«ԱՆՈՐՈՇ ԽՈՍՔԻ» ԴԵՍՏՐՈՒԿՑԻԱՆ

...

Բաղադրություն

  • Անորոշ խոսք

Հստակություն չունեցող, ոչ միանշանակ, անորոշ արտահայտությունները, առաջարկները, նախագծերը եւ այլն (հետայսու կանվանենք դրանք որպես «անորոշ խոսք») պոտենցիալ շահարկումների առիթ են ինչպես դրանց հեղինակների, այնպես էլ վերջիններիս ընդդիմախոսների համար: Բանն այն է, որ «անորոշ խոսքը» կարելի է մեկնաբանել այնպես, ինչպես ձեռնտու է մեկնաբանողին կամ այնպես, ինչպես մեկնաբանողը պատկերացրել(վերծանել) է այն իր մտքում, ինչը կարող է դժգոհություն, անհամաձայնություն, զայրույթ առաջացնել այդպիսի խոսքի սեփական, դիմացինի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանություն ունեցողների մոտ: Այդ իսկ պատճառով քաղաքական կյանքում «անորոշ խոսքը» կարելի է դասել  կոնֆլիկտոգեն երեւույթների, ինչպես նաեւ մանիպուլյատիվ գործիքների շարքին: Բացի դրանից, նման խոսքն՝ իր պոտենցիալ մանիպուլյատիվությամբ, ժողովրդավարական հասարակությունում կարող է անհիմն եւ հակասական հանրային ակնկալիքների ձեւավորման առիթ դառնալ, ինչն, իր հերթին,  անվստահություն եւ կոնֆլիկտային հարաբերություններ է առաջացնում հանրության տարբեր շերտերի եւ քաղաքական սուբյեկտների միջեւ:

Ստորեւ կվերլուծենք «անորոշ խոսքի» մի թարմ օրինակ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 18-ին հայտարարեց, որ «Իրավիճակը հաղթահարելու եւ երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ»: Նա ներկայացրեց  «առաջիկայում կարեւորագույն անելիքների» 15 կետից բաղկացած սեփական ճանապարհային քարտեզը եւ նշեց, որ այդ «ամենի կարեւորագույն նպատակը Հայաստանի ժողովրդավարական կայունության ապահովումն է եւ երաշխիքների ստեղծումը, որ Հայաստանում իշխանության ձեւավորմանը ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով որեւէ բան չի սպառնում»: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաեւ՝ «միջոցառումների իրագործումը անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելը կտեւի վեց ամիս: 2021 թվականի հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»:

Նախ եւ առաջ, հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալից հստակ չի հասկացվում, թե ինչպես է վարչապետը պատկերացնում, բնութագրում ստեղծված իրավիճակը, որի հաղթահարմանն ուղղված գործողություններ է ներկայացնում: Ակնհայտ է, որ տարբեր մարդիկ եւ խմբեր տարբեր կերպ են գնահատում հետպատերազմյան իրավիճակը եւ որպեսզի քաղաքացիները կարողանան վերաբերմունք ձեւավորել՝ հավանության արժանացնել, կամ մերժել ներկայացված քարտեզը, նրանք պետք է իմանան, թե որքանով է վարչապետի կամ կառավարող ուժի իրավիճակին տրված գնահատականը համընկնում իրավիճակի սեփական պատկերացումների հետ: Հնարավոր է, որ տարբեր ելույթների եւ «լայվերի» ժամանակ ներկայացվել են որոշակի մոտեցումներ, բայց, փաստացի, համապարփակ եւ, ամենակարեւորը՝ ճանապարհային քարտեզին կցված իրավիճակի նկարագրություն, որի հաղթահարման նպատակով մշակվել եւ ներկայացվել է քարտեզը, չի տրվել:

Հաջորդ խնդիրը այն է, որ հստակ չէ, թե ճանապարհային քարտեզում առկա կետերի իրագործման արդյունքում ինչպես ենք պարզելու․ ստեղծվա՞ծ են արդյոք երաշխիքներ, որ «Հայաստանում իշխանության ձեւավորմանը ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով որեւէ բան չի սպառնում»: Ըստ Փաշինյանի ներկայացրածի ստացվում է, որ թավշյա հեղափոխությունից 2,5 տարի անց դեռեւս չկան երաշխիքներ առ այն, որ «Հայաստանում իշխանության ձեւավորմանը ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով որեւէ բան չի սպառնում» եւ ակնկալվում է, որ այդ երաշխիքները կձեւավորվեն 6 ամսվա ընթացքում: Այստեղ խնդիրը նաեւ այն է, որ նկարագրված չէ, թե որոնք են այսօր այն սպառնալիքները, որոնք վտանգում են ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով իշխանության ձեւավորմանը: Եւ այս պարագայում ինչպե՞ս ենք հետագայում գնահատելու՝ վերացված են, թե ոչ այդ սպառնալիքը/ները: Օրինակ, եթե լուծված են լինելու ճանապարհային քարտեզում նշված սոցիալական բնույթի խնդիրները եւ/կամ ընդունված են լինելու նոր ընտրական օրենսգիրքն եւ կուսակցությունների մասին օրենքը, արդյո՞ք դա կնշանակի, որ երաշխիքները ստեղծված են եւ եթե այո, ապա ինչպե՞ս է դա հիմնավորվում:

Եվ վերջապես, վարչապետը նշում է, որ այն բանից հետո, երբ ինքը հունիսին հանդես կգա ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ «հետագա անելիքների վերաբերյալ որոշում կկայացնի»՝ «հաշվի առնելով հանրային կարծիքը եւ արձագանքը»:

Այստեղ հարցերի առնվազն երկու բլոկ է առաջանում՝

1) Հետագա ինչպիսի՞ անելիքների մասին է խոսքը եւ  ինչպե՞ս է ճանապարհային քարտեզի արդյունքները ազդելու որոշման կայացման վրա:  Ասենք, եթե պարզվում է, որ մեծամասամբ իրականցվել են քարտեզի կետերը եւ, արդյունքները, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ են վարչապետի համար, ի՞նչ է դա նշանակում, արդյո՞ք դրանից կարող ենք հետեւություն անել, որ, վարչապետի կարծիքով, արդեն ստեղծվել են երաշխիքներ առ այն, որ «Հայաստանում իշխանության ձեւավորմանը ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով որեւէ բան չի սպառնում» եւ եթե այո, ապա կարող ենք դրանից ակնկալել, օրինակ, արտահերթ ընտրությունների անցկացում, թե հակառակը՝ արտահերթ ընտրությունները կառավարող ուժի օրակարգից ընդհանրապես դուրս են գալու:

Իսկ եթե պարզվի, որ ճանապարհային քարտեզի իրագործումը, վարչապետի գնահատմամբ, առնվազն բավարար որակի չէ, ապա տրամաբանական է, որ վարչապետի կարծիքը պետք է լինի այն, որ նշված սպառնալիքը չի վերացել: Սակայն այդ դեպքում ի՞նչ արձագանք է ակնկալելու վարչապետը հանրության տարբեր շերտերից․ եթե դա լինի քննադատություն եւ/կամ հրաժարականի պահանջ, ապա հրաժարական տալու դեպքում կստացվի, որ նա գնում է այդ քայլին այն պայմաններում, որ իր նշած սպառնալիքը վերացած չէ եւ այդպիսով վտանգում է ժողովրդի իշխանությունը: Իսկ եթե վարչապետը այդ դեպքում ակնկալելու է ճանապարհային քարտեզի իրագործման ժամկետը երկարացնելու «մանդատ ստանալ», ապա ինչո՞ւ է պետք, որ հանրային տարբեր շերտերը տան նրան այդ «մանդատը»․ չէ որ այդ դեպքում կստացվի, որ նրանք աջակցում են իրավիճակի հաղթահարումը չիրագործած վարչախմբին:  

2) Եւ, վերջապես, ամենակարեւոր հարցերից մեկը՝ ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով է պարզվելու «հանրային կարծիքը եւ արձագանքը», որը եւ հաշվի առնելով Փաշինյանը նախատեսում է որոշում կայացնել հետագա անելիքների վերաբերյալ: Արդյո՞ք «հանրային կարծիքը եւ արձագանքը» պարզելու համար, օրինակ, նախատեսվում է հանրաքվե անցկացնել:

Ամփոփելով՝ նշենք, որ եթե ներքաղաքական ստատուս քվոյի պահպանման պարագայում վերոնշյալ հարցերը այդպես էլ մնան անպատասխան եւ սույն վերլուծության առարկա հանդիսացած «անորոշ խոսքը» չպարզաբանվի, ապա մեծ է հավանականությունը, որ մոտ ապագայում հերթական քաղաքական սրացման, հասարակական-քաղաքական նոր կոնֆլիկտների ենք ականատես լինելու Հայաստանում:

 

Էդգար Վարդանյան

15/12/2020