Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 25 մլն դրամ գրավի դիմաց դեկտեմբերի 21-ին կալանքից ազատ արձակեց գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին: Դատախազությունը խափանման միջոցի փոփոխման որոշումը բողոքարկեց վերաքննիչ դատարան։ Հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց դատախազության բողոքը և գրավի կիրառելիությունը ճանաչեց անթույլատրելի։ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը հիշյալ փաստի առթիվ իր ֆեյսբուքյան էջում կատարեց գրառում, որը լայնորեն տարածվեց մեդիատիրույթում. «Հարգելի՛լրագրողներ խնդրում եմ չզանգել. օրենքի, իրավաբանության, տրամաբանության հետ կապ չունեցող և ճնշումների տակ կայացրած հակահայկական դատական ակտերն առայժմ չեմ մեկնաբանում»։
ԴԵՏԵԿՏՈՐՆ արձանագրել է, որ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի կողմից դատական ակտը «հակահայկական» ներկայացնելը մանիպուլյատիվ հնարք է՝ ուղղված Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը «հերոսի», «հայության», «հայկականության» նկատմամբ հետապնդում որակելուն։
Մեր հիմնավորումները
ՀՀ գործող Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»:
ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատարանը գործը կամ հարցը (այսուհետ՝գործ) քննում և լուծում է Սահմանադրությանը և օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ»:
Սրանից հետևում է, որ դատավորի միակ պարտականությունն է՝ քննել գործը և կայացնել վճիռ՝ օրենքի, այլ ոչ՝ «հայկական», «ազգային», «բարոյական», «բարի», «հայանպաստ» և նմանատիպ այլ հասկացությունների շրջանակներում։
Օրենսդրական այս պահանջներին հասու լինելով, և իմանալով, որ օրենքին, իրավաբանությանը, տրամաբանությանը հակասող որոշումը կարելի է որակել որպես «հակաօրինական», «հակաիրավական», «հակատրամաբանական», բայց ոչ՝ «հակահայկական», փաստաբան Արսեն Մկրտչյանը, այնուամենայնիվ, «հայկականություն» ածականը շաղկապում է հիշյալ հասկացություններին՝ ելնելով մանիպուլյատիվ որոշ նպատակներից:
Դա առաջին հերթին արվում է, որպեսզի Մանվել Գրիգորյանի գործը դուրս բերվի սովորական քրեական հետապնդման ենթակա գործի տիրույթից և հանրային որոշ շրջանակներում դիտարկվի որպես հետապնդում «Արցախի հերոսի» նկատմամբ՝ ինչը ենթատեքստում «Հայաստանի» կամ «հայկականության» դեմ ոտնձգություն է ենթադրում։ Սրանով նաև փաստաբան Մկրտչյանը փորձ է անում շեղել հանրային ուշադրությունը Մանվել Գրիգորյանին մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը) և 235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված արարքներից։
Այս մտայնությունը կարմիր թելի պես անցնում է Արսեն Մկրտչյանի՝ սույն գործով տրված գրեթե բոլոր հարցազրույցներում։ Այսպես, 01.11.2019թ. Արսեն Մկրտչյանը հայտարարել էր. «Մանվել Գրիգորյանը ադրբեջանական գերության մեջ դիմակայած Արցախի հերոս է», կամ՝ 30.11.18թ. «Ազատություն» ռ/կ լրագրողի հետ զրույցում նշել էր. «Մանվել Գրիգորյանը ազատամարտի հերոս է, և այդ ճանապարհը անցնելիս ձեռք են բերում ոչ միայն թշնամիներ, կան նաև հարազատներ, ընկերներ, մարտական ընկերներ, որոնք որ իրենց համեստ լուման կունենան»: Ավելի վաղ՝ մեկ այլ լրատվամիջոցի հետ հարցազրույցում հայտարարել է. «Սխալ է զուգահեռներ անցկացնել Մանվել Գրիգորյանի և այն անձանց միջև, որոնց խափանման միջոցը փոխվել է, քանի որ վերջիններս ազգի հերոսներ չեն, հայրենիքի համար ներդրած լումա չունեն (…)», իսկ 21.08.2018թ., ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի հերոսը ՀԵՐՈՍ Է..... մայկով, առանց մայկա, մեկուսարանում, ազատության մեջ, ՀՀ-ում, Արցախում, արտերկրում, ընկերների, թշնամիների, դավաճանների, չկողմնորոշվածների, սխալվածների շրջապատում և ամենուրեք, իսկ նրա չուզողը՝ Աբիժնիկ բոլոր նույն աշխարահագրական վայրերում (…)»։
Այսպիսով՝ պարզ է դառնում, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի՝ 22.01.2019թ.ընդունած որոշումը «հակահայկական» որակելը ոչ թե փաստաբան Մկրտչյանի՝ էմոցիոնալ, պահի տակ արված հայտարարություն է, այլ՝ նախապես գիտակցված մանիպուլյացիա։ Կանխամտածված մանիպուլյացիա անելու մասին է վկայում նաև այն փաստը, որ ֆեյսբուքյան իր էջում հորդորելով լրագրողներին չզանգել իրեն և հայտնելով դատական ակտը մեկնաբանելու ցանկություն չունենալու մասին, Մկրտչյանը, այնուամենայնիվ, մեկնաբանում է այն՝ որակելով «հակահայկական»։
ԴԵՏԵԿՏՈՐՆ արձանագրում է, որ նման մանիպուլյացիաները՝ այս և նմանօրինակ հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերի առնչությամբ, ուղղված են մարդկանց հայրենասիրական զգացողությունների շահարկմանը և նպատակ ունեն նպաստել՝ նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչներից քաղաքական հալածյալի կերպար ստեղծելուն:
Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան
27-01-2019