ԿԱՌԱՎԱՐՈՂ ՈՒԺԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐՆ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՐՑՈՒՄ

...

Բաղադրություն

  • Մի շարք փորձագետների/գիտնականների բացասական եզրակացությունների անտեսում:
  • Ենթադրություն, որ մեկ այլ փորձագիտական եզրակացություն կարող է լինել անթերի և անսխալական, տալ «անառարկելի» պատասխաններ «բոլոր» հարցերին:
  • ՀՀ օրենսդրության որոշ խախտումների մասին քննարկման բացակայություն:
  • Ջերմուկ խոշորացված համայնքի դիրքորոշման անտեսում:
  • Ջերմուկ քաղաքի՝ որպես առողջարանային և տուրիստական կենտրոնի վրա բացասական սոցիալ-տնտեսական ազդեցության բարձր հավանականության անտեսում:

 

Հետհեղափոխական իշխանության որոշ ներկայացուցիչների հայտարարությունները վկայում են այն մասին, որ նրանք Ամուլսարի հարցում կենտրոնական գործոն են համարում փորձաքննության արդյունքները, որն իրականացվում է ELARD կազմակերպության կողմից՝  քրեական գործի շրջանակներում:

Փորձաքննության կենտրոնական դերը նախ շեշտել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018թ. հոկտեմբերի 24-ին՝ երբ դեռ գործի շրջանակներում մրցույթ չէր հայտարարվել: Ն. Փաշինյանը Ազգային ժողովում ելույթի ժամանակ, մասնավորապես, ասել էր.

«Երբ որ կլինի հիմնավորում, որ դա [շահագործումը] անվտանգ ա Սևանի և Ջերմուկի ջրային համակարգի վրա, այո՛, էդ նախագիծը կաշխատի: Եթե պարզվի, որ վտանգ կա Սևանի համար և ջրային համակարգի վրա, ի հեճուկս որևէ բանի, ես՝ որպես վարչապետ, թույլ չեմ կարող տալ, որ դա աշխատի ... Ամուլսարի հետ կապված ... մեր մտածածը ինչ ա, որ մենք էդ խնդիրը իրավական էնպիսի ընթացակարգերով տանենք, որ ձևավորվի պատասխաններ, որոնք անառարկելի լինեն էդ պատասխանները մասնագիտական հարթության վրա: Այսինքն, հիմա մենք մտածում ենք, որ քրեական գործի ընթացակարգով մենք հրավիրենք մի էնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպության, ով գա, նայի և տա եզրակացություն, և էդ եզրակացությունը պատասխանի մեր առաջադրած բոլոր հարցերին: Եվ նոր հարցեր չառաջացնի»:

Այնուհետև, ELARD կազմակերպության փորձաքննության որոշիչ դերը շեշտվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից: 2019 թ. մայիսի 16-ին նա հայտարարել է. «ըստ այդ [ELARD-ի] հետազոտության արդյունքների էլ կառավարությունը կշարժվի ...Եթե բնապահպանական որևէ խնդիրներ չի առաջացնում կամ այն խնդիրները, որոնք որ առաջացնում է ընկերությունը ... վերահսկելի են մեր համար, ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը»:

Տվյալ դիրքորոշումը, թեև կարող է համոզիչ հնչել, լուրջ բացթողումների վրա է հիմնված: Նույնիսկ, եթե մի կողմ դնենք ELARD կազմակերպության ընտրության և սպասվող փորձաքննության թափանցիկության մասին հարցերը, տվյալ դիրքորոշումն անտեսում է բազմաթիվ կարևոր փաստեր և հանգամանքներ:

Մեր հիմնավորումները.

Վարչապետ Ն. Փաշինյանի այն պնդումը, որ հնարավոր է մեկ կազմակերպությունից ստանալ «անառարկելի» պատասխաններ, կարող է հիմնված լինել գիտական հետազոտությունների / փորձաքննությունների որակը գերագնահատելու վրա: Այս մոտեցումը հաշվի չի առնում այն փաստը, որ հանքերի ազդեցության մասին փորձագիտական կանխատեսումները շատ հաճախ սխալական / չափազանց լավատեսական են լինում: Այս մասին են վկայում գիտական հետազոտությունները, որոնք իրականացվել են հանքերի շահագործումից հետո, համեմատելով  այդ հանքերի՝ ջրերի վրա ազդեցության կանխատեսումները վերջիններիս իրական ազդեցությունների հետ:

Օրինակ, ԱՄՆ-ում իրականացված հանքերի լայնածավալ հետազոտությունը բացահայտել է, որ 13 հանքերից, որոնք [ինչպես Ամուլսարը] մոտ էին գտնվում վերգետնյա ջրային պաշարներին և ունեին թթվային դրենաժի և/կամ աղտոտիչների արտահոսքի միջին կամ բարձր պոտենցիալ, 12-ի դեպքում (92%) տեղի ունեցավ ջրային համակարգերի աղտոտում, որից 11-ի դեպքում (85%)՝ աղտոտումը գերազանցեց թույլատրելի չափանիշները: Այդ 11 հանքերից 10-ի դեպքում (91%) կանխատեսումները սխալ էին. «կանխատեսվում էր, որ վերգետնյա ջրերի [աղտոտման] չափանիշները չեն գերազանցվի»:[i]

Այն հանքերի համար (11), որոնք [ինչպես Ամուլսարը] մոտ էին գտնվում ստորգետնյա ջրային ռեսուրսներին, կամ որոնց տարածքում կային աղբյուրներ, կամ արտահոսք էր թույլ տրվում, ու կար աղտոտիչների արտահոսքի միջին կամ բարձր պոտենցիալ՝ 10-ի դեպքում կանխատեսվում էր ցածր ազդեցություն ստորգետնյա ջրերի վրա: Սակայն 11-ի դեպքում էլ ջրի (ստորգետնյա կամ աղբյուրների) աղտոտումը գերազանցել էր թույլատրելի նորմերը[ii]: Այդ հետազոտությունները ցույց տվեցին նաև, որ ժամանակակից մեթոդները, որոնք օգտագործվում են ջրային ռեսուրսների վրա հանքերի ազդեցությունը գնահատելու համար, հեռու են կատարյալ և ստույգ լինելուց: Նման դեպքերում աղտոտման կարևոր պատճառներից է նաև մեղմացնող միջոցառումների ձախողումը:

Ցավոք, Ամուլսարում նույնպես առկա են բոլոր վերոհիշյալ երկրաբանական առանձնահատկությունները: Հաշվի առնելով, որ նման երկրաբանական պայմաններում կանխատեսումների սխալականությունը չափազանց բարձր է, ինչպես նաև այն, որ Ամուլսարը գտնվում է Հայաստանի համար ռազմավարական ջրագոյացման գոտում, անհասկանալի է այն փաստը, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ ցանկանում են որպես հիմք ընդունել միայն մեկ կազմակերպության սպասվող փորձաքննությունը: Հայաստանի համար ավելի ապահով կլիներ, եթե իշխանությունները հիմք ընդունեին  մի քանի փորձագետների կարծիքները, առավել ևս, երբ մի շարք գիտնականներ արդեն իսկ նախագծի վերաբերյալ հնչեցրել են  խիստ բացասական գնահատականներ:  

Մասնավորապես, տասնամյակների փորձ ունեցող 4 անկախ միջազգային փորձագետները[iii], որոնք մանրակրկտորեն ուսումնասիրել են Ամուլսարի շահագործման նախագիծը և ներկայացրել մանրամասն վերլուծություններ, հանգել են հետևյալ եզրակացությանը. «Հաշվի առնելով պլանավորված հանքարդյունահանման մոտեցումները, շատ բարձր ռիսկ կա, որ թթուն, մետաղները, ցիանիդը և թիոցիանատը, սուլֆատները և նիտրատները աղտոտելու են ստորգետնյա ջրերը, աղբյուրները, գետերը (Արփան, Որոտանը, Դարբը) ինչպես նաև Կեչուտի ջրամբարը [և Սպանդարյան-Կեչուտ ջրատարը (որը Որոտան-Արփա-Սևան ջրատարի հատվածն է)]՝ տասնամյակներ շարունակ կամ ավելի երկար: Լիդիանը առաջարկում է միջոցառումներ, որոնք համապատասխան չեն կանխարգելելու՝ նրանց ներթափանցումը միջավայր»: Աղտոտիչների ցանկը ներառում է սնդիկ, մկնդեղ, ծարիր, պղինձ, ցինկ, ամոնիակ, կադմիում, ցիանիդ, կապար, սելեն, նիտրատներ, թիոցիանատ, որոնցից միայն փոքր մասի համար է Լիդիանը միջոցառումներ նախատեսել (էջ 2):[iv] Ըստ փորձագետների՝ մի շարք հանգամանքներ (օր. հանքի բարձր ռիսկայնությունը, Լիդիանի փորձի պակասը և այն, որ նրանք չափազանց փոքր գումար են նախատեսել որպես ֆինանսական երաշխիք ՀՀ-ի համար) առաջացնում են այն ռիսկը, որ հանքը ժամանակից շուտ կլքվի և ֆինանսական ու բնապահպանական ծախսերը կընկնեն Հայաստանի ժողովրդի և միջազգային ներդրողների ուսերին (էջ 3): Ավելին, «ՀՀ Կառավարության ընթացիկ ծախսերը [Ամուլսար] հանքի շահագործումից հետո կարող են գերազանցել շահագործման ընթացքում պետության եկամուտը» (Gerson and Smart 2017): 

