ՇՈՒՇԻԻ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԱՌԵՂԾՎԱԾԸ «ԾԱԽԵԼՈՒ» ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԾՈՒՂԱԿՈՒՄ

...

Բաղադրություն

  • Էմոցիայի շահարկում
  • Մետաֆորի անհարկի կիրառում

Զինադադարի համաձայնագրի մասին լուրն առնելու պես ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ (1՝ 0։10-1։00, 2՝ 0։30-0։45, 3՝ 1։50։42-1։53։20, 4)՝ սոցիալական ցանցում և այդուհետ՝ հրապարակային ակցիաների  ժամանակ վարչապետ Փաշինյանին մեղադրեցին Արցախը և Շուշին ծախելու մեջ։ Ն Փաշինյանն իր պատասխան արձագանքներում (1, 2, 3, 4, 5)՝ օգտագործելով «անկում», «կորցնել», «ընկնել» բառերը, փորձեց հիմնավորել Շուշին պահելու անհնարինությունը։ Շուշին կորցնելու շուրջ բորբոքված կրքերը հետագա օրերին կարծես հանդարտվելու և ռացիոնալ քննարկումների հարթություն տեղափոխվելու միտում էին դրսևորում, երբ նոյեմբերի 16-ին կրկին բորբոքվեցին նոր և ավելի մեծ թափով՝ վերածվելով իսկական աղմուկի։ Շատերը բողոք կամ կարծիք էին հնչեցնում՝ իրար չլսելով։

Ինչո՞վ էր պայմանավորված այդ աղմուկը։ Դետեկտորի կարծիքով պատճառներից մեկը թե՛ ընդդիմադիրների, թե՛ վարչապետի կողմից փոխաբերություն (մետաֆոր) օգտագործելու միևնույն հնարքին դիմելն էր, տվյալ դեպքում՝ «ծախել» բառի օգտագործմանը։ Նոյեմբերի 16-ին՝ Ազգային Ժողովում կայացած հարցուպատասխանի ժամանակ, Ն Փաշինյանը, Շուշին կորցնելու վերաբերյալ հերթական հիմնավորումները հնչեցնելիս, նույնպես օգտագործեց «ծախել» եզրը՝ դրա մեղավորությունը վերագրելով իր ընդդիմախոսներին։ «Ծախելը» տնտեսական խոսույթում լայնորեն կիրառվող դենոտատիվ եզր է և ունի դրական մեկնաբանում։ Բայց երբ տեղափոխվում է քաղաքական խոսույթ, ստանում է բացասական մեկնաբանում։ Այն բացասական մեկնաբանում ունի նաև քրեական ենթամշակույթի խոսույթում։  Տնտեսական կամ այլ կերպ ասած՝ մայր խոսույթից՝ քաղաքական կամ այլ կերպ ասած՝ օտար խոսույթ տեղափոխվելու պարագայում «ծախելը» կորցնում է իր դենոտատիվ իմաստը և վերածվում է փոխաբերության։ Կոնկրետ դեպքում այն գալիս է փոխարինելու  «զիջել», «կորցնել», «տանուլ տալ»  եզրերին։

Ինչո՞ւ, երբ առկա են այդքան հոմանիշներ, փորձ է արվում դիմել այլ խոսույթից նոր, այն էլ կենդանի (չիմաստազրկված կամ մայր խոսույթում լայնորեն օգտագործվող) բառ փոխառելուն։ Որովհետև փոխառող լեզվում տվյալ երևույթը նշող եզրերը (տվյալ դեպքում՝ «զիջել», «կորցնել», «տանուլ տալ») չունեն այն հուզական ազդեցությունը, ինչ օտար խոսույթից վերցված եզրը։ Փոխաբերությունները  բոլոր խոսույթներում և հատկապես արվեստային և քաղաքական, կիրառվում են հուզական ազդեցության նպատակով։ Հույզերը չունեն քննական մոտեցում։ Վախը, ատելությունը (զզվանքը), զայրույթը, վիշտը, զարմանքը, ուրախությունը, հոգեֆիզիոլոգիական փաստեր լինելով հանդերձ, մշակութային կարծրատիպեր են, որոնք դրսևորվում են ինքնաբուխ կերպով։ Բոլոր մշակույթներում մարդիկ վախենում, ատում և ուրախանում են, բայց դրանց առիթները, կախված մշակույթից, կարող են տարբեր լինել։ Դիցուք, «ծախել» բառը ատելություն չի հարուցում տնտեսական խոսույթում, բայց հարուցում է քաղաքական խոսույթում։  «Ծախել» բառի փոխառումը փոխում է նաև դրանով նշանակվող երևույթի որակը։ Դիցուք քաղաքը վերածվում է ապրանքի որը կարելի է վաճառել և գնել։ «Ծախելու» փոխառումը փոխում է նաև նշանակվող օբյեկտի հետ հարաբերվող սուբյեկտին՝ նրան քաղաքական գործչից առևտրականի վերածելով։ Այսպիսով, կարող ենք պնդել, որ «ծախել» բառի օգտագործումը  քաղաքական խոսույթում միտված է հանրության շրջանում քաղաքական ուժերից մեկի նկատմամբ ատելության և զայրույթի հույզեր արթնացնելուն։

«Ծախելու» փոխաբերության օգնությամբ ընդդիմությունը Փաշինյանի և նրա քաղաքական թիմի դեմ ատելություն բորբոքող մեղադրանքներ հնչեցնում էր տակավին 2018թ հեղափոխությունից հետո։ Ի մասնավորի հայտարարվում էր, որ Ն Փաշինյանն եկել է «հողերը ծախելու», որի տակ նկատի էր առնվում Արցախի անվտանգությունն ապահովող 7 շրջանները, իսկ երբեմն նաև ողջ Արցախը։ Այդպիսի մեղադրանքներ հնչեցին նաև վերջին պատերազմի մեկնարկից առաջ ու դադարեցումից անմիջապես հետո։ Սակայն, մեր նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ դրանք այսչափ բուռն արձագանքների չարժանացան։ Նշված մեղադրանքները նման ճակատագրի արժանացան, ինչպես արդեն ասացինք, նոյեմբերի 16-ին Փաշինյանի կողմից նույն փոխաբերությանը դիմելու հետևանքում։ Ավելին, իր արձագանքի ընթացքում Փաշինյանը դիմեց նաև մեկ այլ փոխաբերության օգտագործմանը՝  «ուխտի վրա կուզեկուզ գնալու մասին», որի հիմնական ուղերձն այն էր թե՝ եթե Շուշին անհրաժեշտ էր հպարտանալու համար, ինչու այն բարետես ու բարեկարգ քաղաքի չէր վերածվել։

Ինչու՞ վարչապետ Փաշինյանը որոշեց նույն հնարքով պատասխանել։ Դետեկտորի կարծիքով Փաշինյանը, հավանաբար, հանգել է այն եզրակացության, որ իշխանությունը պարտվում է հուզական ազդեցության դաշտում և, որ ադեկվատ եզրերի միջոցով Շուշին կորցնելու մասին իր հիմնավորումները բավարար չափով չեն ընկալվում։  Ըստ էության սա հակադարձ մանիպուլյացիա էր։ Հակադարձ մանիպուլյացիա լինելով հանդերձ, Փաշինյանի պատասխանի հիմքում որոշակի անհերքելի փաստեր կային, որոնց մասին նա հիշատակեց իր խոսքում, ի մասնավորի նշելով փոքրաթիվ բարերարների կողմից կառուցված մի քանի շինությունների, ինչպես նաև Շուշիում՝ Արցախի նախորդ իշխանությունների կողմից պաշտոնական միջոցառումներ կազմակերպելուց խուսափելու մասին։ Մեր ձեռքի տակ գտնվող բազմաթիվ լուսանկարները ևս հիմք են տալիս հաստատելու, որ ընդամենը 5,5 կմ քառակուսի զբաղեցնող Շուշիի տարածքում անցած 25 տարում բարեկարգվել էր բնակելի և ժամանցի ու արտադրական նպատակներով օգտագործվող հատվածի հազիվ 40 տոկոսը։ Որովհետև, նաև՝ ըստ Փաշինյանի ուղերձի տրամաբանության՝ ծախու ապրանքով մտահոգված քննադատները ենթադրաբար պարտավոր էին հոգ տանել մտահոգության առարկա ապրանքի ապրանքային հատկանիշների մասին։

Այդուհանդերձ՝ արդյո՞ք վարչապետ Փաշինյանի կողմից վերոհիշյալ փոխաբերությունների օգտագործումը թույլ է տալիս հասկանալ Շուշին կորցնել/հանձնելու առեղծվածը։ Օրինակ, ծագում է մի կարևոր հարց՝ արդյո՞ք Շուշիի շեն ու բարեկարգ լինելը, կամ «ծախելու» փոխաբերության համատեքստում՝ պատշաճ ապրանքային տեսք ունենալը, կարող էր երաշխավորել Շուշին չկորցնելը․․․ Սակայն սա, ինչպես նաև այլ կարևոր հարցադրումներ, չհնչեցվեց․․․ կամ խլացավ ստեղծված աղմուկի մեջ։ Օրինակ՝ խլացան այն հարցադրումները, թե ինչո՞ւ ՌԴ-ն ավելի վաղ Արցախ խաղաղապահներ չմտցրեց, ինչու՞ էր անընդունելի ադրբեջանցի փախստականների՝ Շուշի վերադարձը, ի՞նչ տեղ է զբաղեցրել այն Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող բանակցություններում։  Այս և ուրիշ շատ հարցադրումներ կարևոր են, որոնց հիմնավոր պատասխանները հնարավոր է ստանալ միայն ռացիոնալ ու բանական լեզվի (տվյալ դեպքում` քաղաքական խոսույթի) շրջանակներում, առանց փոխաբերություններ կիրառելու։ Անհրաժեշտություն կա բացատրելու թե ինչպիսի քաղաքական բացթողումների կամ հաշվարկների և ինչպիսի ռազմական գործողությունների արդյունքում կորուսվեց Շուշին։ Նման պատասխաններ ստանալը հնարավոր կդառնա, եթե կառավարող ուժն ու նրա ընդդիմախոսները հրաժարվեն փոխաբերություններ կիրառելուց և լսարանի հույզերին ապավինելու փոխարեն, ապավինեն քաղաքական մտածողությանը։ Այլապես կշարունակենք խարխափել փոխաբերությունների «լարած» ծուղակում։

 

Նիկոլ Մարգարյան

1/12/2020