Նոյեմբերի 26-ին, հղում կատարելով Business for Busness կայքի հոդվածին՝ «Լիդիան Արմենիա» կազմակերպության ներկայացուցիչները հետևյալ ֆեյսբուքյան գրառումն են կատարել. «Չնայած հետևողականորեն տարածվող միֆերի, իրականում Հայաստանում քաղցկեղի ամենացածր տարածվածությունը հանքարդյունաբերական Սյունիքում է: ... հստակ է, որ հանքարդյունաբերության և քաղցկեղի կապի մասին խոսակցությունները չունեն ոչ մի գիտական հիմնավորում, իսկ Հայաստանում քաղցկեղով հիվանդացության դեպքերով առաջատարների մեջ են ոչ հանքարդյունաբերական Շիրակն ու Կոտայքը ...»:
Բացի այդ, անդրադառնալով Հ1-ի եթերում հոկտեմբերի 26-ին կայացած բանավեճին՝ հոկտեմբերի 27-ին նրանց կողմից ֆեյսբուքում տարածվեց հետևյալ գրառում-գովազդը. «Գիտական փաստ է, որ ժամանակակից հանքարդյունաբերությունը չի վտանգում առողջությունը: Դրա օրինակները բազմաթիվ են՝ Կանադայից Շվեդիա, Իսպանիայից Չեխիա: Հակառակ պնդումը՝ միֆ է (...)»:
Վերլուծելով այս գրառումները, ԴԵՏԵԿՏՈՐԸ հետևյալ մանիպուլյատիվ տարրերն է բացահայտել. տրամաբանական սխալ (մի քանի մասնավոր օրինակներից համընդհանուր դրույթի բխեցում), անորոշ տերմինի օգտագործում, անհիմն զուգահեռների անցկացում, անհիմն պնդում և ապատեղեկատվություն:
Մեր հիմնավորումները
Նախ՝ անդրադառնանք երկրորդ գրառմանը, որտեղ «Լիդիան Արմենիա» կազմակերպության ներկայացուցիչներն առաջ են քաշում ընդհանուր բնույթի մի պնդում (ժամանակակից հանքարդյունաբերությունը չի վտանգում առողջությունը), որը «գիտական փաստ» են որակում՝ հղում չկատարելով այդ դրույթն ապացուցող որևէ գիտական հետազոտության: Փոխարենը, առանց հիմնավորման, մասնավոր դեպքերի օրինակներ են բերում («Կանադայից Շվեդիա, Իսպանիայից Չեխիա») և տրամաբանական սխալ թույլ տալիս, որովհետև մի քանի մասնավոր օրինակներ, նույնիսկ՝ իրականությանը համապատասխանելու դեպքում (ինչն այդպես չէ), չեն կարող համընդհանուր պնդման ապացույց դառնալ՝ եթե հակառակն ապացուցող օրինակները բացառված չեն: Հոդվածում կներկայացնենք մի շարք գիտական հետազոտությունների օրինակներ, որոնք հակառակն են փաստում (այդ թվում նաև Իսպանիայի վերաբերյալ, որտեղ, ըստ Լիդիանի, «ժամանակակից հանքարդյունաբերությունը» չի վնասում առողջությանը):
Այնուհետև, հեղինակները կիրառում են «ժամանակակից հանքարդյունաբերություն» անորոշ ու լայն տերմինը՝ առանց սահմանելու վերջինիս չափանիշները: Օրինակ, արդյո՞ք կան «ժամանակակից հանքարդյունաբերության» համընդհանուր չափանիշներ, որոնք նույնն են բոլոր երկրներում, արդյո՞ք այդ տերմինը բացառում է որոշակի ռիսկային հանքարդյունաբերական մեթոդներ, արդյո՞ք այն ենթադրում է տարբեր երկրների պետական մարմինների կողմից կիրառվող միանման խիստ չափանիշներ և փորձաքննություն, և արդյո՞ք այս տերմինը վերաբերում է միայն մի քանի երկրի, այլ ոչ թե ցանկացած «ժամանակակից