Հետաքրքրական է, որ գիտնականների նման գնահատականների առկայութան պայմաններում, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Փորձագիտական մակարդակով, անկեղծ ասած, ես դեռևս որևէ հիմնավոր փաստարկ չեմ լսել»: Ընդ որում, նա չի բերել տվյալ եզրակացությունները հերքող փորձագիտական որևէ հակափաստարկ: Նման որակումն առանց որևէ գիտական հիմնավորման՝ ինքնին հիմնավոր չէ:

Ավելին, դեռ 2012 թ. ԳԱԱ Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել Ամուլսարի նախագծին՝ արձանագրելով գրունտային ջրերի բազմաթիվ ելքերի գոյությունը, «որոնք լցակույտում պարունակվող վտանգավոր բաղադրիչները կտեղափոխեն Որոտանի գետահունը, այնուհետև Որոտան-Արփա-Սևան թունելով Սևանա լիճ»՝  մատնանշելով նաև մի շարք այլ հանգամանքներ: Հետաքրքիր է, որ 2016թ. նույն հանձնաժողովն արդեն դրական եզրակացություն է տվել նախագծին, թեև մեջբերված հանգամանքներից ոչ մեկը չէր փոխվել: Ամուլսարում շահագործման վտանգների մասին են զգուշացրել նաև մի շարք այլ գիտնականներ, այդ թվում՝ երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:

Այնուհետև, մի շարք մասնագետներ բարձրաձայնել են ՀՀ օրենսդրության խախտումների մասին՝ Ամուլսարի նախագծի հետ կապված: Օրինակ, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված` հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրականացմանն աջակցող աշխատանքային խմբի անդամ Նազելի Վարդանյանն իր եզրակացության մեջ մանրամասն քննարկում է ՀՀ բազմաթիվ  օրենքների և միջազգային կոնվենցիաների խախտումները (ներառյալ՝ ջրային և Սևանա լճի, Ջերմուկ առողջարանի, ընդերքի, բուսական աշխարհի, կենդանական աշխարհի մասին և այլն): Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների, ELARD -ի փորձաքննությունը վերաբերում է ջրային ռեսուրսների և երկրաբանության հարցերին: Այս պարագայում, փորձաքննությունը որպես կենտրոնական գործոն դիտարկելը, ստվերի մեջ է թողնում  այլ ոլորտներին վերաբերող օրենքների խախտումների հետաքննության և վերացման կարևորությունը: Այսպիսի խախտումներից է, օրինակ, ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսի աճելավայրում հանքարդյունաբերական գործունեությունը թույլատրող (ինչը կհանգեցնի աճելավայրի ոչնչացմանը) և տվյալ բույսի տեղափոխությունը թույլատրող՝ ՀՀ Կառավարության 31.06.14թ. հ.781-Ն որոշմամբ հաստատված Կարգը[v]: Արդյո՞ք հայտարարություններում տվյալ հարցերի շրջանցումը և ELARD -ի փորձաքննության որոշիչ դերի շեշտումը նշանակում է, որ իշխանության ներկայացուցիչները երկրորդական են համարում տվյալ օրինախախտումների հետաքննության և վերացման հարցը: Նման մոտեցումը հակասում է վարչապետ Փաշինյանի այլ հայտարարություններին՝ հանքարդյունաբերությունը օրինական դաշտ բերելու մասին:

Հասկանալի չեն նաև Ջերմուկի՝ որպես առողջարանային կենտրոնի վրա հանքի պոտենցիալ բացասական ազդեցության, ինչպես նաև, Ջերմուկ ազդակիր համայնքի բնակիչների դիրքորոշման անտեսումը: Ջրերի աղտոտումից ոչ պակաս կարևոր են տվյալ խոշորացված համայնքի բնակիչների ապագայի, աշխատատեղերի, ապրուստի միջոցների հարցերը, որոնք կարող են լուրջ վտանգի տակ հայտնվել՝ զբոսաշրջության, առողջարանային և գյուղատնտեսական գոտում հանքարդյունաբերության պատճառով: Ըստ Միջազգային ֆինանսական կորպորացիայի օմբուդսմենի գրասենյակի (ՄՖԿ-ն նախկինում Լիդիանի ներդրողներից էր), Լիդիանի կողմից գնահատված չեն նախագծի հետևանքները Ջերմուկ առողջարանային քաղաքի և Գնդեվազի բնակիչների համար:  ELARD կազմակերպության փորձաքննությունը նույնպես չի ներառում տվյալ հարցերի պատասխանները, մինչդեռ ազդակիր համայնքների կորուստները պետք է զգուշորեն հաշվարկված լինեն՝ լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներից խուսափելու համար:

Հայտնի է նաև, որ Ջերմուկի բնակիչները 3000 ստորագրությամբ հանրագիր են ներկայացրել իշխանություններին՝ պահանջելով «բացառել մետաղական հանքարդյունաբերության հեռանկարը Ջերմուկ համայնքում»: Մինչ այդ, երկար ժամանակ (2009-2015)՝ Ջերմուկն, առհասարակ, չէր ճանաչվում  որպես նախագծի ազդակիր համայնք, իսկ 2016-ից հետո կայացած հանրային լսումներն իրականացվել են ՀՀ օրենսդրության և միջազգային ակտերի խախտումներով: Այդ առումով, ջերմուկցիները զրկված էին սեփական դիրքորոշումը հանրային քննարկումների ընթացքում արտահայտելու իրավունքից, թեև 2012թ. Ջերմուկի ավագանին բաց նամակով պահանջել էր արգելել հանքի շահագործումը (հանքի շահագործման դեմ էին արտահայտվել նաև Ջերմուկի հյուրանոց-առողջարանների ղեկավարները): Քանի որ հեղափոխության առաջնորդները հանդես էին գալիս ուղիղ ժողովրդավարությունն ուժեղացնելու, իշխանությունն ապակենտրոնացնելու խոստումներով, հասկանալի չէ, թե ինչու են համայնքի դիրքորոշումն ու հանրային լսումների անցկացման խախտումներն անտեսվում նրանց կողմից:

Տվյալ հարցերի անտեսումը իշխանության ներկայացուցիչների հայտարարություններում՝ բացահայտում է նրանց մոտեցման միակողմանիությունն ու  լուրջ բացթողումները: Արդյունքում, ցուցաբերվող մոտեցումը չի՛ կարող համարվել համապարփակ և բոլոր կողմերի՝ հատկապես ազդակիր բնակիչների շահերը հաշվի առնող:

Հեղինակ՝ Միլենա Բաղդասարյան

11-08-2019 



[i] Ընդհանուր առմամբ, այդ 13 հանքերից 10-ի դեպքում (77%) կանխատեսումները սխալ էին. կանխատեսվում էր, որ հանքարդյունաբերության արդյունքում ջրում աղտոտիչների պարունակությունը չի գերազանցի ընդունված չափանիշները, սակայն, իրականում ջրերի աղտոտումը գերազանցեց այդ ստանդարտները: Միայն 3 դեպքում էին կանխատեսումները ճշգրիտ. 1 դեպքում կանխատեսվում էր, որ ջրերի աղտոտումը կգերազանցի ստանդարտները և 2 դեպքում՝ որ աղտոտումն այդ չափի չի հասնի:

[ii] Այդ 11 հանքերից 1-ի դեպքում դեռ պարզ չէր՝  արդյոք չափանիշների գերազանցումը հանքից արտահոսքի պատճառով էր տեղի ունեցել:

[iii] Գիտությունների դոկտորներ Էնն Մաեսթը (Buka Environmental ԱՄՆ), Անդրե Սոբոլևսկին (Clear Coast Consulting, Inc., Կանադա), Անդրեա Գերսոնը և Ռոջեր Սմարթը (Blue Minerals Consultancy, Ավստրալիա):

[iv] Ըստ փորձագետների՝ ջրերի աղտոտման մասին Լիդիանի պնդումները ստույգ չեն և թերի են, իսկ որոշ պնդումներ չեն համապատասխանում իրենց իսկ հետազոտությունների արդյունքներին: Ավելին, կազմակերպության որոշ հետազոտություններ կողմնակալ են կամ ոչ համարժեք. օրինակ՝ ամենալուրջ վտանգ ներկայացնող (մետաղների և սուլֆիդների բարձր պարունակություն ունեցող) ապարները դուրս են թողնվել փորձարկումներից՝ «առաջացնելով կողմնակալություն, ինչը թերագնահատում է աղտոտիչների արտազատումը»: Եվ այսպիսի տեղեկատվության հիման վրա է կազմակերպությունը ստացել շահագործման թույլտվություն: Հաշվի առնելով, որ փորձարկումները չեն արտացոլում մետաղների և սուլֆիդների բարձր պարունակությունը, փորձագետները կանխատեսում են աղտոտման ավելի ծանր հետևանքներ, քան Լիդիանն է կանխատեսել:

[v] «Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման» Կարգ: