2018 թվականի սեպտեմբերի 23-ի` Երևան քաղաքի ավագանու ընտրություններից հետո, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող բնակիչների ընդամենը 43 տոկոսը, որից վերջինս եկել էր եզրահանգման, որ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունն ունեն ընդամնեը 43 տոկոսի աջակցություն և այլևս իրավունք չունեն ժողովրդի անունից հայտարարություններ անել:
«Եթե հիշում եք, այս ընտրություններից առաջ Փաշինյանը մի քանի անգամ իր վստահության հարցը դրեց՝ կոչ անելով բոլորին գնալ ընտրատեղամաս՝ նշելով, որ սա խորհրդարանական ընտրությունների «դաբրոյի» հարց է։ Հիմա կարող եմ ասել, որ Փաշինյանն իրեն գցեց իր իսկ լարած ծուղակը. փաստորեն, երևանցիների 57%-ն արհամարհեց Փաշինյանի կոչը, ականջալուր չեղավ նրան և ընդամենը 43%-ը գնաց ընտրությունների, այն դեպքում, երբ Տարոն Մարգարյանի ընտրությանը 40%-ից ավելի մասնակցություն էր եղել։» - մասնավորապես հայտարարել էր Է. Շարմազանովը:
ԴԵՏԵԿՏՈՐԸ փորձեց վերլուծել հրապարակված թվերը, համադրել հասանելի աղբյուրներից այլ թվերի հետ և հասկանալ, թե այդ թվերի ստվերում ինչ իրականություն է թաքնված: Թեև Էդուարդ Շարմազանովի հայտարարությունից հետո մի շարք փորձագետներ և կարծիք ձևավորողներ փորձեցին պատասխանել Էդուարդ Շարմազանովին, Դետեկտորն էլ իր հերթին փորձեց մեկ այլ տեսանկյունից հասկանալ ստեղծված իրավիճակը՝ շեշտը դնելով Էդուարդ Շարմազանովի հայտարարության մանիպուլյացիոն կողմերի բացահայտման վրա:
Այսպիսով, ընտրական իրավունք ունեցող, բայց ընտրության չմասնակցած 57 տոկոս երևանցիների մի ստվար մասը հիմա պարզապես Երևանում չէ, մեկնել է արտագնա աշխատանքի, իսկ մեկ այլ՝ կրկին ոչ փոքր խումբ, վաղուց մշտական բնակություն է հաստատել արտերկրում՝ չհրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից: Փաստորեն, ստացվում է, որ ցուցակներում առկա ՀՀ քաղաքացիների մի մեծ զանգված այդ օրը պարզապես ֆիզիկապես չէր կարող գնալ ընտրատեղամասեր և ընտրություն կատարել:
Այսպիսով, անհրաժեշտ է պարզել, թե ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներից քանիսն էին սեպտեմբերի 23-ին գտնվում Երևանում: Հարցի պատասխանը գտնելու համար Դետեկտորն ուսումնասիրեց Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված համապատասխան զեկույցները: Մասնավորապես, մեր ուշադրությունը գրավեցին ՀՀ աշխատանքային ռեսուրսի չափմանը վերաբերող հետազոտության արդյունքները:
Որպեսզի պարզենք, թե իրապես քանի քաղաքացի կարող էր սեպտեմբերի 23-ին քվեարկել, կարող ենք ստուգել, թե ըստ Ազգային վիճակագրական ծառայության, որքան է կազմում Հայաստանում աշխատանքային ռեսուրսը: Աշխատանքային ռեսուրսն իրենից ներկայացնում է տնտեսապես ակտիվ (զբաղված և գործազուրկ) և ոչ ակտիվ (աշխատանք չունեցող և աշխատանք չփնտրող) բնակչության հանրագումարը: Աշխատանքային ռեսուրսների թվաքանակը նույնական է 15-75 տարեկան բնակչության թվաքանակի հետ, որում ներառված չեն տվյալ տնային տնտեսությունից 3 ամիս և ավելի ժամանակով բացակայողները, անկախ նրանից` գտնվել են ՀՀ մեկ այլ բնակավայրում, թե՝ ՀՀ-ից դուրս: Փաստորեն, աշխատանքային ռեսուրսը Երևանում կարող է շատ փոքր շեղումներով ցույց տալ, թե քանի քաղաքացի էր սեպտեմբերի 23-ին գտնվում Երևանում: Նշենք, որ ավագանու ընտրություններին իրավունք ունեին մասնակցել ոչ միայն Երևանում 6 ամիս և ավելի գրանցում ունեցող ՀՀ քաղաքացիները, այլև նրանք, ովքեր գրանցում չունեն, բայց հաշվառված են: Այսինքն, աշխատանքային ռեսուրսին վերաբերող հետազոտությունն իր մեջ ներառում է նաև հաշվառվածներին, որը ևս մեկ անգամ հիմնավորում է, թե ինչպես կարող է աշխատանքային ռեսուրսի հաշվարկը հիմք ծառայել՝ Երևանում սեպտեմբերի 23-ին գտնվող, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների քանակի հաշվարկման համար: Փաստորեն, աշխատանքային ռեսուրսի հաշվարկման միջոցով մենք ստանում ենք ոչ ճշգրիտ, բայց վստահելի թիվ, որն իրական պատկերից շատ քիչ է շեղվում:
Վերադառնալով ԱՎԾ-ի հրապարակմանը՝ պարզվում է, որ Երևանում աշխատանքային ռեսուրսը 647 000 մարդ է: Եթե ավելացնենք 75 տարեկանից բարձր բնակիչներին, որոնց թվաքանակը կազմում է 65460 քաղաքացի և հանենք 15-17 տարեկաններին (մոտավորապես 36000), որոնք ներառված են աշխատանքային ռեսուրսի մեջ, բայց ընտրելու իրավունք չունեն, ապա կստանանք մոտ 676000 ընտրական իրավունք ունեցող և սեպտեմբերի 23-ին Երևանում գտնվող քաղաքացի: Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակման, ընտրողների ընդհանուր ցուցակում գրանցված էր 848346 ընտրող, որից 676000-ն էր (ըստ մեր հաշվարկների) գտնվում Երևանում և կարող էր մասնակցել ընտրություններին: Ըստ ԿԸՀ-ի հրապարակման, քվեարկությանը մասնակցել է 370 365 մարդ, որը կազմում է 676000-ի 55 տոկոսը: Այսինքն, համաձայն Դետեկտորի հաշվարկների, Երևանում գտնվող և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 55 տոկոսը մասնակցել է ընտրություններին:
Ինչ վերաբերում է Էդուարդ Շարմազանովի պնդմանը, թե ընտրություններին չմասնակցողները բոյկոտել են ընտրությունները, ապա պետք է նշել, որ նա ոչ մի հիմք չունի նման եզրակացություն անելու համար՝ քանի դեռ հետազոտություն չի կատարվել, որը կպարզի ընտրության չմասնակցած բնակիչների մոտիվները: Սխալ է միանգամից եզրակացնել, որ նրանք «ոչ» են ասել Նիկոլ Փաշինյանի օրակարգին, հատկապես այն պարագայում, երբ չի եղել բոյկոտի որևէ կոչ, առավել ևս՝ բոյկոտի կամպանիա:
Ընտրություններին չմասնակցող ընտրազանգվածը կարող է լինել բավականին բազմաշերտ. օրինակ` մասամաբ այն կարող է բաղկացած լինել բնակիչներից, որոնք համոզված են եղել, որ իրենց թեկնածուն հաղթելու է ու չեն մասնակցել ընտրություններին, բնակիչներից՝ որոնք միշտ ցուցաբերում են քաղաքական պասիվություն և երբեք չեն մասնակցում քաղաքական գործընթացներին, պասիվ ընտրազանգվածի մի մասն էլ կարող են լինել նրանք, որոնք սատարում են հեղափոխական օրակարգը, բայց չեն կարևորում Երևանի ավագանու ընտրությունները, և այլն: Փաստորեն, քանի որ ընտրություններին չմասնակցելու պատճառները կարող են բազմաթիվ լինել, ապա որևէ մեկը չի կարող պնդել, որ ընտրություններին չմասնակցողները մերժել են Նիկոլ Փաշինյանին: Այստեղ է Էդուարդ Շարմազանովը սահմանել կեղծ (անհիմն, սխալ) պատճառահետևանքային կապ՝ պնդելով, որ ցածր մասնակցության պատճառը (ինչն իրականում ցածր չէ ՏԻՄ ընտրությունների համար, հատկապես, եթե հաշվի առնենք, որ իրականում, ինչպես արդեն նշվեց ըստ մեր հաշվարկների, ընտրություններին մասնակցել է Երեւանի ընտրազանգվածի 55%-ը) ժողովրդի կողմից Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած օրակարգի մերժումն է:
ԴԵՏԵԿՏՈՐԸ եզրակացնում է, որ Է. Շարմազանովը, դիմելով «թվերի մանիպուլյացիա», «իրականության մասնակի ներկայացում», «անհիմն պատճառահետևանքային կապ» մանիպուլյացիոն տեխնիկաների, փորձել է առաջ տանել այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանը չունի հասարակության աջակցությունը: Այնինչ, իրականում մասնակցության թիվը դե ֆակտո բարձր է եղել. մեր հաշվարկներով` մոտ 55%, իսկ չմասնակցողների մոտիվացիան կարող է շատ տարբեր լինել: Ուրեմն՝ անհիմն է պնդումը, որ նրանք բոյկոտել են ընտրությունները:
Հեղինակ՝ Աննա Աթոյան
14-10-2018
Լուսանկարը՝ Sputnikarmenia