հանքարդյունաբերությանը»: Օրինակ, պնդու՞մ է արդյոք Լիդիանը, որ Ամուլսարում նախատեսվող՝ ցիանիդի միջոցով ոսկու կորզումը պատկանում է «ժամանակակից հանքարդյունաբերության» մեթոդներին: Եթե այո, ապա ինչու՞ է այդ մեթոդն ամբողջությամբ կամ մասնակի արգելված բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ որոշ նահանգներում, Գերմանիայում և Չեխիայում (որը նույնպես Լիդիանի կողմից վկայակոչվում էր որպես «ժամանակակից հանքարդյունաբերության» դրական օրինակ):
Հայտարարությունը տպավորություն է ստեղծում, որ նշված երկրներում գործում են «ժամանակակից հանքարդյունաբերության» անվտանգ մեթոդներ, որոնք չեն վնասում մարդկանց առողջությունը, և որ այդ երկրներում պայքար չկա հանքարդյունաբերական ռիսկային մեթոդների դեմ: Մինչդեռ, 2017թ. Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որում Եվրոպական հանձնաժողովին խրախուսել է ամբողջությամբ արգելել ցիանիդային հանքարդյունաբերական տեխնոլոգիաները Եվրոպական Միությունում: Սա տեղի է ունեցել Բայա Մարեում (Ռումինիա) 2000 թ, էկոլոգիական աղետից հետո, երբ 100 000 խորանարդ մետր ցիանիդով աղտոտված ջուր թափվել է Սոմեշ գետ՝ աղտոտելով նաև Տիսա և Դանուբ գետերը: Այդ ժամանակ սա համարվել է Չեռնոբիլից հետո ամենածանր էկոլոգիական աղետը: Սա նշանակում է, որ նույնիսկ զարգացած երկրներում հանքարդյունաբերությունն ապահովված չէ վթարներից, և որ այդ երկրներում դեռ օգտագործվում են ռիսկային հանքարդյունաբերական մեթոդներ, որոնց դեմ պայքար է ընթանում եվրոպական բարձր ատյաններում:
Թեև Լիդիանի հայտարարության մեջ բաց տեքստով չի ասվում նրա՝ «ժամանակակից հանքարդյունաբերությամբ» զբաղվելու մասին, բայց հենց դա է հայտարարության իմաստը: Սակայն, հաշվի առնելով, որ տվյալ մեթոդն արգելված/սահմանափակված է մի շարք զարգացած երկրներում (ներառյալ՝ Չեխիան), կարելի՞ է արդյոք պնդել, որ «Լիդիան Արմենիան» Հայաստանում «ժամանակակից հանքարդյունաբերությամբ» է զբաղվելու:
Անդրադառնանք նաև առողջությանը վերաբերող փաստարկներին: Ըստ Լիդիանի՝ «գիտական փաստ է, որ ժամանակակից հանքարդյունաբերությունը չի վտանգում առողջությունը: Դրա օրինակները բազմաթիվ են՝ ... Իսպանիայից Չեխիա: Հակառակ պնդումը՝ միֆ է (...)»: Իսկ որտե՞ղ են տվյալ «փաստի» գիտական ապացույցները: Ընդհակառակը, աշխարհի բազմաթիվ երկրներում կատարված մի շարք գիտական հետազոտություններն արձանագրել են ժամանակակից հանքարդյունաբերական գործունեության բացասական ազդեցությունը մարդկանց առողջության վրա: Քանի որ Լիդիանը օրինակ է բերում Իսպանիան, ներկայացնենք հենց այդ երկրում արված գիտական մի հետազոտության արդյունքները. «Մերձավորություն հանքարդյունաբերությանը և քաղցկեղից մահացությունը» հոդվածում, որը հրատարակվել է «Science of the Total Environment» հանդեսում 2012թ., հեղինակները փաստում են հետևյալը.
