ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆՀԻՄՆ ԺԽՏՈՒՄԸ

...

Բաղադրություն

  • Ակադեմիականության քողի տակ արհեստական քննարկում սկսելը
  • Ոչ միանշանակ տերմինի «միանշանակ» լեզվաօգտագործում

 

 
Հետևելով հետհեղափոխական հանրային քննարկումներին` ԴԵՏԵԿՏՈՐԸ փաստում է, որ մի շարք հանրային գործիչներ մերժում կամ  կասկածի տակ են  դնում ՀՀ-ում տեղի  ունեցած «հեղափոխության» իրողությունը: Նրանցից ոմանք գտնում են, որ Հայաստանում տեղի  ունեցածը լոկ իշխանափոխություն է, ուստի՝ չափազանցված են համարում ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունները «հեղափոխություն» համարողների պնդումները: Որպես հիմնավորում, նրանք բերում են քաղաքագիտական-ակադեմիական շրջանակներում տարածված այն փաստարկը, թե՝ քանի որ ՀՀ-ում սոցիալ-տնտեսական կամ իրավական կարգ չի փոխվել՝  սխալ է պնդել,  որ տեղի է ունեցել «հեղափոխություն»:

ԴԵՏԵԿՏՈՐԸ սույն պնդման և դրա հիմնավորման մեջ գտել է ակադեմիական «շղարշով» քողարկված արհեստական քննարկում սկսելու փորձ և ոչ միանշանակ ընկալվող տերմինի «միանշանակ» լեզվաօգտագործման հնարքի կիրառում:

 

Մեր հիմնավորումները

Տարաբնույթ քաղաքական և սոցիոլոգիական տեսությունների մեջ կարելի է հանդիպել «հեղափոխություն» հասկացության  մի շարք՝ նույնիսկ՝ միմյանց հակադիր բնորոշումներ: Օրինակ, մարքսիստական տեսության բնորոշմամբ՝ «հեղափոխությունը» կապված է հասարակության տնտեսական կացութաձևի անցումաբանության (տրանզիցիայի) հետ: Իսկ ծայրահեղ աջ պահպանողական գաղափարաբանության տեսանկյունից «հեղափոխությունը» կապված է հանրային-քաղաքական, գաղափարական կառուցվածքի մեջ «կեղծ համամարդկային» իշխող արժեքների և իդեալների արմատական փոխարինմամբ՝ «ռասայի գերակայության», «կենտրոնացված պետության» և նմանատիպ այլ  արժեքներով: Կան «հեղափոխություն» հասկացության մի շարք այլ բնորոշումներ ևս: Այսպես, սոցիոլոգ Ջեք Գոլդսթոունի բնորոշմամբ՝ հեղափոխությունը արտաինստիտուցիոնալ ուժերի կողմից մասսայական մոբիլիզիացիայի միջոցով քաղաքական իշխանության փոփոխությունն է՝ սոցիալական արդարության որոշակի տեսլականի և նոր ինստիտուցիոնալ համակարգի հաստատման նպատակով:Մեկ այլ սոցիոլոգի՝ Թեդա Սկոչփոլի բնորոշմամբ, սոցիալական հեղափոխությունը արագընթաց, հասարակության սոցիալական-տնտեսական և ինստիտուցիոնալ կառուցվածքի հիմնարար վերափոխումն է՝ ուղեկցված և իրականցված սոցիալական ցածր դասերի ընդվզումների ներքո և միջոցով:

Նշված օրինակներից հետևում է, որ ռելեվանտ չէ խոսել հեղափոխության մասին՝ որպես բացարձակ բովանդակություն ունեցող հասկացություն:  Ունենալով բովանդակային որոշակի կրկնվող տարրեր՝ օրինակ՝ «անցումաբանությունը», «արմատական վերափոխումը», «արմատապես տարբերվող գաղափարաբանությունը հանրային իշխանության վերաբերյալ»,  այն ունի նաև էական տարբերություններ՝ կախված այն բանից, թե ինչ մեթոդաբանությամբ կամ որ քաղաքական տեսության հիման վրա է իմաստավորվում:

Գոյություն ունի նաև «հեղափոխության»՝ առօրեական լեզվաօգտագործման մեջ առկա բնորոշում, ըստ որի՝ «X իշխանափոխությունը կամ արմատական փոփոխությունը» «հեղափոխական» է  համարվում, եթե այդպիսին են տվյալ իշխանափոխության կամ արմատական փոփոխության մասին հանրային պատկերացումները: Օրինակ, «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանում, «Նարնջագույն հեղափոխությունը» Ուկրաինայում, «Թավշյա հեղափոխությունը» Հայաստանում և այլն: Անշուշտ, այս առօրեական պատկերացումները ևս խարսխվում են «հեղափոխության»՝ ակադեմիական բնորոշումների և հատկանիշների վրա, սակայն չեն դառնում «հեղափոխության» բնորոշման վերջնական չափանիշներ: էականն և վճռորոշն այստեղ լեզվաօգտագործման պրակտիկան է: Ուստի՝ հանրային գործիչները, որոնք խնդրահարույց են համարում կամ մերժում են ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունները  «հեղափոխություն» որակելը, դիտավորությամբ կամ անզգուշությամբ անտեսում են ժողովրդավարացման «երրորդ ալիքի» շրջանակներում տեղի ունեցած բազմաթիվ հեղափոխություններ, որոնք, ըստ էության, հեռու էին «հեղափոխության»՝ օրինակ, մարքսիստական բնորոշումների տիրույթից: Ենթադրվում է նաև, որ ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունները «հեղափոխություն» բնորոշելուն ընդդիմացող հանրային գործիչներից ոմանք պետք է որ բավականաչափ տեղեկացված լինեն վերոհիշյալի մասին: Այնուամենայնիվ, դիտավորությամբ թե անզգուշությամբ՝ նրանք շրջանցում են այս էական հանգամանքը՝  զրկելով իրենց սկսած քննարկումը համակողմանիությունից և ամբողջականությունից: Ակադեմիական կամ հանրային բանավեճի «քողի» ներքո նրանք փորձ են անում արհեստական քննարկում ծավալել:

Բացառված չէ, որ որևէ հանրային գործիչ կասկածի տակ դնի «հեղափոխություն» տերմինի կիրառության նպատակահարմարությունը հայաստանյան դեպքերի հետ կապված՝ հետապնդելով ոչ թե մանիպուլյատիվ, այլ՝ զուտ գիտաճանաչողական բանավեճ սկսելու նպատակ: Այս պարագայում, ի տարբերություն մեր կողմից  քննարկվող դեպքերի, այն կարվի ոչ թե հանրային մեդիա տիրույթում  սեփական պնդումներն իբրև «աքսիոմաներ» մատուցելու ձևաչափով, այլ՝ ակադեմիական տիրույթում և մտաբացության պայմաններում՝  փաստերի համակողմանի և ամբողջական  ուսումնասիրման արդյունքում:

 

Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան

22-12-2018

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի