ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ՝ 2008Թ. ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի «ՆՀ-35-Ն» ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԸ (ՄԱՍ 1)

...

Բաղադրություն

  • Իրավական քննարկման խեղաթյուրում
  • Իրավական հարցին ոչ իրավական ենթատեքստ հաղորդելու փորձ

 

«24news.am» լրատվական կայքին տված հարցազրույցի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ, «մարտի 1-ի» գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը,  ի պատասխան լրագրողի դիտարկմանը, որ ոչ խաղաղ ցուցարարը դեռևս չի նշանակում վտանգ սահմանադրական կարգի համար` ասաց. «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ է եղել «…» Սահմանադրությունը շատ հստակ է: Դրանք (նկատի ունի հարցը, թե արդյո՞ք առկա է սահմանադրական կարգին սպառնացող վտանգ-Տ.Ղ.) որոշելու իրավասությունը ողջամտության սահմաններում տրված է հանրապետության նախագահին: Նախագահին ուղղակի չի տրված ստորագրել՝ և վերջ: Նախագահին տրված է դա որոշելու իրավասությունը և ընթացակարգը: Նախագահը պետք է խորհրդակցի ԱԺ նախագահի հետ, վարչապետի հետ, որից հետո դա պետք է ստորագրի: Ստորագրելուց հետո անմիջապես կանչվում է ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում կա՛մ հաստատվում, կա՛մ  չի հաստատվում  այդ հրամանագիրը: Աժ-ն թողել է ուժի մեջ այդ հրամանագիրը: Ապա շատ արագ՝ կտոր-կտոր, հանվել են սահմանափակումները (նկատի ունի Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու հիմնական իրավունքների սահմանափակումները, որոնք նախատեսված էին նախագահի՝ մարտի 1-ի հրամանագրով-Տ.Ղ.) Սահմանափակումները ճիշտ են, սխալ են՝ ամբողջությամբ համապատասխանում են գործող օրենքին և ամբողջությամբ համապատասխանում են միջազգային ստանդարտներին»:

ԴԵՏԵԿՏՈՐՆ արձանագրում է, որ Արամ Օրբելյանը խեղաթյուրում է հարցի իրավական քննարկումը՝ ինչպես սուբյեկտիվ գնահատողական և սխալ դատողություններով, այնպես էլ` չհիմնավորված պնդումներով, որպեսզի հանրությանը ներկայացնի իր պաշտպանյալին ձեռնտու դիրքորոշում. այն է՝ իր պաշտպանյալի նկատմամբ հետապնդումը իրավական առումով անհիմն է, իսկ հետապնդման իրական պատճառները գտնվում են ոչ իրավական՝ քաղաքական տիրույթում:

 

Հիմնավորումներ

 

Արամ Օրբելյանի խոսքը, ըստ էության, հիմնված է նախագահի՝ մարտի 1-ի «ՆՀ-35-Ն» հրամանագրի վրա: Հրամանգիրն ունի իրավաչափության լուրջ խնդիրներ:

Այսպես, «ՆՀ-35-Ն» հրամանագրի 4-րդ կետը բովանդակում էր մի շարք սահմանադրական իրավունքերի սահմանափակումներ: Իսկ հրամանագրի 3-րդ կետով՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը դրված էր ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության վրա:

Թեև այդ հրամանագրում կոնկրետ նշված  չէր, թե Սահմանադրության որ հոդվածով նախատեսված՝ որ իրավունքներն էին սահմանափակվում, սակայն վերլուծությունից պարզվում է, որ դրանք առնչվում էին խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքի (29-րդ  հոդված), գործադուլի իրավունքի, (32-րդ հոդված, 3-րդ մաս), սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի (27-րդ հոդված, 1-ին մաս), տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը՝ տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից իրավունքի (27-րդ հոդված, 2-րդ մաս), լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատության իրավունքի (27-րդ հոդված, 3-րդ մաս), միավորումներ ստեղծելու իրավունքի  (28-րդ հոդված, 1-ին մաս), կուսակցություններ ստեղծելու և անդամագրվելու, կուսակցական գործունեության ծավալելու իրավունքի (28-րդ հոդված, 2-րդ մաս), ազատ տեղաշարժի և բնակավայրի ընտրության իրավունքի (25-րդ հոդված, 1-ին մաս)   սահմանափակմանը:

Մինչդեռ ՀՀ Սահմանադրության (2005թ. նոյեմբերի 27-ին ընդունված խմբագրությամբ) 43-րդ և 44-րդ հոդվածները սահմանում էին, որ վերը նշված հոդվածներով ամրագրված իրավունքների սահմանափակումները պետք է բխեին հետևյալ չափանիշներից.

1)   սահմանափակման օրինական լինելը. այն պետք է բխեր օրենքից,

 2) սահմանափակման անհրաժեշտ լինելը. այլ միջոցներով, քան իրավունքների սահմանափակումն է՝ անհնար կլիներ կանխել հանրային շահին սպառնացող վտանգը,

3) համաչափությունը. սահմանափակումը պետք է համաչափ լիներ սահմանված նպատակին. այսինքն՝ համարժեք և պիտանի լիներ հանրային շահը պաշտպանելուն և համահունչ՝ ՀՀ ստանձնած միջազգային-իրավական պարտականություններին:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ նախագահը չուներ բացարձրակ իրավական հայեցողություն՝ որոշելու արտակարգ դրության իրավական ռեժիմի հարցերը և ընթացակարգը, ինչը պնդում էր Արամ Օրբելյանը: Հետևաբար՝ Օրբելյանի այդ դատողությունը սխալ է:

Այժմ, Սահմանադրության 43-44-րդ հոդվածներով սահմանված կարգավորումների տեսանկյունից դիտարկենք ՀՀ նախագահի՝ մարտի 1-ի «ՆՀ-35-Ն» հրամանագրի իրավաչափությունը:

Շարունակելով մեր հետազոտությունը՝ տարանջատենք ֆորմալ և մատերիալ իրավաչափության պայմանները:

Ֆորմալ առումով իրավական ակտը իրավաչափ է համարվում, եթե առերևույթ ընդունվել է լիազորող օրինապայմանների պահպանմամբ (այսինքն՝ պահպանվել են այն իրավանորմերը, որոնք թույլ էին տալիս ՀՀ նախագահին՝ կոնկրետ դեպքերում ընդունել արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիր):

Մատերիալ առումով իրավաչափ է համարվում, եթե ընդունվել է լիազորող օրինապայմանների պահպանմամբ և բովանդակային առումով հակադրություն չի պարունակում այլ իրավական ակտերի հետ, որի դեպքում կասկածի տակ կարող է դրվել ակտի վավերականությունը:

Մարտի 1-ի «ՆՀ-35-Ն» հրամանագիրը ֆորմալ առումով իրավաչափ լինելու համար պետք է բավարարեր ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի պահանջները, համաձայն որոնց՝ սահմանադրական կարգին անմիջական սպառնացող վտանգի պարագայում ՀՀ նախագահը՝ ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի հետ խորհրդակցելուց հետո կարող էր մտցնել արտակարգ ռեժիմ:

Սահմանադրական կարգին սպառնացող վտանգ  ձևակերպումը չի բացահայտված սահմանադրական կարգավորման մակարդակով, այլ թողնված է նախագահի՝ պետության գլխի, ողջամիտ մեկնաբանությանը: Տրամաբանական է, որ այն ենթադրում է որոշակի հանցավոր արարքների կատարում, որոնք  ուղղված են  «Սահմանադրական կարգի հիմունքներ»  գլխում  ձևակերպված երաշխիքների դեմ: Այսինքն, զանգվածային անկարգությունները սահմանադրական կարգին սպառանցող են, եթե իրապես և որոշակիորեն ոտնձգում են այդ երաշխիքները, այլ ոչ թե հետևանք են հանրային իշխանության կողմից ոչ համաչափ ուժի գործադրմանը և իրավունքների ապօրինի  սահմանափակմանը:

Այնուամենայնիվ, քանի որ ֆորմալ առումով սահմանադրական մակարդակով որոշակի կերպով բացահայտված չէ «սահմանադրական կարգին սպառնացող վտանգ» ձևակերպումը, ապա  նախագահի հրամանագրի ֆորմալ իրավաչափության քննարկումը տեսական մակարդակում խնդրահարույց է, այդ պատճառով, այստեղ չենք անդրադառնա դրան: Ուղղակի հարկ է նշել, որ երկրորդ նախագահի պաշտպան Օրբելյանի արտահայտությունը, թե՝ «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ է եղել՝» սուբյեկտիվ գնահատողական բնույթի է, քանի որ նրա կողմից չի ներկայացվում որևիցե  հիմնավորում:

Այլ հարց է՝ նախագահի հրամանագրի մատերիալ իրավաչափությունը:

 

Շարունակելի...

 

Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան

03-06-2019