«Հանքարդյունաբերական կառույցները շրջակա միջավայր են արտանետում թունավոր նյութեր, որոնք կարող են առողջական խնդիրներ առաջացնել դրանց մոտակայքում ապրող բնակչության համար: Մենք ձգտել ենք հետազոտել. արդյո՞ք իսպանական հանքարդյունաբերության մոտակայքում ապրող բնակիչների շրջանում ավելի բարձր է քաղցկեղով պայմանավորված մահացությունը: ... Ավելի բարձր մահացությունը (excess mortality) (...) աղիքային քաղցկեղից (...), թոքերի քաղցկեղից (...)՝ հատկապես կապված ածուխի բաց հանքարդյունաբերության հետ, միզապարկի քաղցկեղից (...) և լեյկեմիայից (...)՝ կապված այլ բաց հանքարյունաբերական կառույցների հետ, բացահայտվել էր այն ընդհանուր բնակչության շարքերում, որոնք ապրում էին հանքարդյունաբերական կառույցների մերձակայքում»:
Կան նաև այլ հետազոտություններ, որոնք կապ են արձանագրում հանքարդյունաբերության և քաղցկեղի/այլ հիվանդությունների ավելի բարձր հաճախականության կամ հավանականության միջև՝ ինչպես բնակիչների, այնպես էլ աշխատակիցների շրջանում: Մեկ այլ գիտական հետազոտություն ցույց է տալիս հանքարդյունաբերության պատճառով հողի՝ մկնդեղով աղտոտվածության և քաղցկեղի ավելի բարձր հավանականության միջև կապի առկայությունը: Իսկ Toxicologic Pathology գիտական հանդեսում հրատարակված մի հոդվածում շեշտվում է.
«Մկնդեղը և մկնդեղ պարունակող միացությունները մարդկային կոնցերոգեններ են: Մկնդեղի հետ շփում է տեղի ունենում աշխատանքային պայմաններում՝ որոշ արդյունաբերություններում, ներառյալ՝ հանքարդյունաբերությունը, ... և շրջակա միջավայրից` արդյունաբերական կամ բնական աղբյուրներից: ... Մկնդեղով աղտոտված խմելու ջուրը հանրային առողջության լուրջ խնդիր է»:
Նշված հոդվածի հեղինակները նաև հիվանդությունների երկար մի ցանկ են բերում, որոնք առաջանում են մկնդեղի հետ շփումից: Ահա նաև մի շարք այլ հետազոտությունների օրինակներ, որոնք կապ են արձանագրում հանքարդյունաբերության և մարդկային առողջության միջև (օրինակ 1 ջրերի՝ մկնդեղով աղտոտման մասին, օրինակ 2 սնդիկի ազդեցության մասին, օրինակ 3 , օրինակ 4, օրինակ 5, օրինակ 6): Նշված հոդվածների հեղինակները մարդկանց առողջությանը սպառնացող վտանգը տեսնում են հանքարդյունաբերության արդյունքում բնական միջավայր հաճախակի արտանետվող թունավոր նյութերի մեջ: Հիշեցնենք, որ միջազգային փորձագետները, խոսելով Ամուլսարում հանք բացելու ռիսկերից, զգուշացնում են նաև այդ վտանգի մասին: Մասնավորապես, ըստ փորձագետ Անդրե Սոբոլևսկու, «կան մի քանի կարևոր աղտոտիչներ, այդ թվում՝ արսեն, մկնդեղ և թիոցիանատ, որը Լիդիանը չի քննարկել, թե ինչպես է մաքրելու: Որևէ ձևով դրա մասին չկա գրված և եթե դրանք չմաքրվեն, դրանց վերաբերյալ գործողություններ չլինեն, դրանք արտազատվելու են բնական միջավայր: Սա անընդունելի է»:
Ամուլսարը գտնվում է Հայաստանի համար կենսական ջրագոյացման գոտում՝ Արփա և Որոտան գետերի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների և Որոտան-Արփա-Սևան ջրատար թունելի անմիջական հարևանությամբ, որոնք և վտանգված են լինելու՝ աղտոտիչների արտահոսքի դեպքում: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված` հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրականացմանն աջակցող աշխատանքային խմբի անդամ Նազելի Վարդանյանի եզրակացությամբ՝
«Ամուլսարի հանքավայրը գտնվում է Սևանա լճի ջրհավաք ավազանում» և «հաշվի առնելով, որ այս հանքը` բաց հանք է, բացի ոսկուց կան ուրանի, թորիումի, սնդիկի, մկնդեղի, ծանր մետաղների պարունակություն, սուլֆիդային ապարների պարագայում առկա է թթվային դրենաժը, կատարվելու են մեծ ծավալի պայթեցումներ, իսկ ոսկու կորզումը իրականացվելու է ցիանիդային եղանակով /ինչը շատ երկրներում արգելված է կիրառել աղքատ ոսկու հանքավայրերում/, ապա կարելի պատկերացնել` թե ինչ աստիճանի տոքսիկություն ունեցող նյութեր և ծանր մետաղներ կլցվեն Արփա և Որոտան գետեր, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներ, այնուհետ` Սևանա լիճ»:
Հիշեցնենք, որ Լիդիանի պնդմամբ` «հստակ է, որ հանքարդյունաբերության և քաղցկեղի կապի մասին խոսակցությունները չունեն ոչ մի գիտական հիմնավորում»: ԴԵՏԵԿՏՈՐԸ սա որակում է որպես անհիմն պնդում և ապատեղեկատվություն, քանի որ, ինչպես տեսանք, կան մի շարք գիտական հետազոտություններ, որոնք հիմնավորում են նման կապի առկայությունը: Բացի դրանից վերջերս չեխ գիտնականների կողմից ՀՀ Լոռու մարզում իրականացված հետազոտությունը փաստում է, որ «ծանր մետաղներով աղտոտվածությունը բավականին մեծ է, ազդում է շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա: ...հայտնաբերվել է նոր ռիսկ՝ քաղցկեղածին քիմիական միացություն՝ դիօքսին, բնակիչների կողմից պահվող հավերի հավկիթներում»։
Լիդիանը հղում է կատարում Հայաստանի մարզերի վերաբերյալ վիճակագրությանը՝ հիմնավորելու համար իրենց պնդումը. «չնայած հետևողականորեն տարածվող միֆերի, իրականում, Հայաստանում քաղցկեղի ամենացածր տարածվածությունը հանքարդյունաբերական Սյունիքում է: ... Հայաստանում քաղցկեղով հիվանդացության դեպքերով առաջատարների մեջ են ոչ հանքարդյունաբերական Շիրակն ու Կոտայքը ...»:
ԴԵՏԵԿՏՈՐԸ ստուգել է այս տեղեկատվությունը և անճշտություն է բացահայտել դրանում: Ըստ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված՝ 2017 և 2018 թթ. զեկույցների, Հայաստանում քաղցկեղն առավել տարածված է Լոռու մարզում, որտեղ զարգացած է հանքարդյունաբերությունը: Մասնավորապես, 2017թվականին 100 000 բնակչի հաշվով՝ հիվանդների հարաբերական թիվը 1848,7 էր, իսկ 2016 թվականին՝ 1706,9 (մինչդեռ Շիրակում և Կոտայքում 2017թվականին այդ թիվը կազմել է 1560,3 և 1387,8): Անհրաժեշտ է նշել նաև, որ իսկապես, քաղցկեղով հիվանդների հարաբերական թիվը 2017թ. նվազագույնն էր Սյունիքում, իսկ 2016թ.՝ Արմավիրում: Սակայն ըստ 2017 թվականի պաշտոնական տվյալների, Սյունիքը և Լոռին Հայաստանում առաջատարն են նորագոյացություններից մահացությունների թվով (տե՛ս էջ 9): Բացի այդ, ըստ ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանի, «Լոռու և Սյունիքի մարզերը քաղցկեղի ցուցանիշով ՀՀ-ում առաջին տեղն են զբաղեցնում»:
Եզրակացություն
Ըստ ԴԵՏԵԿՏՈՐԻ, վերոհիշյալ հայտարարություններն ակնհայտորեն մանիպուլյատիվ են: Դրանցում փորձ է արվում արդարացնել «Լիդիան Արմենիա» կազմակերպության գործունեությունը՝ օգտագործելով «ժամանակակից հանքարդյունաբերություն» աղոտ տերմինը: Այնուհետև, առանց հղումների և գիտական հիմքերի դատողություններ անելով և մի քանի զարգացած երկրների օրինակներ բերելով՝ Լիդիանն անհիմն զուգահեռներ է տանում դրանց և սեփական գործունեության միջև՝ ձգտելով դրական լույսի ներքո ներկայացնել այն:
Հեղինակ՝ Միլենա Բաղդասարյան
18-12-2018