Օգոստոսի 27-ին Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը մամլո ասուլիսի ընթացքում նշեց. «Մարտի մեկի իրադարձությունների շուրջ 10 տարվա ընթացքում ձևավորվել են բազմաթիվ միֆեր. դրանցից մեկն այն է, որ մեր օրենսդրությունը, Սահմանադրությունը թույլ չեն տալիս օգտագործել զինված ուժերը ներպետական հարցերում, օրինակ՝ զանգվածային անկարգությունները կանխելու համար։ Սա միֆ է և այսօր դատարանում քննվող քրեական գործը մեծ չափով հիմնված է այս միֆի վրա»:
Այնուհետ, Հայկ Ալումյանն անդրադարձավ զինված ուժերի կիրառման արտասահմանյան երկրների փորձին՝ վկայաբերելով Չինաստանում, Հնդկաստանում, Նեպալում, Ֆրանսիայում, Բրազիլիայում, Հյուսիսային Իռլանդիայում, ԱՄՆ-ում՝ ներպետական հարցերում զինված ուժերի օգտագործման փորձը՝ հղում չանելով տվյալ պետություններում գործող որևէ իրավական ակտի, կամ իրավադրույթի:
Ըստ Ալումյանի, ինչպես իր կողմից թվարկված երկրներում, այնպես էլ 2008թ. Հայաստանում, կարող էին զինված ուժերն օգտագործվել ներքին անվտանգության ապահովման համար: Եվ այս դեպքում Ալումյանը մեջբերեց կոնկրետ նորմատիվ-իրավական ակտեր, որոնք, ըստ նրա, թույլատրում էին օգտագործել զինված ուժերը՝ ներպետական անվտանգության համար.
· ՀՀ Սահմանադրության 8.2 հոդվածը (2005թ. խմբագրությամբ),
· «Հայաստանի զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 11-րդ, 22-րդ հոդվածների վերլուծությունից (2008թ. խմբագրությամբ, իմա՝ 2008թ. դրությամբ կատարված փոփոխություններով հանդերձ):
Ի հավելումն, Ալումյանը նշեց, որ 2012թ. ընդունված՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին ՀՀ օրենքով ևս, թույլատրվում է զինված ուժերի օգտագործումը՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի պահպանության ընթացքում:
«Ամփոփելով այս ամենը,- նշեց Հայկ Ալումյանը,- Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միանշանակորեն թույլ է տալիս օգտագործել զինված ուժերը, մասնավորապես, զանգվածային անկարգություններին դիմակայելու և դրանք կանխելու նպատակով»:
ԴԵՏԵԿՏՈՐԸ Հայկ Ալումյանի անհիմն պնդումներում հայտնաբերել է իրավական քննարկման խեղաթյուրում և ցանկալին իրականության տեղ մատուցելու փորձ:
Հիմնավորումներ
«Միջազգային փորձ»
Իրավաբանական քննարկումներում նորմատիվ փաստարկների ներկայացումն անհրաժեշտություն է[i]: Այն է՝ իրավաբանական քննարկումն անհնար է իրականացնել՝ առանց կոնկրետ նորմերի վկայակոչմամբ:
Այսպես, երբ իրավագետը պնդում է, թե որևէ պետությունում առկա է «զինված ուժերի՝ ներպետական հարցերում օգտագործման» փորձ, համեմատականներ տանելով «հայկական փորձի»՝ 2008թ. մարտի մեկին զինված ուժերի օգտագործման հետ, ապա նա պարտավոր է իրականացնել կոնկրետ նորմատիվ իրավական ակտերի, իրավադրույթների իրավահամեմատական վերլուծություն՝ ապացուցելու համար իր կողմից վկայակոչված փորձի ռելևանտությունը՝ քննարկվող իրադարձությունների համայնապատկերում:
Այս առումով, Հայկ Ալումյանի կողմից վկայակոչված՝ Չինաստանում, Հնդկաստանում, Նեպալում, Ֆրանսիայում, Բրազիլիայում, Հյուսիսային Իռլանդիայում, ԱՄՆ-ում զինված ուժերի օգտագործման դեպքերը ուղղորդվում են կոնկրետ նորմատիվ-իրավական ակտերի և իրավանորմերի վկայակոչման բացակայությամբ: Ուստի՝ նման օրինակները Մարտի 1-ի քննարկման համատեքստում չունեն իրավական արժեք: Լավ գիտակցելով այս հանգամանքը՝ Հայկ Ալումյանը ոչ մասնագիտական հանրույթի վրա ազդեցություն գործելու և մեդիադաշտում Մարտի 1-ին զինված ուժերի օգտագործումն արդարացնող քարոզ իրականացնելու նպատակով, իր բերած օրինակները ներկայացնում է որպես «միջազգային փորձ»:
Փաստաբան Հայկ Ալումյանը նաև լավ գիտակցում է, որ իր մատնանշած «փորձից» կարելի է եզրահանգել, որ տվյալ պետությունների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Նեպալի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Հյուսիսային Իռլանդիայի, ԱՄՆ-ի իրավակարգերում կան նորմեր, որոնք թույլատրում են զինված ուժերի օգտագործումը ներպետական հարցերում. օրինակ՝ զանգվածային անկարգությունները կանխելու հարցում, ինչը չի կարելի պնդել 2008թ. մարտի 1-ին գործող ՀՀ Սահմանադրության և օրենսդրական կարգավորումների առումով: Հայաստանյան հանրության մեջ այս հարցում ձևավորված ընդհանուր կոնսենսուսի համաձայն՝ Մարտի 1-ին զինված ուժերի օգտագործումը իրավաչափ չի եղել, չի գործել որևէ նորմ, որն ուղղակիորեն կթույլատրեր ՀՀ նախագահին՝ օգտագործել զինված ուժերը ներպետական հարցերում: Դա է ապացուցում նաև այն, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում է սահմանադրական կարգի տապալման արարքը, որի կատարման միջոցներից մեկը, ըստ մեղադրող կողմի՝ եղել է զինված ուժերի օգտագործումը Երևան քաղաքում:
Իրավական քննարկումը խեղաթյուրելու և իրավական փաստարկման բացերը քողարկելու նպատակով՝ փաստաբան Հայկ Ալումյանը նշում է, թե իբր, իր բերած օրինակներում կան նաև առաջատար դեմոկրատական պետություններ և այդ պետություններում թույլատրվում է զինված ուժերի օգտագործումը ներպետական որոշակի հարցերում: Նա «մոռանում» է, որ իր քննարկման նպատակը ոչ թե հիմնավորելն է, որ դեմոկրատական երկրներում զինված ուժերն օգտագործվում են ներպետական հարցերում, այլ՝ «արտասահմանյան փորձի» և հայաստանյան դեպքերի միջև նմանություն ցույց տալը: Դժվար է հիշել որևէ իրավագետի կամ քաղաքագետի, որը հանրային տիրույթում ասել է, թե զինված ուժերի կիրառումը ներպետական հարցերում բացարաձակապես հակադեմոկրատական երևույթ է կամ բնորոշ է ոչ դեմոկրատական հանրույթներին:
Այսպիսով՝ Հայկ Ալումյանի զինված ուժերի կիրառման միջազգային փորձի վերաբերյալ քննարկումն մեթոդաբանական առումով սխալ էր եւ հետապնդում էր մանիպուլյատիվ նպատակներ։
Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան
12-09-2019