ԱԲՍԵՆՏԵԻՍՏՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ ԴԻՍԿՈՒՐՍՈՒՄ

...

Բաղադրություն

  • Թվերի մանիպուլյացիա
  • Դիսկուրսի պարզունակեցում
  • Իրականության մասնակի ներկայացում
  • Ընդհանրացված դատողություններ՝ անձնական դիտարկումների հիման վրա



Ինչպես Երևանի ավագանու, այնպես էլ դեկտեմբերի 9-ի՝ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, հայաստանյան մամուլի և հանրության քննարկման առարկա դարձավ ընտրությունների ցածր մասնակցության հարցը։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի զեկույցի, այդ թիվը կազմել է 48,7 տոկոս: Թվի պաշտոնական հրապարակումից հետո, այն սկսեց տարբեր տեսանկյուններից մեկնաբանվել։ Նախկին իշխանության ներկայացուցիչները նշում էին, որ մեծամասնությունն ընդդիմացել և բոյկոտել է «Իմ քայլը» դաշինքի  օրակարգը։ Մասնավորապես, Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է. «…Մեծ շուքով ազդարարված, քաղաքական աննախադեպ հալածանքների արդյունքում տեղի ունեցած, ԱԺ գործունեության հանդեպ ուղղակի ճմնշումների հետևանք հանդիսացող ընտրություններին մասնակցեց ընդամենը ընտրողների 50%-ից պակաս ընտրող՝ 48.63%: Սա ապացուցում է, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ոչ թե «համաժողովրդական պահանջ» էր, այլ Նիկոլ Փաշինյանի անձնական քաղաքական հաշվարկների և շահերի արդյունք: Արտահերթ ընտրությունները չդարձան «թավշյա» ռեժիմի համապետական բենեֆիսի հիմք՝ անկախ իրենց հավաքած տոկոսներից: Չօգնեց Նիկոլ Փաշինյանի համահայաստանյան արշավանքը, անզոր էր ՖԲ-ի Live-ը, ապարդյուն՝ գործադրված հսկայական վարչական ռեսուրսը:Այս ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կապրիզն էին՝ ժողովրդի ապատիայի և հիասթափության ֆոնի վրա»։ 

Ի պատասխան  ՀՀԿ ներկայացուցիչների հայտարարությունների՝   «Իմ քայլը» դաշինքի անդամները նշում էին, որ  ընտրական ցուցակներում ընդգրկված անձանց թիվը չի համապատասխանում Հայաստանում գտնվող՝ ընտրելու իրավունք  ունեցող քաղաքացիների թվին. թեև շատերն արտագաղթել են, բայց ընտրացուցակներում նրանց անունները շարունակում են մնալ։  Oրինակ՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից ընտրված պատգամավոր Բաբկեն Թունյանը դեկտեմբերի 9-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց. «…Շատ կարճ, մի բան էլ ասեմ՝ քանի ընտրությունները չեն ամփոփվել։ Հայաստանի առկա բնակչության թիվը մոտ 2.7 միլիոն է, կամ ավելի պակաս։ Առկա բնակչության մեջ ժամանակավորապես բացակայողները չեն մտնում: 
Սա նշանակում է, որ ընտրողների փաստացի իրական թիվը տվյալ պահին ոչ թե 2.57 միլիոն է, այլ առավելագույնը՝ 2.3 միլիոն։ 
Սա էլ նշանակում է, որ 50%-անոց մասնակցությունը իրականում 55-57% է, ինչը նորմալ ցուցանիշ է։ Բարձր չէ, բայց ցածր էլ չէ։ 
Ու գրածս մի քաղաքականացրեք - պարզ մաթեմատիկա է՝ անկախ նրանից, թե ով ինչքան ձայն կհավաքի։

Հ.Գ.- Համոզվելու համար, ամեն մեկդ կարող եք նայել, թե ձեր շենքից քանի հոգու անուն կա ցուցակներում, որոնք վաղուց արտագաղթել են, բայց շարունակում են փաստացի էստեղի գրանցում ունենալ ու դեռ ՀՀ քաղաքացի են»: 

Իսկ ըստ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի, ընտրություններին մասնակցել է բնակչության 67 տոկոսը.«…Լավ էլի, ուզում եք ասել՝ 1 200 000 մասնակցությունը ցածր թիվ ա՞: Կարծում եմ՝ ՀՀ-ում փաստացի բնակվում է ոչ ավել, քան 2 500 000 մարդ: Կոպիտ հաշվարկով այդքանից ընտրելու իրավունք ունի 1 800 000-ից ոչ ավելը: Ի՞նչ է ստացվում. մոտ 67% մասնակցություն, ինչն ավելի քան լավ ցուցանիշ է՝ չուղղորդելու, չկաշառելու, չահաբեկելու, վարչական ռեսուրս չօգտագործելու պայմաններում»:

Թեև Բ. Թունյանի և Դ. Գասպարյանի հայտարարությունները հիմնված են ողջամիտ կանխավարկածի վրա, սակայն, պարունակում են խնդրահարույց տարրեր. օրինակ՝ որքանո՞վ է արդարացված  «Կարծում եմ՝ ՀՀ-ում փաստացի բնակվում է ոչ ավել, քան 2 500 000 մարդ» միտքը: Նախ՝ բնակչության թիվը «կարծելով» չեն որոշում, և հետո՝ Բ. Թունյանը, խոսելով արտագաղթի մասին, չի նշել, որ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների մեծ մասը, այնուամենայնիվ, դեկտեմբերին վերադառնում է Հայաստան:

Դետեկտորը գտնում է, որ մասնակցության իրական ցուցանիշը  պարզելու համար նախ՝ անհրաժեշտ  է հասկանալ, թե որքան է իրականում ՀՀ-ում մշտապես գտնվող քաղաքացիների թիվը, և հետո միայն  գնահատել՝ մասնակցության  ցուցանիշի բարձր կամ ցածր լինելը:

 Մշտապես բնակվող քաղաքացիների թվի մասին ճշգրիտ ինֆորմացիա կարող է տալ միայն մարդահամարը, իսկ ՀՀ-ում վերջին անգամ  մարդահամար տեղի է ունեցել 2011 թվականին:  Միևնույն ժամանակ, վերջին տարիներին ունեցել ենք արտագաղթի մեծ տեմպ (վերջին 10 տարում բնակչության թիվը նվազել է 8 տոկոսով): Վերոնշյալ փաստերը հուշում են, որ  ցուցակներում ներառված  ՀՀ քաղաքացիների թիվը չի կարող համապատասխանել ներկայումս ՀՀ-ում գտնվող և ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների թվին, քանի որ շատ արտագաղթածներ, շարունակելով մնալ ՀՀ քաղաքացիներ և ներառված լինելով ընտրացուցակներում,  մշտապես չեն բնակվում ՀՀ-ում և դեկտեմբերի 9-ին չէին կարող մասնակցել ընտրություններին։ 

Հիշեցնենք, որ 2018թ. Երևանի ավագանու ընտրություններից հետո  նախկին իշխանության ներկայացուցիչները կրկին խոսում էին  ցածր մասնակցության մասին, ինչին Դետեկտորը անդրադարձել էր իր ՝ «Ցածր մասնակցության» մանիպուլյատիվ թեզը» հոդվածում:

 Ընտրական իրավունք ունեցող  եւ ՀՀ-ում բնակվող քաղաքացիների մոտավոր թիվը բացահայտելու համար Դետեկտորը համադրեց ԱՎԾ որոշ թվային տվյալներ։ Այս հարցում մեզ օգնեց աշխատանքային ռեսուրսի քանակը, որն իր մեջ ներառում  է 15-75 տարեկան  զբաղված, գործազուրկ, աշխատանք չունեցող և աշխատանք փնտրող քաղաքացիների հանրագումարը (2021300 մարդ)։ Աշխատանքյաին ռեսուրսն իր մեջ չի ներառում այն քաղաքացիներին, որոնք վերջին 3 ամսում բացակայել են տվյալ տնային տնտեսությունից։ Թեև դեկտեմբեր ամսին արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներից շատերը վերադարձած են լինում, այնուամենայնիվ, կարող ենք համարել, որ աշխատանքային ռեսուրսը որոշակի շեղումներով իր մեջ չի ներառում արտագաղթած կամ ժամանակավորապես բնակության վայրը լքած քաղաքացիներին և փոքր շեղումներով ցույց է տալիս ֆիզիկապես ՀՀ-ում գտնվող քաղաքացիների թիվը։ Քանի որ աշխատանքյաին ռեսուրսը ներառում է 15-75 տարեկաններին, իսկ նրանցից 15-17 տարեկանները չունեն ընտրական իրավունք, իսկ 75+տարիք ունեցողները ներառված չեն, ապա ընտրական իրավունք ունեցող և ՀՀ-ում գտնվող քաղաքացիների թիվը պարզելու համար անհրաժեշտ է գումարել 75 + տարեկան քաղաքացիներին(321050) և հանել 15-17 տարեկաններին(մոտավորապես 148635)։ Չնայած 75 տարեկանից բարձր քաղաքացիների մեջ  ևս կարող են լինել արտագաղթածներ կամ ժամանակավորապես բնակության վայրը լքածներ, սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ այդ տարիքի մարդիկ գրեթե չեն մեկնում արտագնա աշխատանքի՝  կարող ենք այդ թիվն օգտագործել մեր հաշվարկի մեջ՝ նկատի ունենալով, որ որոշակի շեղումներ, այնուամենայնիվ, կլինեն: Արդյունքում ստացվում է, որ ՀՀ-ում՝ դեկտեմբերի 9-ի ընտրություններին կարող էին մասնակցել 2193715 քաղաքացի, և եթե ըստ ԿԸՀ զեկույցի, ընտրություններին մասնակցել է 1262164 քաղաքացի, որը կազմում է 2193715-ի 57,5 տոկոսը, ապա այս վերլուծությամբ ապացուցվում է, որ Հայաստանում գտնվող՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մեծամասնությունը մասնակցել է ընտրություններին: Ապացուցվում է նաև, որ պնդումը, թե հասարակության մեծամասնությունը մերժել է ներկայիս քաղաքական օրակարգը՝ կեղծ  է, և Արմեն Աշոտյանը, հիմնվելով ոչ ճշգրիտ տվյալի վրա,  մանիպուլյատիվ եզրակացություն է արել:

Դետեկտորը գտնում է, որ մասնակցության ցուցանիշի մասին քննարկումներում մի կարևոր կետ, որը վերաբերում է  ընտրությանը չմասնակցած քաղաքացիների մոտիվների և չմասնակցության պատճառների բացահայտմանը՝ բավարար ուշադրության չի արժանանում քաղաքական ուժերի կողմից, իսկ քաղաքական գործիչների կողմից  արված հայտարարությունները աչքի են ընկնում խնդրի պարզունակեցմամբ:

 Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրական իրավունք ունեցողների 51,3 տոկոսը, իսկ ըստ մեր հաշվարկների՝ 42,5 տոկոսը չի մասնակցել ընտրություններին։ Թե ովքեր են այս քաղաքացիները, ինչ սոցիալ-տնտեսական, մշակութային բնութագրիչներ ունեն՝ հիմնականում  անտեսվում է քաղաքական կուսակցությունների, փորձագետների և քաղաքականություն մշակողների կողմից, ու այս մարդկանց ճանաչելու,  հասկանալու, նրանց վարքը բացատրելու օրակարգ մեծամասամբ չի սահմանվում: Փաստորեն ստացվում է, որ  Հայաստանում յուրաքանչյուր 5 քաղաքացուց 2-3-ը այլ կերպ է պատկերացնում կամ որևէ կերպ չի պատկերացնում իր մասնակցությունը քաղաքական գործընթացներում: Վերոնշյալ քաղաքացիների  մասին ոչ բավարար տեղեկացվածությունը  հանգեցնում է  նրան, որ տարբեր իրավիճակներում այդ մեծ խմբի քաղաքական վարքը  դառնում է չկանխատեսվող կամ դժվար կանխատեսելի: Ցույց տալու համար, թե  հարցի/խնդրի պարզունակեցումը ինչպես է աշխատում՝ անդրադառնանք վարչապետի աշխատակազմի ղեկավար  Էդուարդ Աղաջանյանի՝ չմասնակցության պատճառների մասին հայտարարությանը«…Ես կարծում եմ՝ առաջին հերթին, մենք պետք է հաշվի առնենք, որ 2017 թ-ին կայացած  Ազգային ժողովի ընտրությունները, երբ  համեմատում ենք այս ընտրությունների հետ, պետք է հաշվի առնենք հետևյալը. այս ընտրություններին չկար գազելներով ընտրողների մասսայական շարժ դեպի  ընտրատեղամասեր, չկար ընտրակաշառքով մոտիվացված քաղաքացիների հոսք դեպի ընտրատեղամասեր, և բնականաբար, չկար վարչական ռեսուրսի կիրառում, հետևաբար՝ այս երեք հանգամանքների բացակայությունը, բնականաբար, բերում է որոշակի նվազման ընտրողների թվի, բայց նաև ես կարծում եմ, որ պետք է մենք նկատենք, որ այս 48,5 տոկոսի մեջ պետք է հաշվի առնենք, որ կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր նախկինում չէին մասնակցում ընտրություններին՝ չվստահելով դրանց լեգիտիմությանը, և՛ ես, և՛ տարբեր մարդիկ, տարբեր տեղերից տեղեկություն են հաղորդում, որ հազարավոր մարդիկ այսօր առաջին անգամ մասնակցում են ընտրությունների և սրանք չափահաս մարդիկ են, ովքեր նախկինում ևս կարող էին մասնակցել, բայց չեն մասնակցել՝ վերը նշված պատճառներով։ Հետևաբար՝ գնահատում եմ նորմալ մասնակցության թիվը և ամենևին չեմ կարծում, որ թիվը ցածր է»։ Փաստորեն, Է. Աղաջանյանի հայտարարությունից հետևում է, որ չմասնակցության գլխավոր պատճառը ընտրակաշառքի և վարչական ռեսուրսների օգտագործման բացակայությունն է:

Իհարկե, այդ 42.5 տոկոսի մեջ կլինեն քաղաքացիներ, որոնց մասնակցությունը ընտրություններին նախկինում խթանվել է ընտրակաշառքի միջոցով, սակայն, չժխտելով նրանց գոյությունը՝ սխալ է պնդել\կարծել, որ 42,5 տոկոսի՝ ընտրություններին չմասնակցելու հիմնական և ամենաազդեցիկ  պատճառը հենց դա է: Իսկ պարզելու համար, թե չմասնակցածների  որ մասն են կազմում  այդ մոտիվով առաջնորդված քաղաքացիները, հարկ կլինի կատարել լրացուցիչ հետազոտություններ, որոնց  արդյունքում գուցեև պարզվի, որ ընտրակաշառքի բացակայությունը չմասնակցության վրա ազդող գլխավոր գործոնը չէ:

  Էդուարդ Աղաջանյանի պնդման մեջ խնդրահարույց է նաև այն հատվածը, երբ վերջինս, հիմնվելով անձնական դիտարկումների վրա, նշում է, որ նախկինում ընտրություններից հիասթափված հազարավոր քաղաքացիներ այս տարի առաջին անգամ մասնակցել են ընտրություններին։  Անձնական դիտարկումների վրա հիմնված պնդումներում տեղին չէ թվերի լեզվով խոսել, քանի որ տվյալ դեպքում հայտնի չէ՝ այդ քաղաքացիները մի քանի հազա՞ր են, մի քանի հարյու՞ր, թե՞ տասնյակ։

Այսպիսով, Դետեկտորը  գտնում է, որ վերոնշյալ քաղաքական գործիչները պարզեցնում են ընտրություններին մասնակցության ցուցանիշի մասին դիսկուրսը՝ փորձելով  օգտագործել այն որպես սեփական քաղաքական կշիռը ցույց տալու միջոց: Ընտրությունների մասնակցության մասին իրենց դատողություններում քաղաքական ուժերի ներկայացուցիչները օգտագործում են ոչ ճշգրիտ թվեր, կամ ճշգրիտ թվեր՝ սխալ մեկնաբանություններով, ինչն, անշուշտ, գիտակցված մանիպուլյացիոն հնարքի կիրառում է նրանց կողմից: Պարզեցված դիսկուրսի հետևանքով ունենում ենք պարզեցված իրականություն՝ լի բազմաթիվ լռեցված խնդիրներով:    

Հեղինակ՝ Զարուհի Սիմոնյան

27-12-2018