ԳԱԶԻ ԳՆԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ. Հովսեփ Պատվականյան

...

Բաղադրություն

  • Մեկ փաստի կամ հանգամանքի կարևորության ուռճացում
  • Պնդումների կառուցում խեղաթյուրված կամ համատեքստից կտրված փաստերի հիման վրա

ԳԱԶԻ ԳՆԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ

 

 

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ԱԺ-ում հայտարարել է՝  «Գազը գնում ենք 150$, որը տարածաշրջանում ամենացածր գինն է։... գազի գինը չի բարձրացել այդ ստորագրությունից հետո և 2018-ին ևս բարձրանալու որևէ միտում չունի1»։

 

Փոխվարչապետի պնդումներում ԴԵՏԵԿՏՈՐԸ հայտնաբերել է  մանիպուլյացիոն որոշակի տարրեր։ Մի կողմից,  հնչեցնելով իրականությանը չհամապատասխանող հայտարարություն, թե իբր տարածաշրջանում Հայաստանը գազի դիմաց վճարում է ամենացածր գինը, մյուս կողմից, շեշտելով իրականությանը համապատասխանող այն փաստը, որ գազի գինը վերջին շրջանում չի բարձրացել,  փորձ է արվել ստեղծել տպավորություն՝ իբր Հայաստանի բնակչությանը գազը վաճառվում է շահավետ սակագներով։ ԴԵՏԵԿՏՈՐԸ  բացահայտել է, որ, իրականում, Հայաստանը տարածաշրջանում (Հարավային Կովկաս, ԵԱՏՄ տարածք) բարձր գնով է գազը գնում։ Եվ, ամենակարեւորը,  Հայաստանի բնակչությանը գազը վաճառվում է տարածաշրջանում առկա ամենաբարձր գնով։

 

Մեր հիմնավորումները

Փոխվարչապետի հայտարարության կոնտեքստում կարևոր է տարանջատել գազի ներկրող և գազի իրացնող եզրույթները: Ներկրում ենք գազը A գնով, ավելացնում ենք B մարժա, և վաճառում բնակչությանը, ընկերություններին A+B գնով: ՀՀ-ն ներկրում է բնական գազը Գազպրոմ ընկերությունից, իսկ վերջնական սպառողին գազը իրացնում էր մինչև 2006 թ․ՀայՌուսգազարդ ընկերությունը, որտեղ բաժնետոմսերի 20% պատկանում էր հայկական կողմին: 2006 թվականից ի վեր այդ 20%-ը վաճառվեց, և ՀայՌուսգազարդ-ը այլևս 100%-ով դարձավ Գազպրոմ-ի դուստր ձեռնարկությունը: 

 

Ինչպես երևում է ստորև բերված գծապատկերում, 2006թ-ից սկսած, այսինքն գազի իրացման մենաշնորհայնացումից հետո, փոքր (ամսական սպառումը <10,000 մ3)   սպառողներին վաճառվող գազի սակագինը ներկրվող գազի գնին ոչ համամասնորեն էր բարձրանում։ Այսպես, եթե 2005թ․ հաշվարկված մարժան եղել է 76$, ապա 2010թ․ այն կազմել է 183$, իսկ 2014թ․ հասել է գրեթե 200$: Միևնույն ժամանակ ԵԱՏՄ անդամ հանդիսացող Ղրղզստանում, որտեղ գազի իրացման մենաշնորհը նույնպես փոխանցվել է Գազպրոմին, մարժան հիմնականում փոփոխություն չի կրում։ Այսպես, 2017 թ․Ռուսաստանից Ղրղզստան և Հայաստան ներկրվող գազի գինը եղել է 150$, իրացման գինը Ղրղզստանում՝ միջինում 210$, Հայաստանում՝ 287$, մարժան Ղրղզստանում՝ 60$2, Հայաստանում՝ 137$։ ԵԱՏՄ մյուս անդամ Բելառուսին գազը մատակարարվում է Ռուսաստանից 132$3 սակագնով, սպառողին իրացման գինն է միջինում 155$4, իսկ մարժան՝ 23$ է: Իսկ Վրաստանին Ադրբեջանը վաճառում է գազը միջինում 120$-ով, Վրաստանում գազի իրացման գինն է՝ միջինում 190$, մարժան՝ 70$5:

 

 ԱղբյուրըՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ2004-2016 թթՀաշվետվություններըhttp://www.psrc.am/am/activities/annual-reports

 

 Հաշվի առնելով վերոհիշյալը՝ ի հայտ են գալիս մի քանի կարևոր կետեր

 

ա․ Հայաստանը տարածաշրջանում առկա ամենացածր գնով (ներկրման գինը) չի գնում գազը։ Եթե տարածաշրջան ասելով դիտարկում ենք Հարավային Կովկասը, ապա, ինչպես արդեն նշեցինք, Վրաստանը 1000մ3 դիմաց 30$-ով ավելի էժան է գնում գազը, քան Հայաստանը։ Եթե տարածաշրջան ասելով նկատի է ունեցվել ԵԱՏՄ անդամ երկրները, ապա, կրկին, Բելառուսը 1000մ3 դիմաց մեզնից 18$-ով պակաս է վճարում գազի համար։ 

բ․ Հաշվի առնելով վերոհիշյալ համեմատականները՝ կարող ենք փաստել, որ Հայաստանի բնակչությանը գազը վաճառվում է տարածաշրջանում (թե՛ Հարավ Կովկաս, թե ԵԱՏՄ տարածք) ամենաբարձր գնով (իրացման գին)։ 

Մյուս կողմից հայտարարության մեջ նշված գազի սակագինը պետք է գնահատել Հայատանում դրամի արժեզրկման ու արժևորման համատեքստում։ Ուսումնասիրելով համապատասխան վիճակագրական տվյալները՝ կարող ենք նշել, որ 2006 թ․(մենաշնորհայնացման տարում) դրամը արժևորվեց միջինում 19.3%-ով նախորդ տարվա համեմատ, բայց գազի իրացման գինը ոչ միայն չնվազեց 19.3%-ով, այլև՝ բարձրացավ 89.2%-ով՝ հասնելով 248$-ի 1000 մ3 համար։ 2009-2010 թթ․ դրամի արժեզրկումը նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմեց ընդամենը 23%, մինչդեռ գազի իրացման գինը բարձրացավ 42%-ով` հասնելով 363$-ի 1000 մ3 համար: Իսկ 2013 թ․ դրամը արժևորվեց 0.5%-ով, սակայն գազի իրացման գինը նվազելու կամ անփոփոխ մնալուն հակադարձ՝ բարձրացավ 17.7%-ով՝ հասնելով 385$-ի 1000 մ3 համար6

 

Հայտարարության մեջ ասվող՝ տարածաշրջանում ամենացածր գազի սակագինը ունենալու վերաբերյալ լիարժեք գնահատական տալու համար, պետք է դիտարկել բնական գազի համաշխարհային գների դինամիկան։ 

 

ԱղբյուրըԲնական ռեսուրսների համաշխարհային գների տվյալների բազա․ 

http: //www.indexmundi.com/commodities/? commodity = russian-natural-gas

 

 

Այսպես, ռուսական գազի համաշխարհային գինը 2006թ․բարձրացել է 38.7%-ով, մինչդեռ ՌԴ-ից ՀՀ ներկրվող գազի սակագինը բարձրացել է 100%-ով, իսկ փոքր սպառողներին այնուհետև վաճառվող գազի գինը՝ 89.2%-ով։ 2008-2010թթ․ֆինանսական ճգնաժամի ընթացքում գազի համաշխարհային գները անկում ապրեցին 37.5%-ով, սակայն ՌԴ-ից ՀՀ ներկվող գազը  թանկացավ սահմանին 63.6%-ով, գազի ներքին իրացումն էլ թանկացավ 32.4%-ով։ 2013-2016թթ․գազի համաշխարհային գները ընկան 70%` 2016թ․ հասնելով 116$ 1000մ3 դիմաց, ինչը ամենացածր գինն էր վերջին տասնամյակում։ Այնուամենայնիվ, Հայաստան գազի ներկրման գինը ընկավ ընդամենը 8.3%-ով՝ կազմելով 165$ 1000մ3 դիմաց, իսկ վերջնական սպառողին վաճառքի գինը նվազեց 21%-ով։

 

Հ․Գ․Եթե գազի իրացման մենաշնորհացումից առաջ օգտագործվող մարժան՝ 66$ 1000 մ3 դիմաց (որն, ի դեպ, այսօր գործում է Ղրղզստանում), ինդեքսավորվեր դոլարով և պահպանվեր, ՀՀ բնակչությունը, 10 տարվա գազի սպառման մակարդակը հաշվի առնելով, կարող էր խնայել 488.05 մլն․$ (2016թ․ ՀՀ ՀՆԱ-ի 7.06%), այսինքն, տարեկան 48.8 մլն․$, իսկ մեկ շնչի հաշվով (պայմանական ընդունելով ՀՀ բնակչությունը 3 մլն. մարդ)՝ տարեկան 16.268 $ :

 

 

ԴԵՏԵԿՏՈՐԸ  նաեւ որոշակի հարցադրումներ է ձեւակերպել, որոնք կարող են օգնել հանրությանը՝ պարզաբանումներ ստանալ գազի գնի վերաբերյալ.  

● Հաշվի առնելով, որ ո՛չ համաշխարհային գների տատանումը, ո՛չ դրամի արժեզրկումը, և ո՛չ ՌԴ-ից գնվող գազի սակագների փոփոխությունը լիարժեք չեն բացատրում Հայաստանում գազի իրացման սակագինը, որո՞նք են վերջինս ձևավորող գործոնները։ 

● Լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում 150$ սակագնով 1000 մ3 դիմաց, մինչդեռ ԵԱՏՄ մեկ այլ անդամ՝ Բելառուսը, գազը գնում է 132$-ով։ Ի՞նչ բանակցություններ են տարվում այն ուղղությամբ, որպեսզի ԵԱՏՄ բոլոր անդամներին գազը մատակարարվի նույն պայմաններով սահմանի վրա։ Ո՞րն է պատճառը, որ մինչ այժմ չի հաջողվել այս առումով հաջողություն գրանցել։ 

● Մինչև 2017թ․ Վրաստանի տարածքով Հայաստան ներկրվող ռուսական գազի համար վճարը տեղի էր ունենում բարտերային սկզբունքով: Անցյալ տարի Հայաստան Վրաստանի տարածքով ներկրվեց 2.1 մլրդ․ մ3 բնական գազ, որից 0.3 մլրդ․մ3 մնաց Վրաստանում, որպես տարանցման համար վճար։ 2017թ․ հունվարին Գազպրոմի ու Վրաստանի կառավարության միջև ստորագրվեց պայմանագիր, ըստ որի՝ 2018 թվականից ի վեր վճարումը տրանզիտային ծառայությունների համար կատարվելու է ոչ թե հումքով, այլ՝ դրամով7: Հաշվի առնելով գազի սակագների ձևավավորման լագային սկզբունքը՝ ի՞նչ գնային հետևանքներ է ենթադրում այս պայմանագիրը 2019թ․ Հայաստանում գազի իրացման սակագների վրա։ 

 

Հեղինակ՝ Հովսեփ Պատվականյան

 

 

1. https://www.youtube.com/watch?v=uURvwBbUSm8

2. Հաշվարկված է http://www.regulatortek.kg/ru/content/tarify-na-prirodnyy-gaz կայքում առկա տվյալների հիման վրա

3. Բելառուսի Հանրապետությանը գազի վաճառքի և փոխադրման պայմանների վերաբերյալ Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների միջև 2011 թ․կնքված պայմանագիր՝ http://www.mid.ru/foreign_policy/international_contracts/2_contract/-/storage-viewer/bilateral/page-72/44768

4. Հաշվարկված է http://www.tarify.by կայքում առկա տվյալների հիման վրա

5. Հաշվարկված է Վրաստանի Հանրապետության Էներգետիկայի նախարարության տվյալների հիման վրա՝ http://www.energy.gov.ge

6. Փոխարժեքի փոփոխությունը նշված ժամանակաշրջանում հաշվարկվել է ՀՀ Կենտրոնական Բանկի տվյալների հիման վրա՝ https://databank.cba.am/

7. http://agenda.ge/news/73028/eng