ԲՈՂՈՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՅՑԵՐԸ ՈՐՊԵՍ ԲՈՂՈՔԻ ԱԼԻՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ

...

Բաղադրություն

  • Կեղծ պատճառահետևանքային կապ
  • Անհիմն պնդում և ապատեղեկատվություն
  • Մասնավոր դեպքերի ներկայացում՝ որպես համընդհանուր պատկեր


Սույն թվականի մարտի 20-ին ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն «Ազատության» հետ հարցազրույցում արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մարտի 19-ի մամլո ասուլիսում  արված հայտարարությանը, թե «…Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա…», նշել էր. «Դժգոհության ալիք կա, և վտանգավոր է, որ վարչապետն այդ մասին տեղյակ չէ...»։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք քաղաքացիները չեն զգում իրական փոփոխություններ, ԱԺ պատգամավորը նշել է. «Դա փաստ է, որովհետև ամենօրյա շփումները մեր քաղաքացիների հետ դա են ցույց տալիս: Մարդկանց մոտ սպասելիքները շատ մեծ էին….. շատ բարձր ակնկալիքներ են ձևավորել, և հիմա շատ վտանգավոր է, որ այդ ակնկալիքների գոնե մի մասը, գոնե տենդենցը, որ դրանք ինչ-որ մի փուլում կյանքի են կոչվելու, եթե հասարակությունը չտեսնի, շատ լուրջ դեպրեսիայի վտանգի առաջ ենք մենք կանգնելու»։

 

        Դետեկտորը Գ Գորգիսյանի հարցազրույցում և հայտարարություններում արձանագրել է մանիպուլյացիոն տարրեր՝ «կեղծ պատճառահետևանքային կապի ստեղծում», «մասնավոր դեպքերը որպես  համընդհանուր պատկեր ներկայացում»:

  Հասարակության մեջ դժգոհության ալիքի առկայության մասին իր պնդումը Գորգիսյանը փորձում է հիմնավորել Հարկային օրենսգրքի, Գրավատների և գրավատնային գործունեության մասին օրենքի նախագծերի  քննարկումների ընթացքում հնչեցված տարակարծություններով, կառավարության շենքի մոտ քաղաքացիների փոքր խմբերի կողմից իրականացված բողոքի ակցիաներով, քաղաքացիներից ստացված նամակ-բողոքներով:  Քաղաքացիների բողոքի ցանկացած արտահայտություն Գ Գորգիսյանը ներկայացնում է որպես լայնածավալ և շարունակական դժգոհության ալիք։   

 

 

 Մեր հիմնավորումները

 

Գևորգ Գորգիսյանն իր հարցազրույցում, ոչ միայն հակադարձում է վարչապետին՝ պնդելով դժգոհության ալիքի առկայության իր թեզը, այլև շեշտում՝ վտանգավոր է, որ վարչապետն այդ մասին չգիտի։ Որպեսզի հիմնավորի դժգոհության ալիքի առկայության վերաբերյալ իր թեզը, նա նշում է. «Հիմա ԱԺ-ում ընթանում է Հարկային օրենսգրքի նախագծի քննարկում, որի հետ կապված բազմաթիվ դժգոհություններ կան»:       Անշուշտ, հանրային քննարկումներում տարբեր խմբերի, անհատների կողմից օրենքի նախագծի վերաբերյալ հնչեցվել են քննադատական խոսքեր, սակայն ներկայացնել դրանք որպես բողոքի ալիք՝ հիմնավոր չէ, քանի որ այն ենթադրում է լայնածավալ, պերմանենտ բողոք: Ընդհակառակը, օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ տարատեսակ քննադատությունները,  դժգոհությունները և այլն՝ խոսում են ժողովրդավարական հասարակությանը բնորոշ  բազմակարծության առկայության մասին: Ի վերջո, ցանկացած օրենսգրքի կամ օրենքի քննարկում  կազմակերպվում է,  որպեսզի հնչեն տարբեր տեսակետներ, քննադատություն, և արդյունքում կայացվի  շատերի համար ընդունելի որոշում:

Այնուհետև նշելով, որ Ազգային ժողովում քննարկվում է Գրավատների և գրավատնային գործունեության մասին օրենքում փոփոխությունները, Գ Գորգիսյանը դարձյալ շեշտում է, որ դրա հետ կապված՝ «հասարակությունը կրկին ունի տարբեր դժգոհություններ»: Քաղաքացիների ընդամենը մի խմբի՝ գրավատների սեփականատերերի անհամաձայնությունը առաջարկվող օրենքի փոփոխությանը, նա ներկայացնում է որպես հասարակության դժգոհություն: Շարունակելով՝ Գ Գորգիսյանը իրավիճակը զգացմունքային ներկայացնելու և սեփական խոսքերին կշիռ հաղորդելու համար նշում է, որ իրենք  «ամեն օր տարբեր բողոք-նամակներ են ստանում, հանդիպում են քաղաքացիների, որոնք տարբեր ոլորտների և հիմնականում՝ պետական կառույցների հետ առնչվելուց ունեն տարբեր խնդիրներ» և շեշտում է, որ «այդ ամենը պետք է իմացվի, ընթացք տրվի և պետք է դրանով զբաղվեն»: Սակայն պատգամավորը չի պարզաբանում, թե որ պետական կառույցներից ինչ տիպի դժգոհություն կամ բողոք ունեն քաղաքացիները, և վերջապես՝ ինչ ծավալի բողոքների  մասին է խոսքը. այս հարցերի պատասխաններն ստանալու պարագայում միայն կարելի կլինի հասկանալ՝ արդյոք Հայաստանում կա բողոքի ալիք, թե՝ ոչ: Նա պնդում է, որ  քաղաքացիների տարբեր դժգոհությունների մասին «պետք է իմացվի» (ենթադրաբար՝ կառավարությունը), դրանց պետք է «ընթացք տրվի», և չի պարզաբանում, թե ինչ հիմքեր ունի կարծելու, որ կառավարությունը կամ վարչապետը տեղյակ չեն և ընթացք չեն տալիս քաղաքացիների խնդիրներին:

Խոսելով կառավարության դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին՝ Գ Գորգիսյանը շեշտում է, որ բողոքողներին  «պետք է լսողներ լինեն, որոնք չկան»:  Այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Բողոքող քաղաքացիների խմբերը գրեթե միշտ ուշադրության են արժանանում՝ երբեմն ամենաբարձր մակարդակով (օրինակ՝ վարչապետի և Օպերայի աշխատակիցների հանդիպումը, վարչապետի և արծվաշենցիների հանդիպումը): Գ Գորգիսյանը նշում է գրավատների սեփականատերերի դժգոհությունը, սակայն կառավարության ներկայացուցիչների հետ վերջիններիս հանդիպման և քննարկումների արդյունքում որոշակի փոխհամաձայնություն կայացել է, և գրավատների սեփականատերերի բողոքի ակցիաները շարունակական բնույթ չեն ստացել: Գ Գորգիսյանը շեշտում է՝ «օրումեջ, կարելի է ասել, կառավարության դիմաց ցույցեր են անում քաղաքացիները՝ տարբեր ձևերով»: Նշենք, որ բոլորովին վերջերս կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում  գազավորված ըմպելիք արտադրողները՝ կապված  այս ապրանքատեսակների հարկման ձևաչափի փոփոխության հետ, և կառավարության ներկայացուցիչների ու ակցիայի մասնակիցներին հանդիպման և համատեղ քննարկումների արդյունքում խնդիրը լուծվեց, ու հարկման ձևաչափը փոփոխության չենթարկվեց:

 

            Անդրադառնալով քաղաքացիների կյանքում փոփոխություններին՝ Գ Գորգիսյանը շեշտում է, որ վերջիններս չեն զգում իրական փոփոխություններ, և որ նման եզրահանգման է եկել նրանց հետ անձնական շփումների արդյունքում.   «Գործարարների ենք հանդիպում, որոնք ասում են՝ մենք բոլորին բռնեցինք գրանցեցինք, ինչպես կառավարությունը պահանջում էր և հիմա մենք ունենք խնդիր, որովհետև մենք սպասում ենք. չգիտեմ՝ գոնե Հարկային օրենսգիրքը կփոխվի՞, մեր հարկային բեռը կփոքրանա՞, որովհետև մենք հիմա փակման եզրին ենք, գոնե նաև գազի գինը, հոսանքի գինը կիջնի՞, որը մինչև հեղափոխությունը խոստացվում էր»:

     Ըստ ԳԳորգիսյանի, գործարարների մոտ որոշակի ակնկալիքներ է ձևավորել կառավարությունը, որը պահանջել է գրանցել աշխատողներին՝ ինչ-ինչ օրենսդրական փոփոխություններ խոստանալով: Մինչդեռ աշխատողներին գրանցելու և ստվերից դուրս գալու պահանջը բխում է ՀՀ օրենքներից և այդ պահանջը պայմանավորված չէ հեղափոխությամբ կամ կառավարության ցանկությամբ։ Ինչ վերաբերում է Հարկային օրենսգրքին, ինչպես նշեցինք, փոփոխությունները քննարկվում են  ԱԺ-ում։

 Հանրային  բարձր ակնկալիքների պարագայում խնդիրը փոքր-ինչ այլ է։ Արդյո՞ք հասարակության մեջ դրանք ձևավորվել են կառավարության գործունեության արդյունքում, թե՞  առաջացել են հեղափոխության տրամաբանության ծիրում: Օրինակ՝ առաջիկայում զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը հասարակության ակնկալիքի բավարարու՞մ է, թե՞ ոչ: Գ Գորգիսյանը խոսում է ակնկալիքների չիրականացման վտանգների ու դեպրեսիայի մասին, սակայն չի պարզաբանում, թե ինչ վտանգներ են դրանք, ինչպես կարող է արտահայտվել հասարակության դեպրեսիան,  քաղաքացիների՞ն, թե՞ կառավարությանը սպառնացող վտանգների մասին է խոսքը։ Փոխարենը պատգամավորը օգտագործում է ալարմիստական լեզվամթերքդեպրեսիա», «վտանգ»), որը կոչված է բացասական հույզեր արթնացնել լսարանի մոտ:

 

 Ի մի բերելով՝ Դետեկտորը փաստում է, որ ԱԺ պատգամավոր, ԼՀ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը մանիպուլյատիվ մեկնաբանություն է տալիս քաղաքացիների տարբեր խմբերի կողմից առկա խնդիրների բարձրաձայնմանը և առանց պատշաճ հիմնավորումների՝ ներկայացնում դրանք որպես դժգոհության ալիք։ 

 

ՀԳ  Ի դեպ, հետաքրքրական է, որ քննարկվող հարցի վերաբերյալ  տրամագծորեն հակառակ կարծիք ունի Գորգիսյանի  խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որն Աննա Իսրայելյանին տված հարցազրույցում նշում է. «Չկա դժգոհության ալիք երկրում, դա հանրապետականների կեղծ թեզն է, դժգոհության ալիք Հայաստանում չկադրսևորումներ միշտ էլ լինելու են, մարդիկ դժգոհ են և միշտ էլ լինելու են, որովհետև եթե կա հանրային բարձր ակնկալիք, և չի բավարարվում դա, դժգոհություններ միշտ էլ լինելու են, բայց դժգոհության ալիք չկա, դա նախկին իշխանությունների ձևակերպումներն են. նրանք ուզում են լինի դա, բայց չկա, այստեղ Փաշինյանը ճիշտ է ասում»։ Այսինքն, Մարուքյանի ձևակերպմամբ, Գևորգ Գորգիսյանն առաջ է քաշում «հանրապետականների թեզը»։ Վերոնշյալից պարզ է դառնում նաև, որ արծարծված թեմաների շուրջ ԼՀԿ-ում չկա ընդհանուր միասնական մոտեցում։

 

Հեղինակ՝ Աղասի Մարգարյան

16-04-2019