Ժամանակակից Հայաստանի հանրային դիսկուրսում, բազմաթիվ նախագծերի և հիմնահարցերի քննարկման այսպես ասած՝ հանգուցալուծումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վկայակոչվում է «միջազգային փորձը», որը զանգվածային գիտակցության մեջ ընկալվում է որպես «հավաստիության» կամ «հիմնավորվածության» չափանիշ: Սա հնարավորություն է տալիս «միջազգային փորձ» հասկացությունը կիրառել նաև մանիպուլյատիվ նպատակներով, հատկապես այն դեպքերում, երբ քննարկվող հարցի (նախագծի, սոցիալական հիմնախնդրի) լուծման այս կամ այն տարբերակը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:
Մեր հիմնավորումները
«Միջազգային փորձ» հասկացության կիրառման հետ կապված առաջին խնդիրն այն է, որ գոյություն չունի այդ հասկացության՝ գիտական կամ բոլորի կողմից քիչ թե շատ ընդունված սահմանում կամ ընկալում: Այլ կերպ ասած՝ բոլոր այն դեպքերում, երբ այդ բառակապակցությունը դրվում է շրջանառության մեջ, լայն իմաստով հայտնի չէ, թե ինչ նկատի ունի այն օգտագործողը: Տրամաբանությունը հուշում է, որ «միջազգային փորձ» ասելով՝ պետք է նկատի ունենալ ազգերի (հասարակությունների) միջև եղած փորձը, այսինքն, համատեղ փորձը, որը հասանելի է մյուսներին՝ գիտելիքի, հմտության կամ պարզապես տեղեկության տեսքով: Դրան համապատասխան օրինակ կարող են լինել Եվրամիության կամ ԵԱՏՄ տարածքում իրականացվող համալիր ծրագրերը, ինչը կարելի է համարել «միջազգային փորձ»: Մինչդեռ, որպես կանոն, «միջազգային փորձ» ասելով նկատի են ունենում ոչ թե միջազգային, այլ ուղիղ հակառակը՝ ազգային (տեղական) փորձ, ինչը միջազգայինի տեղ ներկայացնելը անտրամաբանական լինելուց զատ, կարող է նաև մանիպուլյատիվ էֆեկտ ունենալ: Դրա օրինակները շատ են. «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի պաշտոնական կայքում ամփոփված են կենսաթոշակային բարեփոխումները, որոնք արդեն մի քանի տարի է, ինչ հանրային լայն քննարկման առարկա են: Կայքի «Միջազգային փորձ» բաժնում ներկայացված է առանձին երկրների՝ Դանիայի, Շվեդիայի, Ռուսաստանի փորձը, որը չի կարելի համարել «միջազգային», քանի որ այն մեկ երկրի տեղային, ազգային փորձ է: Այսինքն, տվյալ դեպքում գործ ունենք հասկացության ծավալի ընդլայնում հնարքի հետ, որի ժամանակ այլ օբյեկտների վրա տարածվում է հատկություն, որը նրանց չի պատկանում: Միաժամանակ պետք է նշել, որ այլ երկրի ազգայի փորձը որպես միջազգային ներկայացնելը միշտ չէ, որ մանիպուլյատիվ նպատակ է հետապնդում. այն կարող է ունենալ նաև սեփական թեզն առավել համոզիչ և հիմնավոր դարձնելու նպատակ, երբ այլ երկրի ազգային փորձը վկայակոչվում է որպես ստացված, հաջողված փորձի օրինակ (տե՛ս վարչապետ Ն.Փաշինյանի հանձնարարականը, որում ասվում է հետևյալը. «Քաղաքաշինության պետական կոմիտեին հանձնարարել հաշվի առնելով միջազգային փորձը՝ ներկայացնել հանրապետության վթարային շենքերի խնդրի լուծման տարբերակներ»:
Երկրորդ խնդրահարույց հանգամանքը, որն առաջանում է «միջազգային փորձ» հասկացության կիրառման դեպքում, դրա բովանդակության կամայական մեկնաբանությունն է, երբ որպես միջազգային փորձ է ներկայացվում մեկ, կամ երկու, կամ երեք երկրների կամ պետությունների միությունների (Եվրամիություն, ԵԱՏՄ) փորձը: Մինչդեռ ակնհայտ է, որ այդ տարբեր «փորձերը» չեն կարող նույն հաջողությամբ համապատասխանել «միջազգային փորձ» հասկացությանը:
«Միջազգային փորձ» հասկացության մանիպուլյատիվ շահարկման ընթացքում, շատ դեպքերում վկայակոչվում է միայն այն երկրների փորձը, որը համապատասխանում է բանախոսի շահերին և նպատակներին, և չի խոսվում այն երկրների փորձի մասին, որը չի համընկնում բանախոսի շահերին, կամ ուղղակիորեն մերժում է նրա կողմից հնչեցվող դատողությունները: Այսինքն, տվյալ դեպքում գործ ունենք «միջազգային փորձ» հասկացության կամայական մեկնաբանության հետ, ինչը զանգվածային գիտակցությունն ուղղորդելու հնարավորություն է տալիս: Այս հնարքը կոչվում է թերասություն և կիրառվում է այն դեպքերում, երբ բանախոսը նպատակ ունի լսարանին տալու սահմանափակ տեղեկատվություն և չքննարկելու իր շահերին և նպատակներին չհամապատասխանող դեպքերը:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ «միջազգային փորձ» հասկացության կիրառումը մանիպուլյացիայի լայն հնարավորություններ է տալիս, եթե հաշվի առնենք, որ՝
· այդ հասկացությունը չունի գիտական կամ բոլորի կողմից ընդունված սահմանում, ինչը թույլ է տալիս հասկացության մեջ դնել կամայական իմաստ և բովանդակություն,
· այդ հասկացությունը վերաբերում է առավելապես երկու և ավելի երկրների համատեղ գործունեությանը կամ բազմաթիվ երկրների ազգային փորձերին՝ միասին վերցված, մինչդեռ այն կիրառելիս՝ նկատի է առնվում կոնկրետ երկրների ազգային, տեղական փորձը,
· այդ հասկացության կիրառումը, որպես կանոն, զուգորդվում է թերասության հետ, երբ ուսումնասիրությունից դուրս են մնում բոլոր այն դեպքերը, որոնք չեն համապատասխանում բանախոսի շահերին և նպատակներին:
Հեղինակ՝ Մովսես Դեմիրճյան
15-08-2019