«ԱՐՇԱՎ ՄԵԴԻԱՅԻ ԴԵՄ» ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ

...

Բաղադրություն

  • Էմոցիայի շահարկում
  • Կեղծ պատճառահետևանքային կապ
  • Իրականության մասնակի ներկայացում
  • Ավտորիտար իշխանության կերպարի ձևավորում

 

Ս.թ. փետրվարի 21-ին Երևանի քաղաքապետարանը վարձակալության պայմանագրերի վերանայման առնչությամբ ծանուցումներ էր ուղարկել Բուզանդ փողոցի 1/3 հասցեում տարատեսակ գործունեություն իրականացնող 27 իրավաբանական և ֆիզիկական անձանց: Դրանց թվում են շահույթ հետապնդող կազմակերպություններ՝ բանկեր, տպարաններ, սննդի օբյեկտներ, կառավարական մարմիններ, շահույթ չհետապնոդ այլ անձինք ու կազմակերպություններ, ՀԿ-ներ և  լրատվամիջոցներ։ Այնուհետև մամուլում սկսեց շրջանառվել տեղեկատվություն, որ քաղաքապետի որոշմամբ «Հրապարակ» օրաթերթին և այլ լրատվամիջոցների «վտարում են Բուզանդ 1/3 շենքում զբաղեցրած տարածքից»:

Ի պատասխան դրա, Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն  տարածեց, որում ասվում էր. «...Ուղարկված՝ պայմանագրից հրաժարվելու ծանուցումները, այսպիսով, ընդամենը սկիզբն են նշված գործընթացի, որի նպատակը հավասար պայմանների ստեղծումն է՝ տարածքը անհատուց կամ վարձակալությամբ օգտագործելու դեպքերում: Ծանուցումը մեխանիկորեն չի հանգեցնում օգտագործման իրավունքի դադարեցման, այսինքն, ստորև բերված փաստաթղթերում նշված՝ «ծանուցումն ստանալու պահից (փետրվարի 21-ից) մեկ ամիս անց՝ հնգօրյա ժամկետում տարածքն ազատելու» դրույթը ինքնաբերաբար չի ենթադրում, որ կազմակերպությունները պետք է ազատեն տարածքը: Ըստ մշակված չափորոշիչների, յուրաքանչուր դեպքով կկայացվի որոշում»։

Հարկ է նշել, որ ծանուցում ստացած 27 կազմակերպություններից լրատվականներ են 7-ը՝ «Ա1+», «Հայելի», «Վեմ ռադիո», «Հետք», «Հրապարակ», «Առկա գործակալություն», «Ռադիո հայ»։ Դրանցից 2-ի՝ «Հայելի»-ի և  «Հրապարակ»-ի խմբագիրները, ինչպես նաև Սաթիկ Սեյրանյանը (168 ժամ) և «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը փետրվարի 27-ին հրավիրել էին մամուլի ասուլիս, որտեղ խոսում էին բարձրաձայնած խնդրի մասին։

ԴԵՏԵԿՏՈՐԸ  դիտարկել է վերոնշյալ մամուլի ասուլիսի ժամանակ ելույթ ունեցածներից Սաթիկ Սեյրանյանի և Անժելա Թովմասյանի հնչեցրած խոսքերը և դրանցում հայտնաբերել հետևյալ մանիպուլյացիոն հնարքները. «Էմոցիայի շահարկում», «իրականության մասնակի ներկայացում», «կեղծ պատճառահետևանքային կապ», «ավտորիտար իշխանության կերպարի ստեղծում»:

«Էմոցիայի շահարկում» հնարքը կիրառվել է քաղաքապետարանի՝ նոր պայմանագրեր կնքելու և հները վերանայելու պահանջը  «մամուլի դեմ արշավ», «ազատ խոսքի սահմանափակում», «մեդիային պատերազմ հայտարարել» որակելով։ «Իրականության մասնակի ներկայացում» հնարքով՝ 27 տարբեր՝ մեծամասամբ լրատվական գործունեության հետ կապ չունեցող կազմակերպություններին ուղարկված ծանուցումներից  միայն  լրատվամիջոցներին վերաբերողներն են առանձնացվել:

«Ավտորիտար իշխանության կերպարի ստեղծում» մանիպուլյացիոն հնարքի միջոցով փորձ է արվում հասարակության մեջ սերմանել մտայնություն, որ ՏԻՄ իշխանությունները՝ ի դեմս Երևան համայնքի, ազատ չեն, այլ ուղղակիորեն ենթարկվում և կառավարվում են կառավարության կողմից ու «սպասարկում են ազատ խոսքի դեմ արշավը» և «հաշվեհարդարը»։

«Կեղծ պատճառահետևանքային կապ» հնարքով, պայմանագրերի վերանայումը (դեռևս բանակցային փուլում գտնվող) ներկայացվում է  բացասական՝ քաղաքական ու տնտեսական առումներով, և ըստ այդմ՝ ուղղված մամուլի ազատության դեմ։

 

Մեր հիմնավորումները

Նոր պայմանագրեր կնքելու և հները վերանայելու՝քաղաքապետարանի պահանջները վերոնշյալ  ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից որակվում են  «արշավ մամուլի և ազատ խոսքի դեմ», այն դեպքում, երբ քաղաքապետարանը հայտնեց. «Քաղաքի իշխանությունն այս տարածքների հարցում խնդիր ունի որոշակիացնել օգտագործման պայմաններն այն առումով, որ շատ դեպքերում հստակ չէ, թե ինչ չափորոշիչներով է տվյալ կազմակերպությունը տարածքն օգտագործում անհատույց կամ վարձակալությամբ: Որովհետև, օրինակ, նույն «Հրապարակ» օրաթերթը կամ «Ա1+» հեռուստաընկերությունն իրենց զբաղեցրած տարածքներն օգտագործում են անհատույց, բայց, օրինակ, մեկ այլ լրատվամիջոց՝ «Հետքը», նույն շենքում գտնվող իր տարածքը վարձակալում է: Գործընթացի արդյունքում կսահմանվեն օգտագործման օպտիմալ ձևեր և պայմաններ»: «Էմոցիայի շահարկում» հնարքի միջոցով քաղաքապետարանի պայմանագրերի վերանայման պահանջը ներկայացվում է որպես «արշավ մամուլի և ազատ խոսքի դեմ», որպեսզի ցույց տրվի,  որ իրենք՝ այդ լրատվականները, քաղաքական ու տնտեսական ճնշումների են ենթարկվում իշխանությունների կողմից։ Ավելին, օգտագործելով «վերջնագրերի լեզու» արտահայտությունը, բանախոսը փորձում է  իշխանությունների կողմից իրենց հանդեպ թշնամանքի և մեդիա-իշխանություն հակամարտության տպավորություն ստեղծել։ Այդ նպատակով օգտագործվում են էմոցիոնալ մեծ ծանրաբեռնվածություն ունեցող այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «...մեզ ուզում են վտարել», «վարչապետի ուղղակի հրահանգ», «ազատ խոսքի սահմանափակում»։ 

Մամուլի վերոնշյալ ներկայացուցիչները փորձում են կասկած առաջացնել հանրության շրջանում, որ  ինչպես նախկինում, ներկայումս էլ ՏԻՄ-երը ոչ միայն անկախ չեն, այլև ուղղակի կատարում են կառավարության հրահանգները։ Լրատվամիջոցների հիշյալ խմբագիրներն առանց որևէ ապացույցի և հիմքի մեղադրում ու պիտակավորում են վարչապետին՝ ՏԻՄ անկախ ղեկավարին հրահանգներ տալու մեջ, ինչպես նաև, ուղղակիորեն վիրավորանքներ են հնչեցնում քաղաքապետ Հայկ Մարությանի հասցեին։ Օրինակ, բանախոս Անժելա Թովմասյանը նշում է.«...Քաղաքապետը պատահական մարդ է, պարզ է՝ լրատվամիջոցներ, մամուլ, երևի աղերս չի ունեցել, դերասանական ինչ-որ տեղից եկել հայտնվել է այստեղ, երևի արժի ասել, ինֆորմացնել, թե ինչով ենք մենք զբաղվում»։ Իսկ Սաթիկ Սեյրանյանը հայտարարում է.«...Սա Հայկ Մարության անձի որոշումը չէ, ո՞վ է Հայկ Մարությանը, սա վարչապետի կողմից իջեցված հրահանգ է։ Խնդիրը կոնկրետ վերաբերմունքն է մեդիայի նկատմամբ»։ Փաստորեն «Ավտորիտար իշխանության կերպարի ստեղծում» հնարքի միջոցով վերոնշյալ ԶԼՄ-երի ներկայացուցիչների կողմից Երևանի ՏԻՄ իշխանությունները ներկայացվում են «պատահական», «վարչապետի կողմից հրահանգվող», «դերասանական», իսկ կառավարությունը՝ ավտորիտար, որը հրահանգում և կառավարում է անկախ ՏԻՄ-երին։

