ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ

...

Բաղադրություն

  • Անհիմն պնդում և ապատեղեկատվություն
  • Կեղծ ենթադրություն
  • Հասկացության բովանդակության սահմանափակում
  • Անհամեմատելի երևույթների համեմատում
  • Լսարանին անհիմն պնդումների վերագրում

24072020թկայացած մամլո ասուլիսում ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Ա Մովսիսյանը, անդրադառնալով հանրակրթական հաստատություններում Հայոց պատմությանը (այսուհետ՝ ՀՊ) վերաբերող առարկայական նոր չափորոշիչների նախագծին, ասաց «Վերջին հաշվով մեզ համար շատ կարևոր է էս դասագրքերի՝ Հայոց պատմության դասագրքերի նպատակադրումը։ Եթե Հայոց պատմությունը առաջին հերթին երեխաների մեջ հայրենասիրություն չի զարգացնելու, ի՞նչ է զարգացնելու։ «Համակեցություն» տերմինը, այդ թվում՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական համակեցության քարոզչությունը, որը մենք զգում ենք, ծրագրում կա 31 անգամ, «գլոբալիզացիա» տերմինը կա 14 անգամ: Հիմա մոտավորապես գլխի ընկեք թե քանի՞ անգամ կա «հայրենասիրություն» տերմինը։ Զրո: Հայոց պատմության ծրագրի մեջ «հայրենասիրությունը» կա զրո անգամ։ «Գլոբալիզացիան»՝14, համակեցությունը այլոց հետ՝ 31» (տես՝ 20։14 -21։13):

Դետեկտորի կարծիքով՝ Ա Մովսիսյանի վերոհիշյալ տեքստում նկատելի են մի շարք շահարկումներ, որոնք դրսևորվում են անհիմն պնդում անելու, կեղծ դատողության դիմելու, ապատեղեկատվություն տարածելու, հասկացության իմաստը սահմանափակելու, անհամեմատելի երևույթները համեմատելու և անհիմն պնդումները լսարանին վերագրելու հնարքներում։

Ահիմն պնդում

Նոր չափորոշիչների նախագծի վերաբերյալ՝ Ա Մովսիսյանի կողմից արված՝ «Եթե ՀՊ-ն առաջին հերթին երեխաների մեջ հայրենասիրություն չի զարգացնելու, ի՞նչ է զարգացնելու» հարցադրումը  հարցադրում է արտաքուստ։ Ըստ էության հարցադրում է միայն նախադասության վերջին մասը «ի՞նչ է զարգացնելու», որի պատասխանը պնդման տեսքով զետեղված է նախադասության առաջին մասում՝ «եթե ՀՊ-ն առաջին հերթին երեխաների մեջ հայրենասիրություն չի զարգացնելու»։ Նման («եթե» -ով ուղեկցվող կառուցվածքին) սովորաբար դիմում են, երբ համոզված չեն պնդման հիմքում ընկած փաստերի գոյության հարցում կամ երբ այդպիսիք չկան։ Սակայն այստեղ այն կիրառված է որպես պնդում, որ նախկինում ՀՊ-ն հայրենասիրություն էր զարգացնում, իսկ ահա նոր չափորոշիչներով այլեւս հայրենասիրություն չի զարգացնելու:

2012թ ընդունված և ներկայում գործառվող ՀՊ-ի առարկայական չափորոշիչներում հայրենասիրության դաստիարակությունը ոչ միայն չի նշված որպես առաջնահերթ նպատակ, այլև առհասարակ նման նպատակադրումը բացակայում է։ Ահավասիկ, նշված փաստաթղթում ՀՊ-ի ուսումնական նպատակների բովանդակությունը

ՀՊ հանրակրթական առարկայի գլխավոր նպատակը պատմական
գիտելիքներով զինված, ազգային ինքնագիտակցությամբ օժտված, ազգային և համամարդկային արժեքներով առաջնորդվող, ազգային նկարագիր ունեցող հայ մարդու և քաղաքացու ձևավորումն է: Այս առաջնահերթ նպատակից բխում են հետևյալ հիմնական խնդիրները.

