Դիմակը` որպես ԿՈՎԻԴ-19-ից պաշտպանվելու միջոց կամ քաղաքական խաղաթուղթ
Երբ 2019 թ. դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում ի հայտ եկած նոր վիրուսի մասին հայտարարվեց և այն անվանվեց COVID-19, դեռ որևէ մեկի մտքով չէր անցնում, որ հաշված ամիսներ հետո այս նոր վիրուսը կնվաճի ամբողջ մոլորակն ու կես միլիոն մարդու կսպանի։ Նոր վիրուսի մասին դեռ հունվար-փետրվար ամիսներին խոսելիս՝ որևէ մեկը չէր կարող ասել, որ այն կքաղաքականացվի ավելի, քան իր նախորդ բոլոր վիրուսներն ու կդառնա գործիք ընդդիմադիր դիրքավորված ծայրահեղ ձախերի, ծայրահեղ աջերի, (հիմնականում Եվրոպայում, մասամբ նաև Հայաստանում) և իշխանությունը կորցրածների (Հայաստանում) ձեռքում։
Հայաստանում համավարակին/պանդեմիային զուգահեռ ահագնացող տեմպերով տարածվեց տեղեկատվական վարակը/ինֆոդեմիան․․․
Բժշկական դիմակը՝ որպես քաղաքական գործիք, եթե պատկերավոր ձևակերպենք, ապա խաղի մեջ մտավ մարտի 1-ին, երբ Հայաստանում գրանցվեց առաջին COVID-19-ով վարակված դեպքը։ Այդ օրը լրագրողների հետ հանդիպմանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ բժշկական դիմակների համաշխարհային դեֆիցիտ կա և այն երկրները՝ Չինաստանն ու Իրանը, որոնք Հայաստանին մատակարարում էին դիմակներ, փաստացի ունեն դրանց կարիքը։ Նախարարի այս հայտարարությամբ Հայաստանում, ըստ էության, ազդարարվեց ընդդեմ նախարարի և կառավարության «դիմակ-հակադիմակ» «նախաձեռնության» սկիզբը։ Ահա հենց այս ժամանակ էր, որ խաղի մեջ մտան, այսօր արդեն դիմակ կրելու դեմ ակտիվորեն հանդես եկող մի շարք խաղացողներ, որոնցից են բժիշկ Նունե Ներսիսյանը (նախկին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբոր հարս), «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներ Մարինա Խաչատրյան ու Սոնա Աղեկյանը, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը և այլք։
Այսպիսով, մայիս ամսից ի վեր Նունե Ներսիսյանը և Մարինա Խաչատրյանը մի շարք մեդիա միջոցներով, որոնցից են՝ News.am, Կենտրոն ՀՑ, yerevan.today, Mer-info.ru, MedMedia TV, maxinfo.am, Հայելի ակումբը, Info media Armenia, panorama.am, Փաստինֆո, antifake.am ինչպես նաեւ ՖԲ հարթակով գրեթե ամենօրյա ռեժիմով քարոզում են առողջ մարդկանց հրաժարվել դիմակ դնելուց, նշելով, որ դիմակն առողջ մարդկանց մոտ առաջացնում է ոչ միայն թթվածնային քաղց, այլև սնկային թոքաբորբ։
Հատկանշական է, որ մինչև ապրիլի 9-ը, երբ ՀՀ կառավարությունը և հատկապես ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը, ելնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցից (որը փոխվեց միայն հունիսի 5-ին), հայտարարում էր, որ «բժշկական դիմակ կրելու իմաստ չկա, եթե վարակակիր կամ բուժաշխատող չես», նույն Նունե Ներսիսյանը, որն այսօր ստանձնել է դիմակների դեմ ակցիայի գլխավոր դերակատարի առաքելությունը, հանդես էր գալիս այսօր իր բռնած դիրքորոշմանն արմատապես տարբեր տեսակետով։ Մասնավորապես մարտի 1-ին, երբ Հայաստանում գրանցվել էր միայն մեկ դեպք, Նունե Ներսիսյանը ՀՀ քաղաքացիներին ուղղված կոչում նրանց հորդորում է «օգտագործել դիմակներ՝ շնչառական համակարգը պաշտպանելու համար»։
Փաստորեն, երբ դեռ բժշկագիտության տեսակետից չկար հստակեցված մոտեցում վիրուսի տարածման, այդ տարածումը կանխելու կամ դանդաղեցնելու ուղղությամբ, երբ դեռ առաջատար կլինիկաները, առողջապահական տարբեր կազմակերպություններ և վիրուսոլոգներ պարբերաբար կրկնում էին, որ դիմակ դնելու անհրաժեշտություն ունեն միայն հիվանդները և բուժաշխատողները, երբ ՀՀ ԱՆ նախարարը, հետևելով այդ ուղեցույցներին, բնակչությանը հորդորում էր անհարկի խուճապի չմատնվել և դիմակների շուկայում արհեստական դեֆիցիտ չհրահրել, Նունեն Ներսիսյանը, չունենալով որևէ հետազոտություն կամ ուղեցույց, խորհուրդ էր տալիս քաղաքացիներին պաշտպանել իրենց շնչառական ուղիները դիմակով։ Իսկ երբ վիրուսը հաղթահարած կամ վարակի ցածր շեմ ունեցող երկրների փորձը և այդ փորձի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դիմակը դնելը կանխում է վիրուսի տարածումը և նվազեցնում դիմացինի վարակվելու հավանականությունը, Նունե Ներսիսյանը հանկարծ հայտնաբերեց, որ մինչ այդ իր իսկ կողմից խորհուրդ տրվելիք դիմակը՝ որպես պաշտպանական միջոց, առաջացնում է ծանրագույն ախտահարումներ մարդու օրգանիզմում։ Կարող ենք, իհարկե, սրանից հետևություն անել, որ իրար հակասող այս երկու մոտեցումների հեղինակն իրականում ունի մեկ նպատակ․ անտեսելով գիտական նոր հետազոտությունները, փորձելով հնարվորինս մեծ թվով մարդկանց ապակողմնորոշել՝ ամեն գնով հակադրվել ԱՆ նախարարին, լարել մարդկանց ԱՆ նախարարի և կառավարության դեմ։ Եվ այս ճանապարհին նրան հետ չեն պահում անգամ վիրուսի տարածման հետևանքով խոցելի խմբերի առողջությանն ու կյանքին պատճառվելիք վնասները։ Այստեղ մենք գործ ունենք հետևյալ քարոզչական հնարքի հետ, երբ առանց որևէ ապացուցողական բազայի, որպես անհերքելի ճշմարտություն, առաջ է քաշվում պսևդոգիտական, կամ այդ պահի դրությամբ չհիմնավորված որևէ թեզ, որը պետք է հերքի և հակադրվի քարոզչության թիրախ հանդիսացողի թեզին:
Ուշադրության են արժանի մեկ այլ բժշկի՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ, «Առողջ Հանրություն» հկ նախագահ Մարինա Խաչատրյանի հակադիմակային գործողություններն ու հակաքարոզը, որոնք պարբերաբար համեմվում էին Արցախը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ «համոզմունքներով», Ռոբերտ Քոչարյանին` որպես հայ ժողովրդին «թուրքի հերթական կոտորածից փրկողի» մասին գրառումներով, Արսեն Թորոսյանի՝ 5G համակարգին միանալու, հայ ժողովրդի վրա կլինիկական փորձարկումներ կատարելու, մարդկանց չիպավորելու թեզերով և/կամ մահացածների օրգանների վաճառքի մասին իր դատողություններով։
Այս ամենն իհարկե կարելի էր համարել «սովորական» քարոզչական տեխնոլոգիա և քննարկման չենթարկել՝ հաշվի առնելով գործող անձանց ունեցած քաղաքական ցածր հեղինակությունը, սակայն երբ մանիպուլյացիա անողը քողարկվում է «բժիշկ» կոչման տակ ու ստահոդ, չստուգված և հաճախ հենց տեղում հնարված պատմությունները ներկայացվում են որպես բժշկական պնդում, հասկանալի է դառնում, որ նրանք հատել են թույլատրելի բոլոր սահմանները։ Հետևաբար հարկ ենք համարում նկատել, որ առաջին հայացքից քաղաքական իշխանությանը չվերաբերող և թվացյալ օրվա խնդրին վերաբերող բժշկագիտական, իսկ իրականում՝ փսևդոբժշկագիտական այս տեքստերը քաղաքական բնույթի հակաքարոզչություն են, մանիպուլյացիաներ, որոնք «բժիշկ» դրական կոննոտացիա ունեցող բառի և «բժշկի» մասնագիտության վերաբերյալ հեղինակության հետևում թաքցնում են հանրային առողջապահությանը վնասող քաղաքական բնույթի կոնկրետ հակաքարոզչություն։ Բնականաբար թիրախում են այն մարդիկ, որոնք բժշկագետներ չեն և որոնք, որպես կանոն, հակված չեն ստուգման ենթարկելու որպես բժիշկ, կամ իբրև թե գիտականության դիրքերից հանդես եկողների խոսքը:
Հակադիմակային արշավից անմաս չեն մնում նաև նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունները։ Օրինակ, ՀՀԿ կուսակցության անդամները թեև անձամբ հակադիմակային արշավ չեն ծավալել, սակայն երբեք զերծ չեն մնացել հակահամաճարակային միջոցառումներին և պետության առջև ծառացած այլ խնդիրներին արհեստականորեն հակադրվելու և այդ կերպ արտակարգ ռեժիմով սահմանված կանոնները ծաղրելու գայթակղությունից։ Մասնավորապես, ՀՀԿ կուսակցության անդամ, ԿԳՆ նախկին նախարար Արմեն Աշոտյանը, խոսելով արտաքին քաղաքական մեկ կնճռոտ հարցի մասին, հորդորում է կառավարությանը «գրասենյակները փակել, տեղը դիմակ բաժանող ապարատ դրել»։
Հարկ է նշել, որ վերը թվարկած քաղաքացիներն ու քաղաքական գործիչները միտումնավոր խախտում են արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանված պարտադիր կանոնները, հանրային տարածքներում հանդես են գալիս առանց դիմակ, չեն ենթարկվում ոստիկանության պահանջին և այն որակում են որպես ոտնձգություն իրենց իրավունքների նկատմամբ։
Եվ վերջում, հանուն արդարության պետք է նշել, որ դիմակների վերաբերյալ քաղաքական ընդդիմախոսների մանիպուլյացիաների համար շատ բերրի հող է շարունակում մնալ կառավարության դիմակներ դնել-չդնելու, տնայի՞ն, թե՞ գործարանային արտադրության դիմակներ դնելու, փա՞կ, թե՞ բաց տարածքներում դնել-չդնելու հարցերի հետ կապված ոչ այնքան հստակ, երբեմն իրավիճակային ու տարերային որոշումները։ Այս հարցերի վերաբերյալ տրվող, հաճախ իրար հակասող կառավարության պատասխաններն ու հատկապես սկզբնական փուլում իշխանության տարբեր ճյուղերի սկզբնական վարքը լավ հումք էր/են դիմակը` որպես հակաիշխանական մանիպուլատիվ գործիք կիրառելու համար։
Հաջորդ հոդվածում կխոսենք արդեն Covid-19-ի և 5G աշտարակների համաշխարհային դավադրության հայկական տարբերակի թեմայով։
Արփի Մախսուդյան
24-07-2020