Սաթիկ Սեյրանյանը նշում է.«...Աշխարհում չկա որևէ մեդիա, որ ինքնածախսածածկ է։ Սա նոր իշխանությունների որդեգրած ձեռագիրն է, և այս վերջնագրերի լեզուն լավ բանի չի հանգեցնի»։ Վերջինիս խոսքերով՝  իրենց «տարածքից վտարելը» ուղղակի սահմանափակում է ազատ խոսքը և ուղղված է ազատ մամուլի դեմ։ Այստեղ մենք գործ ունենք «կեղծ պատճառահետևանքային կապ» հնարքի օգտագործման հետ, որը հիմնված է հետևյալ տրամաբանության վրա. կա քաղաքապետարանի ծանուցում, դրանից բխում է, որ մամուլի, խոսքի ազատության դեմ  քաղաքականության է իրականացվում:

Տիկին Սեյրանյանը նաև ոչ ճիշտ տեղեկատվությամբ փորձում է սեփական խոսքին կշիռ հաղորդել՝ ներկայացնելով, որ մեդիան առանց պետական ֆինանսավորման չի կարող գոյատևել: Իրականում, աշխարհում բազմաթիվ կառույցներ կան, որոնք ինքնածախսածածկ են. ֆինանսապես ինքնաբավ լրատվական գործակալություններից են The Guardian-ը, ֆրանսիական ամենահայտնի հետաքննական գործակալությունը՝ Mediapart-ը, որը ֆինանսավորվում է բացառապես բաժանորդագրությունների հաշվին։ 

 Դետեկտորը արձանագրել է նաև «իրականության մասնակի ներկայացում» մանիպուլյացիոն հնարքի կիրառում այն առումով, որ 27 կազմակերպություններից 7 լրատվական գործակալություններին ուղղված պայմանագրերի վերանայման ծանուցագրերը ներկայացվել են՝ որպես բացառապես լրատվամիջոցներին վերաբերող։ Խոսելով միայն իրենց ստացած ծանուցագրերից, նրանք  փորձում են տպավորություն ստեղծել,  որ քաղաքապետարանի կողմից պայմանագրերի վերակնքումը միայն իրենց է վերաբերում և «հաշվերհարդար է» իրենց նկատմամբ։ Ի դեպ, 7 լրատվականներից միայն 2-ն են համարում, որ այդ գործընթացը անարդար է, միտումնավոր և ուղղված  «ազատ խոսքի սահմանափակմանը»։

 Դետեկտորը եզրակացնում է, որ դիտարկված լրատվամիջոցների գլխավոր խմբագիրները, հիմնականում օգտագործելով «իշխանության ավտորիտար կերպարի ստեղծում», «իրականության մասնակի ներկայացում», «կեղծ պատճառահետևանքային կապ», «էմոցիայի շահարկում» մանիպուլյացիոն հնարքները, փորձել են քաղաքապետարանի պահանջը ներկայացնել՝ որպես գործադիր իշխանության ղեկավարի կողմից միջնորդավորված հարձակում մամուլի վրա:

Հ.Գ. Ի դեպ, ինչպես նշել ենք մեր նախորդ հոդվածներից մեկում, հեղափոխությունից հետո տևական ժամանակ է՝ ԶԼՄ տարբեր ներկայացուցիչներ հանդես են գալիս  նույնաբովանդակ, անհիմն հայտարարություններով  և մեղադրում ներկայիս իշխանություններին՝ մամուլի դեմ հալածանքների և ազատ խոսքը սահմանափակելու մեջ։ Մի քանի շաբաթ առաջ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը և Հայաստանի ժուռնալիստների միությունը «Հայաստանյան մամուլի հետհեղափոխական խնդիրները» թեմայով կլոր սեղան էին կազմակերպել, որտեղ քննարկումներն ընթանում էին նույն շեշտադրումներով։

Հեղինակ՝ Գոռ Մադոյան

13-03-2019