       սովորողին հաղորդակից դարձնել նախորդ սերունդների ստեղծած հոգևոր-մշակութային արժեքներին,

       ցույց տալ Հայաստանի և հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության տեղը և դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ,

       ծանոթանալ և իմանալ սեփական ակունքները, ժողովրդի պատմական ընթացքը ժամանակի հոլովույթում,

       օգնել հասկանալու պատմական իրադարձությունները, երևույթները և դասեր քաղել պատմությունից, ցույց տալ սերունդների կապը պատմության մեջ, ինչը կնպաստի պատմական ժառանգականության ընկալմանը և պատմական փորձի յուրացմանը ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցմանը,

       ամբողջացնել և համակարգել հայագիտական առարկաներից սովորողների ստացած գիտելիքները։

Այս փաստաթղթի բովանդակությանը պարոն Ա Մովսիսյանը բնականաբար քաջածանոթ է։ Դրա հիման վրա նրա համահեղինակությամբ ՀՊ հանրակրթական դասագիրք է գրվել։ Բնականաբար նա քաջատեղյակ է, որ այստեղ հայրենասիրության դաստիարակումը, որպես գլխավոր նպատակադրում, բացակայում է։ Հետևապես, նրա պնդումը, որ նոր չափորոշիչներում այն բացակայում է՝ մանիպուլյատիվ է։ Մանիպուլյատիվ պնդում չանելու կամ մանիպուլյացիան մեղմելու համար նա գոնե պետք է խնդրականացներ, որ հայրենասիրության դաստիարակումը, որպես գլխավոր նպատակադրում, անընդունելի բացթողում է ինչպես նախկին, այնպես էլ նոր չափորոշիչներում, և, որ այն պետք է լրացվի։

Կեղծ դատողություն և ապատեղեկատվություն

Ա Մովսիսյանի հաջորդ արտահայտությունը «Համակեցություն» տերմինը, այդ թվում՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական համակեցության քարոզչությունը, որը մենք զգում ենք, ծրագրում կա 31 անգամ, «գլոբալիզացիա» տերմինը կա 14 անգամ» ըստ էության անհիմն կամ կեղծ դատողություն է, որը նա փորձում է քողարկել «զգում ենք» հուզական ձևակերպման օգնությամբ։ Իրականում սա դատողության հավակնող մտակառուցում է, որը հաստատվում է վերջին նախադասության մեջ՝ «համակեցություն այլոց հետ» պնդման առկայությամբ։ Չափորոշիչների նոր նախագծում, չկան հիմքեր ինչպես նման դատողության, այնպես էլ նման պնդման համար։ Նախագծի որևէ նախադասության կամ պարբերության մեջ չի հանդիպում «համակեցություն» հասկացության օգտագործում՝ հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական բառակազմությունների ուղեկցությամբ կամ առկայությամբ։ Իսկ «համակեցություն այլոց հետ» պնդման ձևով ներկայացվող արտահայտությունը բացարձակ կեղծիք և ապատեղեկատվություն է, քանի որ նման արտահայտություն նախագծում պարզապես չկա։

Հասկացության բովանդակության սահմանափակում

Ա Մովսիսյանը «համակեցություն» հասկացությունը օգտագործում է սահմանափակ նշանակությամբ՝ այն վերաբերեցվում է այլոց հետ համակեցությանը։ Այնինչ, հասկացությունը վերաբերում է նաև յուրայիններին։ Հենց այդ նշանակությամբ այն 30 անգամ օգտագործվում է չափորոշիչների նախագծում: Օրինակ թեմա 1-ինի վերջնարդյունքներում գրված է՝ աշակերտը «նկարագրի Արարատյան (Վանի) թագավորության պետական կառավարման համակարգը, տնտեսական կյանքը, ընկերային կառուցվածքը, համակեցութային հարաբերությունները, առօրյա կյանքն ու կենցաղը, փորձի կապեր գտնել իր ներկա կյանքի հետ»; թեմա 2-րդի վերջնարդյունքներում՝ «նկարագրի Հայկազունի Երվանդյանների թագավորության պետական կառավարման համակարգը, տնտեսական կյանքը, ընկերային կառուցվածքը, համակեցութային հարաբերությունները, առօրյա կյանքն ու կենցաղը, փորձի կապեր գտնել իր ներկա կյանքի հետ»։ Նույնը կրկնվում է 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ թեմաներում, որոնցում փոխվում է միայն ժամանակի իշխանության կամ պետականության անվանումը։

Անհամեմատելի բաների համեմատում և հակադրում

Ա Մովսիսյանն իր ներկայացրած վիճակագրության մեջ իրար հետ է համեմատում  անհամեմատելի կամ տարբեր հարթության երևույթներ՝ հայրենասիրությունը համեմատում է համակեցության և գոլաբալիզացիայի հետ։ Ընդորում, այդ համեմատությունը, ինչպես վերջում է պարզվում, արվում է դրանք իրար հակադրելու նպատակով։ Սակայն դրա համար պահանջվում է, որ առնվազն այդ հասկացությունները լինեն միմյանց հականիշներ, ինչը սակայն, ըստ բառարանների և մասնագիտական գրականության մեջ հանդիպող ձևակերպումների, այդպես չէ։ Իրականում հայրենասիրության հականիշը հայրենատյացությունն է, գլոբալացման հականիշը՝ տեղականը (հայկականը, ազգայինը), իսկ համակեցության հականիշը՝ մենակեցությունը։ Քննվող չափանիշների նախագծում որևէ տեղ չեն օգտագործած հայրենասիրության և համակեցության հականիշները։ Իսկ գլոբալացման առաջնային հականիշը՝ տեղականը, օգտագործված է։ Եվ օգտագործված է գլոբալացում հասկացությանը զուգահեռ։ Օրինակ՝ «Համաշխարհայնացում (գլոբալիզացիա) և կայուն զարգացում համակարգերի, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, դրանց ազդեցությունը և հետևանքները մարդկության և շրջակա միջավայրի վրա»: Ընդհանուր առմամբ «տեղական» բառը նույն նախագծում օգտագործված է 15 անգամ (գլոբալացումից նույնիսկ 1 հատով ավելի)։ Այսինքն՝ առկա է հավասարակշռություն։ Ավելորդ չէ նշել նաև, որ տեղականի հոմանիշերը՝ «հայկականը» և «ազգայինը» նույն նախագծում հիշատակվում են՝ յուրաքանչյուրը՝ 100 -ից ավելի անգամ։ Այն որոնողական համակարգը, որից օգտվել է Ա Մովսիսյանը՝ իր վիճակագրական տվյալները ներկայացնելու համար, հնարավորություն են ընձեռում նաև նկատել ու հաշվարկել վերոհիշյալ հասկացությունները։ Սակայն նա լռում է  դրանց մասին, ինչը միտումնավոր լռություն է։  Նույն միտումնավորությունն առկա է դասագրքում առավել հաճախ օգտագործված հայերեն՝ «համաշխարհային», «համաշխարհայնացում» եզրերի փոխարեն շեշտված կերպով «գլոբալիզացիա» եզրը օգտագործելու հանգամանքում։ Ըստ ամենայնի, օտար հնչողությամբ բառի օգտագործումը ավելի հարմար է հայրենասիրությանն հակադրելու և այդ բառի իմաստը վարկաբեկելու տեսանկյունից։ Նկատենք նաև, որ Ա Մովսիսյանը այնպես է ներկայացնում խնդիրը, կարծես «գլոբալացումը» և «համակեցությունը» հանդիպում են ուսումնական նպատակներում կամ վերջնարդյունքներում։ Այնինչ, այդպես չէ դրանք հանդիպում են միայն կոնկրետ թեմաներում և ընդհանուր հղացքային հասկացություններ չեն։

 

Անհիմն պնդումներ՝ լսարանին վերագրում

Ա Մովսիսյանը, ինչպես նշվեց, իր խոսքը կառուցում է հարցադրումների միջոցով։ Դրանք ըստ էության ուղղված են լսարանին և նպատակ ունեն համոզելու վերջինիս, որ այդ պնդումները լսարանի պնդումներն են և ոչ թե սոսկ հեղինակինը։ «Հիմա մոտավորապես գլխի ընկեք թե քանի՞ անգամ կա հայրենասիրություն տերմինը»՝ աշակերտական և ուսանողական լսարաններում օգտագործվող  առաջադրանքի միջոցով նա լսարանին ուղղորդում է հաստատելու այն քողարկված պնդումը, ինչը արել է իր ամփոփիչ պարբերության սկզբում՝ «նախկինում կար, իսկ հիմա բացակայում է հայրենասիրությունը»։ Սա մի հնարք է, որը նպատակ ունի չեզոքացնելու լսարանի կասկածները և ասվածի հանդեպ քննադատական վերաբերմունքը։

Պիտի նկատենք, որ մանիպուլյատիվ է Ա Մովսիսյանի տեքստի կառուցման ողջ ալգորիթմը։ Այն կառուցված է հետևյալ տրամաբանությամբ՝ թվացյալ հարցադրման միջոցով ներկայացվում է անհիմն պնդում, հետո այն ամրապնդվում է անհիմն դատողությամբ և ապատեղեկատվությամբ, օգտագործվող հասկացությունների բովանդակության սահմանափակմամբ, ինչը «թույլատրում» է իրար հետ համեմատել ու հակադրել անհամեմատելի երևույթները, որպեսզի վերջնարդյունքում տպավորություն ստեղծվի թե դրանցից մեկը (հայրենասիրությունը) դրական է, իսկ մյուսները (գլոբալացում, համակեցություն)՝բացասական և որ վերջիններս գալիս են փոխարինելու դրականին: Այդուհետ, այդ ամենը վերագրվում է լսարանին, ինչի շնորհիվ չեզոքացվում է կասկածելու չնչին իսկ հակումները, իսկ ամենավերջում կրկին հաստատում է խոսքի սկզբում հնչեցրած պնդումը՝ «հայրենասիրությունը՝ զրո»։ Այսինքն, Մովսիսյանը պնդում է, որ ըստ նոր առարկական չափորոշիչների՝ Հայոց պատմության դասագրքերը ծառայում են հակահայրենասիրական գլոբալացմանը և համակեցությանը։ Ի դեպ, պատահական չէ, որ մի շարք կայքեր վերոհիշյալ ասուլիսի մասին հաղորդումը իրենց էջերում տարածեցին հենց նույն մանիպուլյատիվ վերնագրերով («Գլոբալիզացիա» տերմինը՝ 14 անգամ, «հայրենասիրությունը»՝ 0. «Հայոց պատմության» նոր չափորոշիչները; «Համակեցություն»` 30, «գլոբալիզացիա»` 14, «հայրենասիրություն»`0. բառերի հաճախականությունը «Հայոց պատմություն» դասագրքերում; ԿԳՄՍ-ի մշակած Հայոց պատմության չափորոշիչներում «Հայրենասիրություն» տերմինը բացակայում է և այլն)։ Նույն տեսքով դրանք լայնորեն տարածվեցին նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Այսինքն կարելի է փաստել, որ որոշակի լրատվական շրջանակներում Ա Մովսիսյանի վերոհիշյալ ալգորիթմը և դրանում կիրառված շահարկող հնարքները իրենց նպատակին են հասել։

 

Նիկոլ Մարգարյան

15092020