ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ ԱՄՈՒԼՍԱՐԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. ՄԱՍ 1

...

Բաղադրություն

  • Իրականության միակողմանի, խեղաթյուրված ներկայացում
  • Կարևոր փաստերի շրջանցում
  • Որոշակի կատեգորիայի մարդկանց անունից առանց հիմքերի հանդես գալ

  Ավելի քան չորս ամիս է՝ Ամուլսարին հարակից որոշ ազդակիր համայնքների բնակիչներ փակ են պահում դեպի սար տանող ճանապարհները՝ բողոքելով հանքարդյունաբերական նախագծի դեմ, ինչի հետևանքով «Լիդիան Արմենիա» կազմակերպության աշխատանքները կանգ են առել: Այդ խնդրի հետ կապված՝ վերջերս ԱՄՆ պաշտոնաթող դեսպան Ռիչարդ Միլսը հանդես է եկել հայտարարությամբ, որում ԴԵՏԵԿՏՈՐԸ մանիպուլյատիվ տարրեր է բացահայտել:

Մասնավորապես, հոկտեմբերի 9-ին, իր հրաժեշտի մամուլի ասուլիսի ընթացքում Ռիչարդ Միլսն ասHYPERLINK "https://www.shantnews.am/news/view/174769.html"ել է. «Ես մտահոգված եմ Ամուլսարի իրավիճակով: Սա եզակի ամերիկյան ներդրում է Հայաստանում ... : Արդեն իսկ տնտեսական օգուտներ կան շրջապատող համայնքներում: Այդ հանքավայրում աշխատանքներն արդեն 4 ամիս է՝ գրեթե ամբողջովին դադարեցված են, սակայն Հայաստանի բնապահպանական օրենքների խախտում չկա: ... Օտարերկրյա ներդրողները կարող են հասկանալ, երբ կառավարությունը քայլեր ձեռնարկի բնապահպանական վնասի դեպքում, բայց այդ ներդրողները չեն հասկանա, թե ինչու կառավարությունը կարող է թույլ տալ, որպեսզի հանքը փակվի մի խումբ ցուցարարների կողմից, երբ որ դրա համար իրավական որոշում չկա»: Այս հայտարարության մեջ ԴԵՏԵԿՏՈՐԸ բացահայտել է  այնպիսի մանիպուլյատիվ տարրեր, ինչպիսիք են՝ նախագծի տնտեսական ազդեցությունները միակողմանի, խեղաթյուրված ներկայացնելը, կարևոր փաստերը շրջանցելը և ընդհանրացումը:

Մեր հիմնավորումները

ԱՄՆ նախկին դեսպանն առաջ է քաշում երկու փաստարկ. առաջին՝ ըստ նրա, «արդեն իսկ տնտեսական օգուտներ կան շրջապատող համայնքներում», երկրորդ՝ ծրագիրը դադարեցված է, թեև ՀՀ բնապահպանական օրենքների խախտում չկա: Մատնանշված առաջին փաստարկում արդեն իսկ առկա է մանիպուլյացիա, քանի որ հարակից համայնքների վրա տնտեսական ազդեցությունը ներկայացվում է զուտ դրական, միակողմանի կերպով: Անդրադարձ չի կատարվում նախագծի՝ առկա կամ պոտենցիալ երկարաժամկետ բացասական տնտեսական ազդեցություններին, և տպավորություն է ստեղծվում, որ նախագիծը հետագայում ևս միայն օգուտներ կարող է բերել: Տնտեսական ազդեցությունների՝ նման միակողմանի ներկայացումը հիմնավորված չէ: Օրինակ, ըստ Միջազգային ֆինանսական կորպորացիայի օմբուդսմենի գրասենյակի զեկույցի (ՄՖԿ-ն նախկինում Լիդիանի ներդրողներից էր), Լիդիանի կողմից գնահատված չեն նախագծի հետևանքները Ջերմուկ առողջարանային քաղաքի և Գնդեվազի բնակիչների համար (մեջբերումները տողատակում)[i]:

Քանի որ Ջերմուկն առողջարանային քաղաք է, իսկ հանքարդյունաբերությունը հանրային պատկերացումներում կապված է ջրերի՝ ծանր մետաղներով աղտոտման հետ, ապա չի բացառվում, որ նախագծի շահագործման դեպքում տուրիստների և բուժվողների հոսքը դեպի Ջերմուկի առողջարաններ ընդմիշտ կնվազի, ինչը կհանգեցնի ՀՀ տնտեսության մի ամբողջ ճյուղի անկմանը: Նույնը կարելի է ասել  «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքի մասին: Այսինքն, հիմք ընդունելով միայն ՄՖԿ օմբուդսմենի գրասենյակի եզրակացությունը, չի կարելի բացառել հարակից ամենամեծ բնակավայր Ջերմուկի  խաթարումը՝ որպես առողջարանային քաղաք: Մինչդեռ, հանքարդյունաբերական նախագիծը աշխատատեղեր է նախատեսում միայն ապագա 10 տարիների համար:

 Նախագծի հետ կապված տնտեսական ռիսկերի և կորուստների մասին  բարձրաձայնել  են նաև այլ մասնագետներ: Օրինակ,  միջազգային փորձագետ Անդրե Սոբոլևսկին, ուսումնասիրելով Լիդիանի փաստաթղթերը՝ եզրակացրել է, որ հանքը փակելուց հետո տարբեր աղտոտիչներ պարունակող թթվային դրենաժը (ջրերը) անհրաժեշտ կլինի մաքրել 200 – 500 տարի, և որ 200 տարի մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ կլինի առնվազն 165 միլիոն դոլար, այլ ոչ՝ 34 միլիոն, ինչպես Լիդիանն է նախատեսել: Ըստ նրա, «եթե հանկարծ Լիդիանի հանքարդյունաբերական ծրագիրը ձախողվի, իրենք ավելի շուտ դադարեցնեն, Հայաստանի կառավարությունը չի ունենալու 165 միլիոն դոլար, այլ ընդամենը 34 միլիոն դոլար, որպեսզի փակի հանքը: Սա լինելու է Հայաստանի ժողովրդի ուսերին նստած պարտականություն կամ ծախս: Ուստի, մենք համարում ենք, որ [Լիդիանի] ֆինանսական երաշխիքները չափազանց ցածր են»:

Հայաստանցի մասնագետ, քիմ. գիտ. թեկնածու Հակոբ Սանասարյանի դիտHYPERLINK "https://www.ecolur.org/files/uploads/sanasaryanamulsar.pdf"աHYPERLINK "https://www.ecolur.org/files/uploads/sanasaryanamulsar.pdf"րկումներով էլ՝ նախագծի շրջանակներում «չի կատարվելու օգտակար տարրերի ... արդյունավետ կորզում, թափոնների մեջ է մնալու արծաթի մոտ 96 տոկոսը, ինչպես նաև հարյուր հազարավոր տոննա բազմապիսի մետաղներ»: Բացի այդ, ըստ նրա, կազմակերպության ՇՄԱԳ-ում գրված է, որ մեծ հողային տարածքներ, ջրային պաշարներ և այլ բնական ռեսուրսներ ազդեցություն են կրելու կամ ոչնչանալու են, մինչդեռ բնական պաշարներին հասցվող վնասը գնահատված է 0 դրամ: Սա նշանակում է, որ նախագծի հասցվելիք տնտեսական վնասները պատշաճ կերպով չեն գնահատվել: Անհրաժեշտ է նաև նկատի առնել այն փաստը, որ Հայաստանում «2010-2014 թթ.-ին շահագործվող՝ ընդհանուր թվով  14 հանքերից ութը գործել է վնասով»՝ ըստ Համաշխարհային բանկի փորձագետների գնահատականի:

Հաշվի առնելով, որ նման լուրջ տնտեսական  վտանգները Ջերմուկի և առհասարակ՝ ՀՀ բնակչության համար բացառված չեն, միայն տնտեսական օգուտների մասին խոսելն ապակողմնորոշիչ է և կարող է սխալ պատկերացումներ  ստեղծել անիրազեկ քաղաքացու մոտ: Այս իմաստով, կարևոր է՝ տնտեսական օգուտները, տնտեսական ռիսկերը և վնասները ներկայացնել օբյեկտիվորեն, այլ ոչ՝ միայն ներդրողի շահերի տեսանկյունից:

   Ռիչարդ Միլսի երկրորդ փաստարկը, ըստ որի ՀՀ բնապահպանական օրենքների խախտում չկա, առնվազն կարևոր փաստերի շրջանցում է կամ ապատեղեկատվություն՝ հիմնված մի շարք մասնագետների և պաշտոնյաների եզրակացությունների վրա: Ներկայումս պետական մարմինների կողմից  ստուգումներ են ընթանում և Ամուլսարի նախագծի հետ կապված՝ բնապահպանական օրենքների խախտումների մասին բարձրաձայնել են մի շարք մասնHYPERLINK "http://www.armecofront.net/amulsar/grounds-for-stopping-project-in-amulsar/"ագետներ: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված` հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրականացմանն աջակցող աշխատանքային խմբի անդամ Նազելի Վարդանյանն, օրինակ, իր եզրակացության մեջ մատնանշում է ջրային և Սևանա լճի մասին օրենսդրության, Ջերմուկ առողջարանի մասին օրենսդրության, բուսական աշխարհի մասին օրենսդրության և մի շարք այլ օրենքների խախտումներ: Այդ կապակցությամբ նա նշել է, որ ակնկալում է պատկան մարմինների արձագանքը (հարցազրույց 29.11.2018): Ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի, որը նույնպես հարցազրույց է տվել ԴԵՏԵԿՏՈՐԻՆ, Ամուլսարի պարագայում «կան  բնապահպանական օրենսդրության խախտումներ, որոնք նույնիսկ դեռ հանքավայրի շահագործումը չսկսած՝ արդեն իրականացվել են. [օրինակ] փոշու արտանետումնեը ... ընկերությունը թույլտվություն չունի շինարարության փուլում փոշի արտանետել: Փոշի է արտանետում»: Միջազգային մեկ այլ փորձագետների խումբ էլ, Լիդիանի ՇՄԱԳ-ում բացահայտել է անհամապատասխանություններ՝ «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» Բեռնի կոնվենցիայի պահանջներին  (Հայաստանի կողմից վավերացվել է 2008 թ.):

  Հիշեցնենք նաև, որ Ամուլսարի նախագծի հետ կապված՝ ներկայումս հարուցված է 2 քրեական գործ, և ընթանում են մի շարք դատավարություններ: Մասնավորապես, հարուցված է քրեական գործ՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի հանքավայրից օգտակար հանածոների առերևույթ ապօրինի արդյունահանման փաստի առթիվ», ինչպես նաև, քրեական գործ՝ «ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ»:

Նախկին դեսպանի հաջորդ փաստարկներն են. «Օտարերկրյա ներդրողները կարող են հասկանալ, երբ կառավարությունը քայլեր ձեռնարկի բնապահպանական վնասի դեպքում, բայց այդ ներդրողները չեն հասկանա, թե ինչու կառավարությունը կարող է թույլ տալ, որպեսզի հանքը փակվի մի խումբ ցուցարարների կողմից, երբ որ դրա համար իրավական որոշում չկա»: Այսինքն, նա արդարացված է համարում պետության կողմից քայլեր ձեռնարկելը  միայն բնապահպանական վնասի դեպքում և  անտեսում է այն փաստը, որ պետական մարմինների գործառույթներից են՝ բնապահպանական վնասներ կանխարգելելը, թույլ չտալը, այլ ոչ միայն գործելը՝ վնասների դեպքում: Հիշեցնենք, որ հանրությունը հիմնավոր կասկածներ ունի առ այն, որ նախկինում ընդերքի շահագործման թույլտվությունները ՀՀ-ում տրվել են կոռումպացված եղանակով՝ պատշաճ փորձաքննության բացակայության պայմաններում, և հենց այդ կապակցությամբ է հարուցվել մատնանշված քրեական գործերից մեկը[ii]: Այս համատեքստում նշենք նաև, որ մի շարք հայաստանցի և արտասահմանյան փորձագետներ, ուսումնասիրելով Լիդիանի կողմից ներկայացված՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում»-ը, լուրջ բացթողումներ և թերություններ են բացահայտել դրանում և զգուշացրել  կառավարությանն ու հանրությանը՝ բնապահպանական ու տնտեսական մեծ ռիսկերի մասին: Մետաղական հանքերում բնապահպանական հնարավոր վնասը ժամանակին կանխելու անհրաժեշտությունը խիստ կարևոր է, հակառակ պարագայում, շրջակա միջավայրի աղտոտումը կարող է  մաքրման ահռելի ծախսեր պահանջել, իսկ որոշ դեպքերում՝ անդառնալի լինել:

Բացի այդ, խոսելով բոլոր ներդրողների անունից, նախկին դեսպանը ընդհանրացում է  կատարում, ինչն անհիմն է և կարող է անհարկի տագնապ առաջացնել ՀՀ քաղաքացիների շրջանում: Օրինակ, ինչու՞ պետք է Ամուլսարում հանքի բացման դեմ ազդակիր մի շարք համայնքների բնակիչների պայքարը կամ պետական մարմինների կողմից ստուգումն ազդի այլ՝ օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության կամ տուրիզմի ոլորտների ներդրողների վրա: Եթե պատկան մարմինների կողմից օրինախախտումներ բացահայտվեն ինչ-ինչ հանքարդյունաբերողների գործունեության մեջ, ապա դա նույնպես չի կարող ազդել օրինական գործունեություն ծավալող ներդրողների որոշումների վրա:

Հայտնի է նաև, որ դեպի սար տանող ճանապարհները փակ են պահվում հարակից համայնքների հերթապահող բնակիչների կողմից, որոնց օժանդակում են նաև բնապահպաններ և ՀՀ  այլ մտահոգ  քաղաքացիներ: Հուլիսին Ամուլսարում տեղի ունեցած ժողովրդական լայնածավալ բողոքի ցույցը, որին մասնակցում էին հիմնականում Ջերմուկի և  հարակից այլ բնակավայրերի բնակիչներ, և բախումները` ցույցի դուրս եկած Լիդիանի աշխատակիցների հետ, ցույց տվեցին, որ Ջերմուկի բնակչությունը մեծամասամբ դեմ է նախագծի շահագործմանը (այլ վկայություններ): Այդ առումով՝ հայտարարությունը, թե դեպի սար տանող ճանապարհները փակ են պահվում «մի խումբ ցուցարարների կողմից», խեղաթյուրում է իրականությունը, քանի որ այն անտեսում կամ քողարկում է ազդակիր համայնքների բնակչության լայն շրջանների բողոքը հանքի շահագործման դեմ: Հիշեցնենք, որ Ջերմուկը երկար ժամանակ չէր ճանաչվում որպես ազդակիր համայնք, ինչը բնակիչներին զրկեց հանրային քննարկումների ընթացքում դիրքորոշում հայտնելու՝ օրենքով սահմանված իրենց իրավունքից: Հետևաբար, ԴԵՏԵԿՏՈՐԸ եզրակացնում է, որ ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն ակնհայտորեն մանիպուլյատիվ է:

Հեղինակ՝ Միլենա Բաղդասարյան

01-12-2018

Լուսանկարը՝ Հայկական Բնապահպանական Ճակատ

 

 



[i] Զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ «նախագծի հետևանքները... չէին ենթարկվել փորձաքննության, որը հաշվի կառներ Ջերմուկի՝ որպես տուրիստական կենտրոնի համբավը: ...  Որպես հետևանք, CAO-ն [Միջազգային ֆինանսական կորպորացիայի օմբուդսմենի գրասենյակը] գտնում է, որ ՄՖԿ-ն երաշխիք չունի, որ հնարավոր ազդեցությունները Ջերմուկ ապրանքանիշի՝ որպես տուրիստական կենտրոնի, գնահատված և նվազեցված են»՝ կազմակերպության ներքին պահանջներին համապատասխան: Նույն զեկույցում նշված է նաև, որ «2013թ. նախագծում արված փոփոխությունները հանգեցրին Գնդեվազի բնակիչների վրա պոտենցիալ բացասական ազդեցությունների զգալի աճին: Այդ փոփոխությունները պահանջում էին ռիսկերի և հետևանքների գնահատական ... ավելին, քան պարունակում են ներկա ՇՄԱԳ-ում [Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում]» (թարգմանված է հեղինակի կողմից):

[ii] Պատշաճ փորձաքննության համար պետական ռեսուրսների բացակայության մասին են խոսել ինչպես ներկա բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, այնպես էլ՝ նախկին բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: