի բերած բաժանումը ակնհայտորեն խախտում է այս օրենքը, որովհետև մարդկանց բաժանումը արված է միաժամանակ և՛ իրավական, և՛ հոգեբանական, և՛ բժշկական բնույթի հատկությունների հիման վրա: Այդ դեպքում մեծ է վտանգը, որ զանգվածային գիտակցության մեջ մարդկանց մի խմբի նկատմամբ վերաբերմունքը կամ գնահատականը ենթագիտակցորեն կտարածվի մյուս խմբերի վրա, ինչը կարող է դիտվել որպես մանիպուլյացիա:

Մարդկանց «տեսակները» նշելուց հետո Սերոբ Ազարյանը եզրակացնում է, որ բոլոր նշված կատեգորիաներին պատկանող մարդիկ մարդ են միայն ֆիզիկական իմաստով, իսկ բարոյական իմաստով՝ ոչ: Սա անորոշ հասկացություններով կամ էմոցիոնալ երանգավորում ունեցող հասկացություններով հայտնի մանիպուլյացիա է: Խնդիրն այն է, որ մարդու ֆիզիկական գոյությունը հստակ է, կոնկրետ և կախված չէ դիտարկողի ճաշակից, գաղափարական կամ մշակութային համակարգից: Մինչդեռ մարդու բարոյական չափումն անորոշ է՝ կախված գաղափարական, մշակութային, կրոնական և այլ համակարգերից: Սա նշանակում է, որ բարոյականությունը չունի մեկ՝ բոլորի համար պարտադիր իմաստ և նշանակություն:

«Ի հարկէ մարդ էին ֆիզիքական իմաստով, բայց բարոյակա՛նը, մանաւա՛նդ ԲԱՐՈՅԱԿԱՆը մարդու անգնահատելի, անբաժանելի մի մասը պէտք է լինի կեանքում, որպէսզի իրաւամբ ՄԱՐԴ կոչուի».- այս պնդմամբ՝ Տեր Սերոբ քահանա Ազարյանն իր պատկերացրած բարոյականության մոդելում մերժում է իր կողմից նշված բոլոր կատեգորիաների մարդկանց բարոյական լինելը: Ընդ որում, խոսքը նաև հոգեկան խնդիրներ կամ վարակիչ հիվանդություններ ունեցող, կամ փողոցում աղբ թափող մարդկանց մասին է: Ակնհայտ է, որ սա հակամարդասիրական պնդում է, քանի որ մարդիկ, որոնք ունեն բժշկական օգնության կարիք, հոգևորականի կողմից հավասարեցվում են պոռնոգրաֆիկ նյութեր տարածողներին կամ կաշառակերներին:

 ՀՀ վարչապետին ուղղված կոչում Սերոբ Ազարյանը գրում է. «Դուք մեր ազգի վարչապետն էք, եւ պէտք է տիպար լինէք մեր համար։ ... դուք նաեւ որպէս մեր ազգի գլուխը եւ ղեկավարը, պէտք չէ հետեւէք Եւրոպայի տուած պատգամներին եւ կեղծաւոր մարդասիրութեան...»: Այստեղ պետության գործադիր իշխանության ղեկավարին վերագրվում են նրա հետ կապ չունեցող գործառույթներ. երկրի վարչապետի փոխարեն՝ ազգի վարչապետ, «ազգի գլուխ», «ազգի ղեկավար»: Սա հասկացությունների նենգափոխման հնարք է, որը նպատակ ունի էմոցիոնալ երանգավորմամբ շեղել ընթերցողին՝ վարչապետին միայն իրավական և քաղաքական գործառույթների շրջանակներում ընկալելուց:

Անհիմն պնդում է պարունակում Սերոբ Ազարյանի հետևյալ դատողությունը. «Եւրոպան բարոյական առումով մեր ազգին ոչ մի օգուտ է տուել Ո՛Չ անցեալին, Ո՛Չ ներկայիս, եւ Ո՛Չ էլ ապագայում պիտի տայ»։ Ակնհայտ է, որ սա պարզապես կեղծ պնդում է, որովհետև հայկական և եվրոպական մշակույթների փոխկապվածությունն ու փոխհարստացումը հարյուրամյակների պատմություն ունի (գրատպության, կրթության, գիտության, արվեստի և այլ բնագավառներում), իսկ վերը նշված դատողության մեջ ապագայի վերաբերյալ կանխատեսումը, հասկանալի պատճառներով, որևէ հիմք ունենալ չի կարող:

 Այսպիսով, եկեղեցականի գրառումը ակնհայտ մանիպուլյացիա էր, իսկ գրառման մեջ արված որոշ պնդումներ կարող են դիտարկվել որպես մարդու արժանապատվության՝ սահմանադրական իրավունքի խախտում:

Հեղինակ՝ Մովսես Դեմիրճյան

19-04-2019